ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԶԱՊԱՌՈԺԵՑ»-Ի ՊԱՏՃԱՌՈՎ` 5000-Ի ՏՈՒԳԱՆՔ

Տարիներ առաջ իրենց վաճառած մեքենաների ապահովագրական վճարները չվճարելու համար այսօր հարյուրավոր վարորդներ հայտնվել են անելանելի վիճակում: Այն քաղաքացիների մեքենաները, որոնք անգամ տասնյակ տարիներ առաջ են վաճառվել, որպես խոտան են, կամ էլ լիազորագրով հիմա ստանում են տուգանքների ակտեր:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2014թ. հունվարի 1-ից ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տեւում է ավելի քան տասն օր, առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար 5000 ՀՀ դրամ: Ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվություն կիրառվելու է պետական գրանցման եւ պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվության միջոցով:
Օրենսդրական փոփոխության արդյունքում անելանելի վիճակում հայտնված Սարգիս Մաճկալյանն իր «Վազ 2105» մակնիշի մեքենան վաճառել է դեռեւս 1998-ին. «98-ին մեքենաս վաճառել եմ եւ դրանից հետո ոչ մի տեղեկություն չունեմ: Բայց տարօրինակն այն է, որ արդեն 18 տարի է, ինչ Երեւանի գրանցում չունեմ: Չեմ էլ ապրում հին հասցեում` Էրեբունի վարչական շրջանում: Բայց արի՛ ու տե՛ս, որ տուգանքի ակտը հենց հին հասցեով է եկել: Ինչի՞ հիման վրա: Եթե տասն օրվա մեջ ԱՊՊԱ չանեմ, ապա նորից կտուգանվեմ: Չկան հին փաստաթղթերը, կորել են: Առայժմ մի տուգանք է եկել, բայց եթե այս հարցը չլուծվի, ես չգիտեմ, թե ինչ եմ անելու: Չեմ հասկանում, ստիպված եմ լինելու ողջ տարին՝ տասն օրը մեկ, 5000 դրա՞մ վճարել: Չգիտեմ, թե որտեղ է այդ մեքենան: Գնացի ՃՈ, այնտեղից խորհուրդ տվեցին դիմել նոտարական գրասենյակ, որտեղից պատասխանեցին, թե պետք է մեքենայի առքուվաճառքի կոնկրետ օրն ու թվականն ասեմ, որ փնտրեն, հետո էլ, թե` գուցե եւ չգտնենք»:
Մեկ այլ վարորդ` Ռաֆիկ Պետրոսյանը, մոտ 20-30 տարի առաջ է իր «Զապառոժեց» մակնիշի մեքենան վաճառել: Նա նույնպես ստացել է տուգանքի ծանուցումը. «Աղջի՛կ ջան, իմ մեքենան ես իմ նշանդրեքի օրն եմ վաճառել, ի՞նչ իմանամ, թե որտեղ է այն հիմա: Պետք է սպասենք, տեսնենք, թե ինչ կլինի: Բայց այս տուգանքը չեմ վճարել, իսկ ինչո՞ւ պետք է վճարեմ, չեմ վճարելու: Հայտնվել ենք անելանելի դրության մեջ»:
«Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այս խառնաշփոթ վիճակը վերացնելու եւ չապահովագրած մեքենաները հայտնաբերելու համար երեք տարբերակ է առաջարկում. «Առաջին` դիմել Հայաստանի ապահովագրողների բյուրո եւ հարցում իրականացնել` մեքենան որեւէ տեղ ապահովագրվել է, թե ոչ, բացահայտել եւ գտնել տիրոջը, երկրորդ` ՃՈ-ի քննչական-հաշվառման բաժանմունքներում հետաքրքրվել՝ մեքենան տարիների ընթացքում հաշվառման դրվել է, թե ոչ: Եվ երրորդ` ՃՈ աշխատակիցներն այս ընթացքում տուգանել են, թե ոչ: Եթե այս երեք տարբերակները ոչ մի կերպ չեն կարողանա բացահայտել, թե որտեղ է մեքենան, սեփականատերը, ուրեմն պետք է ՃՈ, ապահովագրական կազմակերպությունների, ապահովագրողների բյուրոյի համատեղ ջանքերով ստեղծել նոր բազա, որտեղ բոլոր հին մեքենաները հնարավորություն կունենան տարանջատվել»:
Տ. Հովհաննիսյանը կոչ է անում քաղաքացիներին չտուգանել, այլ նախնական մեկ այլ տարբերակ մշակել, որը չի հարվածի քաղաքացու գրպանին. «Մի հնար է պետք գտնել, բայց ոչ մարդկանց տուգանել: Թե չէ ինչպե՞ս կարող են խեղճերը տասն օրը մեկ 5000 դրամի չափով տուգանք վճարել: Իսկ ապահովագրող ընկերությունները տարվա մեջ միայն 100 հազար դրամի չափով հնարավորություն ունեն տուգանել: Ինչի՞ համար»:
Սակայն ՀՀ ՃՈ-ից խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ին փոխանցեցին հետեւյալը. «Այն քաղաքացիները, որոնք իրենց մեքենաներն օտարել են ոչ պատշաճ ձեւով եւ այսօր ճանապարհային ոստիկանությանը մեղադրում են, որ իրենց տուգանում են, պետք է գտնեն այն մարդկանց, ում օտարել են այդ տրանսպորտային միջոցները, եւ փորձեն իրենց կատարած գործարքներն օրինականացնել, ձեւակերպումները հստակեցնել»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

 

ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

 

ՊԼՅՈՒՇՉԵՆԿՈՅԻՆ ԿԱՇԱՌԵ՞Լ ԵՆ

Գեղասահքի օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն, ով վնասվածքի պատճառով հրաժարվեց մասնակցել Սոչիի օլիմպիական խաղերի տղամարդկանց անհատական մրցաշարին, հայտարարել է, որ Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան իր վրա ճնշում չի գործադրել եւ չի ստիպել ելույթ ունենալ: Մինչդեռ մամուլում շրջանառվում էին նրա հարցազրույցից մեջբերված խոսքերն այն մասին, թե թիմային մրցումներից առաջ ինքը խնդրել է փոխարինող գտնել, բայց իրեն պարզապես ստիպել են սահադաշտ դուրս գալ: Գեղասահորդն ամեն ինչ հերքում է՝ նշելով, որ խնդիրն իր անգլերենի վատ իմացությունն է, որի պատճառով, հնարավոր է, իրեն այնքան էլ լավ չեն հասկացել:
Իսկ ահա ՌԼԴԿ-ի ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին չի բացառում, որ ճապոնացիները Պլյուշչենկոյին պարզապես կաշառել են. «Ճապոնացիները դա շատ են սիրում, նրանք հաճույքով կվճարեն»։ Նա իր կարծիքը հիմնավորում է նրանով, որ հենց ճապոնացի գեղասահորդն է դարձել օլիմպիական խաղերի հաղթող։ Ըստ Ժիրինովսկու՝ ճապոնացիները ռուս մարզիկին առաջարկել են հրաժարվել մասնակցությունից այն ժամանակ, երբ նրան արդեն հնարավոր չէր փոխարինել մեկ այլ ռուս գեղասահորդով. «Եվ այդպես Յուձուրու Հանյուն դարձավ օլիմպիական չեմպիոն»։

 

ՄԵՐ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ԿՈՒԺԵՂԱՑՎԵ՞Ն 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, իհարկե, բարձր արդյունքների չի հասել, սակայն, ամեն դեպքում, հաղթել է ուժեղ հավաքականների։ Ու պատահական չէ, որ այսօրվա դրությամբ Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է իր համար ռեկորդային՝ 30-րդ հորիզոնականը։ Սակայն մեր ակումբների վիճակը, մեղմ ասած, անմխիթար է։ Դա զգացվում է հատկապես եվրագավաթների խաղարկության ժամանակ, երբ, չնչին բացառություններով, հայկական թիմերը լքում են ասպարեզը հենց առաջին փուլից հետո։
Այդ մասին գիտեն թե՛ հայաստանցի, թե՛ սփյուռքահայ մասնագետներն ու ֆուտբոլասերները։ Եվ ահա, ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, Արգենտինայի ֆուտբոլի Պրիմերա Բ-ում հանդես եկող «Դեպորտիվո Արմենիո» ակումբի նախագահ Նորայ Նակիսը ցանկանում է եվրագավաթների մեկնարկից առաջ արգենտինացի մի քանի ֆուտբոլիստներով ուժեղացնել հայկական ակումբների կազմերը: Եվ մտադիր է ամռանը մի քանի արգենտինացի խաղացողների հետ Երեւան ժամանել։ Նա նաեւ հետեւում է Հարավային Ամերիկայում ելույթ ունեցող հայ ֆուտբոլիստներին։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Նակիսը Հարավային Ամերիկայում մարզիչ էր փնտրում Հայաստանի հավաքականի համար: «Ես բանակցել եմ բազմաթիվ մասնագետների հետ, սակայն տարբեր պատճառներով նրանցից ոչ ոք չգլխավորեց Հայաստանի հավաքականը: Ոմանք շատ գումար էին պահանջում, ոմանք համաձայն էին նաեւ ՀՖՖ-ի առաջարկած պայմաններին, սակայն Հայաստանից վերջնական պատասխան չստացվեց: Ներկայումս այդ հարցով չեմ զբաղվում»,-ասել է նա:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

 

 
ՄԱՐԶԵՐ

 

ԱՆԱՐԳԵԼ ԱՅՐՈՒՄ ԵՆ

Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի գյուղատնտես Արա Հարությունյանը մտահոգված է, որ մարզի գյուղացիները աշնանը, տերեւները հավաքելով, այրում են, ինչը վնասակար է շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության համար: Տերեւների այրումը առաջացնում է շնչառական խնդիրներ, երբեմն էլ հրդեհների պատճառ դառնում: Տերեւների այրումից առաջացած ծուխը գրգռում է մարդկանց աչքերը, քիթը եւ կոկորդը: Այն շատ վատ է անդրադառնում երեխաների եւ ծերերի, ասթմայով կամ թոքային այլ հիվանդություններով տառապող անձանց վրա: Տերեւների այրումից առաջացած ծխի մեջ կա ածխաթթու գազ, որը հատկապես վնասակար է ալերգիա կամ սրտային հիվանդություններ ունեցողների համար: Տերեւների այրումից գոյացող մյուս քիմիական նյութը բենզապիրենն է: Այն նպաստում է թոքերի քաղցկեղի առաջացմանը: Արա Հարությունյանն ասաց, որ ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 85.1 հոդվածը սահմանում է, որ տերեւաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում այրելու համար նախատեսվում է նախազգուշացում կամ տուգանք 50 հազար դրամի չափով: Սակայն, փաստորեն, օրենքը մնում է թղթի վրա եւ բացարձակապես չի կիրառվում: Գյուղատնտես Ա. Հարությունյանը գյուղացիներին առաջարկում է թափված տերեւներն այրելու փոխարեն դրանցից բնական պարարտանյութ՝ կոմպոստ պատրաստել:

 

ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՐՈՂԻ

Ադրբեջանցի երիտասարդ գրող Սեյմուր Բայջանի «Գուգարք» գիրքն արժանացել է Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի նախագահ, նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանի խիստ քննադատությանը: Բեգլարյանը գրքի ռուսերեն թարգմանությունն ընթերցելուց հետո «Ժողովուրդ»-ի թղթակցին ասաց. «Բայջանը իր 344 էջանոց գրքում (գրքի վաճառքի գինը՝ 5 մանաթ) գնին համապատասխան բազմաթիվ էժանագին, սուտ ու զրպարտչական բլբլոցների հետ գրում է նաեւ, որ անցյալ դարի սկզբում մուսուլմանները կտրել են գերի ընկած հայ գեներալ Անդրանիկի ականջը (էջ 87): Բարբաջանքն էլ պետք է սահման ունենա, մինչ այսօր էլ փոխաններդ լցնում եք Անդրանիկի անունը լսելիս եւ «պո՜յ-պո՜յ… ամա՜ն-ամա՜ն» ասելով ոչխարաբար ճողոպրում մեր ծաղկուն այգեստանները տափաստան դարձրած «վաթանով» մեկ…»: Նշենք, որ վերջերս Հայաստանի գրողների միության Տավուշի բաժանմունքի անդամ, Տավուշի մարզպետի խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը գիրք էր ձոնել ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաեւային: Չիբուխչյանի այդ քայլը քննադատվել էր շատերի, այդ թվում՝ Սամվել Բեգլարյանի կողմից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս