ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՆ
ՀՀ առողջապահության ոլորտում առկա խնդիրների մասին «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղարկել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, որոնց, սակայն, պատասխանել է ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:
Նկատենք, որ երկար ժամանակ է, ինչ մենք փորձում ենք նախարարից պարզաբանումներ ստանալ ոլորտում առկա խնդիրների շուրջ, սակայն Դումանյանը խուսափում է՝ հորդորելով գրավոր ձեւակերպել հարցերը եւ ուղարկել: Ստորեւ ներկայացնում ենք որոշ հարցեր եւ դրանց պատասխանները:
– 2014 թվականի հունվարի 1-ին երաժիշտ Արթուր Լոռեցյանի երեխայի կյանքը հրաշքով էր հաջողվել փրկել, սակայն վերջինս բժիշկների անգործության մասով հանդիպում էր պահանջել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից, արդարադատության նախարարից, նաեւ նախարար Դումանյանից՝ որպես ոլորտի պատասխանատու: Մարդկանց մոտ դանակը ոսկորին է հասել, ինչպե՞ս կբացատրեք ստեղծված իրավիճակը:
-Դեպքն ի սկզբանե գտնվել է առողջապահության նախարարության ուշադրության ներքո: Երեխայի հոր կողմից բարձրացված հարցերի պարզաբանման նպատակով նրա հայրիկի հետ հանդիպել են Մխ. Հերացու անվան բժշկական համալսարանի պրոռեկտոր Ա. Մինասյանը եւ «Հերացի» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Կ. Սահակյանը: Բացահայտվել են թերություններ, որի արդյունքում ընդունարանի եւ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչներին հայտարարվել է նկատողություն, իսկ տվյալ օրվա հերթապահ բուժանձնակազմին՝ խիստ նկատողություն: Հարկ ենք համարում նշել, որ Երեւանի Մխ. Հերացու անվան բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրը չի իրականացնում երեխաների բուժօգնություն, ուստի չունի համապատասխան բաժանմունք եւ բուժանձնակազմ, այնուամենայնիվ, նման դեպքերը բացառելու նպատակով բուժհաստատության ընդունարանի բուժանձնակազմի համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ` երեխաներին մատուցվող անհետաձգելի բուժօգնության հմտությունների բարելավման ուղղությամբ:
-Սա միակ դեպքը չէ, եթե երաժիշտը քաղաքակիրթ ճանապարհով է ցանկացել լուծել հարցը, ապա հասարակության մեջ այնքան է նվազել բժիշկների նկատմամբ վստահությունը, որ նրանց մի մասը ծեծի է ենթարկում բժիշկներին: Ըստ Ձեզ՝ ինչի՞ հետեւանք է սա:
-Ձեր կողմից ներկայացված միտքը, որը «հասարակության մեջ այնքան է նվազել բժիշկների նկատմամբ վստահությունը, որ նրանց ծեծի են ենթարկում», չի կարող նման բացասական վերաբերմունքի առիթ հանդիսանալ եւ չի արդարացվում օրենքով եւ բարոյականության սահմաններով: Ծեծի առաջին դեպքն արձանագրվել է Գյումրիի շտապօգնության բժշկի նկատմամբ 2012թ.: Վաստակաշատ բժիշկը մահացավ, իսկ մեղավորը մինչ օրս իր պատիժն է կրում ազատազրկման վայրում: Բոլոր դեպքերում բժշկին ծեծի ենթարկած անձինք եղել են հոգեկան ոչ ադեկվատ վիճակում: Բռնության կիրառումը՝ վստահության պակասի մոտիվացիայով, կարող է կիրառվել ցանկացած մասնագետի, այդ թվում` ուսուցչի, ոստիկանի, լրագրողի հավաքարարի, տաքսու վարորրդի, անգամ սեփական ծնողների եւ այլոց նկատմամբ, որը քրեորեն հետապնդելի է: Այնուհանդերձ, եթե անգամ ինչ-որ դեպքերում բուժաշխատողների կողմից թերացում է արձանագրվում, գոյություն ունեն դրան համարժեք արձագանքելու քաղաքակիրթ մեթոդները, այդ թվում քրեական պատասխանատվության կանչելը: Կարծում ենք, որ Դուք՝ որպես լրագրող, պետք է համակարծիք լինեք, որ բռնությունը, ծեծը հարցերի կարգավորման ամենասխալ եւ քրեորեն պատժելի տեսակն է:
-Իսկ ի՞նչ կասեք այն մասին, երբ բժիշկների անպատասխանատու քայլի հետեւանքով պատվաստումից երեխաներ են մահացել: Նրանց հարազատները հայտարարել են, որ երեխաներին առանց ստուգելու են պատվաստել, ինչն էլ եղել է մահվան պատճառ: Փորձե՞լ եք հասկանալ, թե ինչ է կատարվում:
-Հայտնում ենք, որ նշված դեպքերը բազմակողմանի քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարությունում ոլորտի մասնագետների մասնակցությամբ: Պատվաստումը կարող է մահվան պատճառ համարվել, եթե պատվաստումից անմիջապես հետո կամ մինչեւ 4 ժամվա գերազանցապես առաջին 30 րոպեի ընթացքում երեխայի մոտ զարգանում է անաֆիլակտիկ շոկ պատվաստանյութի որեւէ բաղադրիչի նկատմամբ: Նշված դեպքերում երեխաների մոտ մահը գրանցվել է ավելի ուշ, ինչը թույլ չի տալիս այն անմիջականորեն կապել պատվաստման հետ: Մահվան դեպքերից մեկը դեռեւս փորձաքննության ընթացքում է: Մյուս դեպքում երեխայի մահվան պատճառ է հանդիսացել սուր սկզբով թոքաբորբի զարգացումը, որը համընկել է պատվաստման 7-8-րդ օրվան, իսկ ապացուցողական բժշկության տվյալներով բացառվում է պատվաստման եւ թոքաբորբի առաջացման միջեւ պատճառահետեւանքային կապը:
-Այս իրավիճակի համար նախարարի մեղքի բաժինը չկա՞: Խնդրում եմ թվարկել, թե որտեղ են եղել ձեր թերացումները, եթե այդպիսիք կան:
-ՀՀ ԱՆ վարած քաղաքականությունը բացառապես բխում է բնակչության շահերից, եւ յուրաքանչյուր բացթողում, թերացում ուսումնասիրվում է ու ստանում լուծում: Նախարարության ամենօրյա աշխատանքի հիմքում ընկած է որակյալ, արդյունավետ եւ մատչելի բուժօգնության տրամադրումն ու անվտանգ դեղերով ապահովումը: Այդ աշխատանքի գնահատողը ՀՀ քաղաքացին է:
Հ.Գ. Նշենք, որ դեռեւս 2013թ. նոյեմբերի 28-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում պատվաստումից մահացել էր 2 ամսական եւ 10 օրական Մանուշակ Մարկոսյանը: Մահվան հետ կապված նշանակված փորձաքննությունները ցույց են տվել, թե երեխան մահացել է սուր թոքաբորբից, եւ բժիշկը մեղավոր չէ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց երեխայի տատիկը` Մանուշակը՝ հավելելով, որ չի լռելու եւ պայքարելու է, որ իր թոռնիկի մահվան մեղավորները պատժվեն. «Ես գալու եմ Երեւան եւ պահանջելու եմ արդարություն: Մի՞թե բժշկուհին պատվաստումից առաջ չպետք է ստուգի, տեսնի՝ երեխան հիվանդ է, թե ոչ: Բժշկուհի Մարինա Աղամալյանը, առանց բուժզննելու, երեխային պատվաստել է»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՇՈՒՏՈՎ
Տեւական ժամանակ է, ինչ սնանկ ճանաչված «Տոնուս» շինարարական ընկերության կողմից խաբված քաղաքացիները բողոքի ակցիաներ չեն անցկացնում: Հիշեցնենք, որ Դավթաշենի երկրորդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի ավելի քան 160 բնակարանատերեր հայց էին ներկայացրել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Տոնուս» ՍՊԸ-ի, որն էլ պատկանում է նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին: «Ժողովուրդ»-ը տուժած քաղաքացի Զոյա Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ինչն է այսքան երկար լռելու պատճառը: «Մարտի 10-ին դատարանում այս գործով կկայացվի վերջնական վճիռը: Մեզ համար այն ճակատագրական է լինելու: Կա՛մ պատերազմ է լինելու կա՛մ էլ խաղաղություն: Դրանից հետո սկսելու ենք ավելի ակտիվ պայքարել»,-տեղեկացրեց քաղաքացին:
ԿԲԱՐԵԼԱՎՎԵ՞Ն
ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում հավանություն է տալու Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014-ի միջոցառումների ծրագրին: Նշենք, որ այս որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ կառավարության 2013-ի գործունեության միջոցառումների ծրագրով, ինչպես նաեւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով ընդգծվել է գործարար միջավայրի հրատապ բարելավման անհրաժեշտությունը, որի համար պետք է իրականացնել արագ բարեփոխումներ: Իրականացվող բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն Հայաստանի գլոբալ մրցունակությունը եւ արդյունքում բարելավեն Հայաստանի դիրքը Հայաստանը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման մեջ: Այս նախագծի նպատակն է նաեւ մի շարք միջոցառումների հաստատումը, որոնք կնպաստեն բիզնես սկսելու, զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր եւ միջին ձեռնարկությունների արագորեն աճի խթանմանը, արտաքին առեւտրի խթանմանը, հարկային եւ մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը եւ այլն:
ԲԼԹ
«Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ երկկողմ, մասնավորապես տնտեսության եւ անվտանգության ոլորտներում հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում»:
Արթուր Բաղդասարյան News.am
Հետաքրքիր է՝ ի՞նչ է ընդհանրապես արել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը երկրի տնտեսական անվտանգության համար, որ այսօր չինական կողմի հետ այդ մասին է խոսում: Ցանկալի կլիներ, որ Ա. Բաղդասարյանը մատնանշեր իր կողմից կատարված գոնե մեկ քայլ այդ ուղղությամբ, որպեսզի հասկանայինք, որ այս հանդիպումները պետական, այլ ոչ թե բիզնես շահեր են հետապնդում, հատկապես որ Ա. Բաղդասարյանն իր հանդիպումների ժամանակ սովորաբար սիրում է խոսել նոր համատեղ բիզնես ծրագրերից՝ հավանաբար մտահոգված լինելով իրեն պատկանող «Հայասի» կոնյակի վաճառքով:
«Կորցնելու բան չունի՞ ինքը, զատո մենակ ինքը կորցնելու բան ունի, էլ ո՞վ ունի որ… Ես լուրջ հետեւություններ չեմ անում, որովհետեւ իրենք էլ լուրջ չեն տրամադրված»:
Աշոտ Աղաբաբյան 168.am
Մի կողմից Բուռնաշ մականունով ՀՀԿ-ական գործարար-պատգամավորը ճիշտ է, որ Գագիկ Ծառուկյանն այդքան էլ լուրջ տրամադրված չէ, քանի որ օլիգարխը շատ լավ կարող է հասկանալ օլիգարխի հոգեբանությունը եւ գիտակցել, որ այդ տեսակը երբեք բացահայտ դուրս չի գա իշխանությունների դեմ, որովհետեւ առաջնայինը այդ տեսակի համար բիզնես շահն է: Մյուս կողմից էլ գործարարը մոռանում է «օլիգարխային համերաշխության» մասին եւ արդեն սկսում մեղադրել անլրջության մեջ: Այստեղ էլ արդեն ոչ թե բիզնես, այլ կուսակցական շահն է խոսում, որը հաճախ առավել բարձր է դասվում եւ մարդկանց թելադրում՝ ինչ խոսել:
«Ցանկանում եմ հայտարարել, որ քաղաքականությունում ո՛չ ես կամ, ո՛չ էլ իմ կողմից ղեկավարվող ընկերությունը չկանք: Մենք… միայն տեխնիկական խնդիր ենք կատարում»:
Վարդան Հարությունյան News.am
Դե իհարկե, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն որեւէ կուսակցության հետ կապված չէ եւ երբեւէ չի էլ եղել, մենք էլ, ըստ ընկերության գլխավոր տնօրենի, հավանաբար հիշողության հետ լուրջ խնդիրներ ունենք եւ չենք հիշում, որ, օրինակ, 2010թ. Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ թեկնածու դարձավ «Հայռուսգազարդ»-ի ղեկավար Կարեն Կարապետյանը, եւ ոչ միայն դարձավ, այլեւ ընտրվեց: Նաեւ չենք հիշում հատկապես վերջին շրջանում «ապաքաղաքական» «Հայռուսգազարդ»-ի եւ ՀՀԿ-ի կարծես թե համաձայնեցված գործունեությունը, թե ինչպես են նրանք հաջողությամբ գործում ի շահ իրենց եւ ի վնաս ժողովրդի:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ