ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաներն ընդլայնում են իրենց մասշտաբները: Երեկ Մեծամորի ատոմակայանի մի քանի հարյուր աշխատակիցներ են բողոքի ցույց անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց: Շուրջ 700 աշխատակիցներ իրենց մտահոգություններով նամակ են հանձնել օմբուդսմենին: Ատոմակայանի արտադրամասի հերթափոխի պետ Գարիկ Զաքարյանը երեկ հայտարարել է, որ ի տարբերություն մետրոպոլիտենի աշխատակիցների, որոնց հեռացրին աշխատանքից՝ պայքարելու համար, ատոմակայանի աշխատակիցներին աշխատանքից ազատելով չեն կարող վախեցնել: Նրա խոսքով` ատոմակայանի աշխատակիցները վճռական են իրենց գործողություններում, բայց միեւնույն ժամանակ գիտակցում են, որ աէկ-ը հանրապետության հիմնական եւ ամենաէժան էներգիա արտադրող կառույցն է: «Ինչ էլ որ լինի, ատոմակայանն աշխատելու է եւ աշխատելու է անվտանգ: Սա մենք լավ ենք գիտակցում, ավելի լավ, քան մեր երկրի ղեկավարները,-հայտարարել է նա՝ զգուշացնելով, որ մեր իշխանությունները պետք է գիտակցեն, որ սթափվելու, կանգ առնելու ժամանակն է,-եթե իրենք կարծում են, որ «զադնի» չունեն, թող իմանան, որ մենք ոչ միայն «զադնի» չունենք, այլեւ «ստոպ կռան» չունենք»:
Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթներում ուշագրավ բացահայտումներ է անում: Եթե քաղաքաշինության նախարարությունում նա խոստովանել էր, թե իր իշխանությունը քաղաքական դաշտում մնացել է մենակ, քանի որ խորհրդարանական չորս ուժերը, արտախորհրդարանական կուսակցությունները, տասնյակ քաղաքական գործիչներ ու լրատվամիջոցներ «առավոտից մինչեւ կեսգիշեր ցեխ են շպրտում ու սեւացնում», եւ որ իրենց անհրաժեշտ է հասարակական աջակցություն, ապա ԵԿՄ համագումարում նա ավելի է զարգացրել միտքը: Խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին՝ նա բառացիորեն հայտարարել է. «Անպայման անելու ենք… թեեւ գիտեմ, որ այսօր հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից»: Այսպիսով` թեեւ մի կողմից Սերժ Սարգսյանը խոստովանում է երկրում առկա իրավիճակը, որ իր իշխանությունը հասարակական աջակցություն չունի, բայց մյուս կողմից բարձրաձայնում է, որ ինքն արհամարհում է նրանց: Երկու դեպքում էլ, համաձայնե՛ք, նախագահին հարիր պահվածք չէ:
Երեկ տեղեկություն էր հրապարակվել, թե դաշտային հրամանատարների ռազմական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ «Սասուն» ջոկատի հրամանատար, աշխատանքային խմբի անդամ Սասուն Միքայելյանն առաջարկել է ազատամարտիկներին չմասնակցել մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին: Նույն խմբի անդամ Լեւոն Ետարյանը, որը ներկա է եղել այդ նիստին, «Ժողովուրդ»-ին բացատրեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել. «Մեր պայմանավորվածության համաձայն՝ այս միավորումը պետք է լինի ապաքաղաքական: Այս պայմանավորվածությունը եղել է առաջին օրվանից: Միքայելյանն ասաց, որ եթե մենք չունենք ստեղծված միավոր ո՛չ իրավաբանորեն, ո՛չ էլ փաստացի, ի՞նչ հայտարարության մասին է խոսքը, ո՞ւմ անունից դա պետք է արվի: Դեռ միավորումը չկայացած՝ արդեն քաղաքականացնում եք: Սա է եղել, մնացածը հեքիաթներ են»: Ըստ մեր զրուցակցի՝ Ս. Միքայելյանն առաջարկել է միավորման համար նախագահ չընտրել, ունենալ խորհուրդ կամ աշխատանքային խումբ, որը կղեկավարի համախմբված ազատամարտիկներին:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության այս տարվա գնումների պլանը բավական հարուստ է: Պարզվում է` այս նախարարությունը 2014թ. գնելու է միանգամից 1000 հատ պետհամարանիշ` այդ նպատակով ծախսելով 3.5 մլն դրամ: 1.3 մլն դրամ էլ ԳՆ-ն ծախսելու է ավտոմեքենաների անիվներ կամ այլ պարագաներ գնելու համար, իսկ 900 հազար դրամի էլ ավտոմեքենաներ կվերանորոգեն: Թե ինչու է նախարարությունը որոշել այդքան շատ համարանիշ գնել, մնում է միայն ենթադրել: Համենայնդեպս, միանգամից 1000 հատ պետհամարանիշ գնելը, այնուամենայնիվ, անհասկանալի է: Արդյո՞ք գյուղատնտեսության նախարարության մեքենաները մինչեւ հիմա առանց համարների են, հազիվ թե:
ԿՈՒՏԱԿԱՅԻՆԻ ԶՈՀԸ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը երեկ ազատվել է աշխատանքից: Նա լրատվամիջոցներին վստահեցրել է, թե ազատվել է համաձայն իր դիմումի, քանի որ լրացել էր իր թոշակի անցնելու տարիքը: Նշենք, որ Կամո Հովհաննիսյանը 69 տարեկան է, իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, կենսաթոշակային տարիքը լրանում է 65 տարեկանում: Ասել է թե` Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով պետք է որ աշխատանքից ազատվելու դիմում գրեր դեռեւս չորս տարի առաջ: Սակայն նա 65-ը լրանալուց հետո չէր հրաժարվել իր պաշտոնից` օրենքը չխախտելու համար թատրոնը տնօրինելով ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով:
Հետեւաբար ո՞րն էր պատճառը, որ Օպերայի երկարամյա տնօրենը (նա շուրջ 15 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը) հենց հիմա որոշեց ազատվել աշխատանքից: «Հիմա 69 տարեկան եմ, իսկ թատրոնում ծանրաբեռնվածությունը շատ է, էլ չէի կարողանում»,-լրատվամիջոցներին պատճառաբանել է Հովհաննիսյանը` միեւնույն ժամանակ ընդգծելով, որ առողջական խնդիրներ չունի:
Կամո Հովհաննիսյանի պաշտոնանկությունը դժվար է չզուգադրել վերջերս Օպերայի եւ բալետի թատրոնի արտիստների ընդվզման հետ: Ինչպես հայտնի է, «Անուշ» օպերայի անձնակազմն օրերս հրաժարվել էր բեմ դուրս գալ` բողոքելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Հաջորդող օրերին օպերայի արտիստների վրա զանազան խողովակներով տարաբնույթ ճնշումներ բանեցվեցին, ինչի արդյունքում բողոքի ալիքը կարծես թե մարեց: Սակայն իշխանության համար այդ ամենից տհաճ նստվածքը մնաց, ինչպես հայտնի անեկդոտում, եւ հետաքրքիր զուգադիպությամբ դրանից օրեր անց թատրոնի տնօրենը հիշեց (բնականաբար հիշեցրին), որ իր թոշակի գնալու տարիքը վաղուց անցել է:
Կ. Հովհաննիսյանը, իհարկե, գործազուրկ չի մնա, ավելին` արդեն չէ. նա ազատման իսկ օրը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական: Բայց դե` խորհրդականը մի բան է, Օպերայի տնօրենը` այլ: Եվ պատահական չէ, որ պարոն Հովհաննիսյանին շատ է վրդովեցրել հարցն այն մասին, թե ով կնշանակվի իր փոխարեն: «Ո՞նց կարող է էս մասին էսօր խոսանք: Էս ի՞նչ հարց եք տալիս»,-ասել է նախկին տնօրենը, որի համար, փաստորեն, իր պաշտոնում որեւէ մեկին տեսնելու միտքն արդեն ցավ է պատճառում: Հետեւաբար սեփական դիմումի մասին հավաստիացումներն այդքան էլ հավատարժան չեն թվում:
Ի դեպ, վերջին օրերին համառորեն լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Օպերայի նոր տնօրենի պաշտոնում նշանակվելու է ոչ այլ ոք, քան ինքը` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` նախարարական աթոռը լքելուց հետո, բնականաբար: Այդպես է արդյոք, թե ոչ` կերեւա առաջիկայում: Իսկ առայժմ հստակ է մեկ բան. ով էլ որ լինի Օպերայի նոր տնօրենը, ամեն բան կանի` թույլ չտալու համար կոլեկտիվի ընդվզման նոր փորձեր: