ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

 

Լուսանկարն արվել է Երեւանի Վարդանանց փողոցում

 

Փոքր-ինչ դժվար է պատկերացնել, թե այս ավտոմեքենան ինչ հանգամանքներում է հայտնվել մայրաքաղաքի կենտրոնում: Պարզ երեւում է, որ այն կայանել է կարմիր գծանշումներով կանգառում, եւ այս պարագայում մնում է կարծել, որ մեքենայի վարորդը, ընկնելով տույժերի ու տուգանքների մեջ, հրաժարվել է իր երկաթյա նժույգից:

 

 

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ունեմ մարդատար ավտոմեքենա, որը երկար ժամանակ է՝ չեմ վարում: Եվ գումար չեմ կարող հատկացնել ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար: Խնդրում եմ ասել՝ այս դեպքում, եթե ես ընդհանրապես չեմ օգտվում այդ մեքենայից, պարտավո՞ր եմ ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագիր:

Վահագն Կարապետյան (57 տարեկան, հողագործ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Կարապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի՝ Դուք պետք է կնքեք ԱՊՊԱ պայմանագիր: Եթե չեք վարում Ձեր ավտոմեքենան եւ չեք ցանկանում լրացուցիչ գումար ծախսել ԱՊՊԱ պայմանագրի ձեռքբերման համար, ապա պետք է ոստիկանության համապատասխան բաժանմունքում հաշվառումից հանեք այն: Հակառակ պարագայում 2011թ. հունվարի 1-ից կտուգանվեք յուրաքանչյուր 10 օրվա համար 5000 դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար ոչ ավելի, քան 50.000 դրամով:
«Ինշուրանս» ապահովագրական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, եթե մինչ այս Վ. Կարապետյանը հաշվառումից չի հանել իր մեքենան, ապա արդեն իսկ կանգնել է տույժի ենթարկվելու հեռանկարի առջեւ: Ուստի խորհուրդ ենք տալիս շտապ ներկայանալ համապատասխան բաժին՝ տուգանքի գումարը էլ ավելի չմեծացնելու համար:

 

 

ՀԱՐՑ. Աղջիկս 2009թ. գտնվել է մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: 2013թ. վերադարձել է աշխատանքի, բայց հիվանդության նպաստ հաշվարկելու կարիք է առաջացել: Նպաստի հաշվարկման ժամանակ 2009թ. բաժին ընկնող ամիսներին ստացված աշխատավարձին եւ դրան հավասարեցված վճարումներին նույնպե՞ս գումարվում են այդ ամիսների համար վճարված գործատուի սոցիալական ապահովության վճարները:

Լուիզա Վարդապետյան (54 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարության N144-Ն որոշման դրույթներով: Մասնավորապես 3) մասով նշվում է, որ 2013թ. հունվարի 1-ից հետո ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու (վճարելու) համար վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս որպես եկամուտ հաշառվում է հաշվարկային ժամանակահատվածի՝ 2012թ. ամիսների (կամ հաշվարկային ժամանակահատվածի ամիսների փոխարեն հաշվառվող՝ 2012թ. նախորդող ամիսների)՝ օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծության հանրագումարը: Տվյալ դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար 2012թ. ամիսներին նախորդող ամիսներ են հանդիսանում նաեւ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու՝ 2009թ. ամիսները, որոնց ավելացվում է նաեւ ՀՀ ԱՕ 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մեծությունը:
ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փոքր-ինչ խճճված պատասխանը շփոթմունքի մեջ է գցում: Բայց հուսանք, որ այն որոշ չափով կօգնի մեզ դիմած քաղաքացուն լուծել արձակուրդային խնդիրները:

 

 

 

ՀԱՐՑ. Առաջին կարգի հաշմանդամ եմ եւ ցանկանում եմ բացել ՍՊԸ: Արդյո՞ք ես կարող եմ հարկերից ազատվել, թե՞ ամբողջությամբ պետք է վճարեմ:

Սահակ Մակարյան (52 տարեկան, հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դիմումին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով նախատեսվել է 2014 թվականից իրականացնել փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության ծրագիր, որի իրականացման կարգը հաստատման փուլում է:
Ծրագրից օգտվելու նպատակով կարող եք դիմել ձեր բնակության վայրն սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոն:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դիմումում բարձրացված Ձեր հարցի պատասխանը կարող եք ստանալ՝ այցելելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Ձեր տարածքն սպասարկող հարկային տեսչություն:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական ծառայության գործակալության աշխատանքի խորհրդատվության եւ տեղեկատվության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամություն ունեցող անձանց մեծ մասի համար առաջնային խնդիրը աշխատանքի տեղավորվելն է: ՀՀ զբաղվածության պետական ծառայության տվյալների համաձայն՝ 2012թ. 170 հազար հաշվառված հաշմանդամներից 90 հազարն աշխատունակ տարիքի մարդիկ են, ովքեր որոշակի աշխատանքային հմտություններ ունեն, բայց գործազուրկ են: Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ Շիրակի մարզում հաշմանդամների թիվը 14.297 է, որից 1.258-ը մինչեւ 18 տարեկան երեխաներն են: Միայն Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված հաշմանդամների թիվն անցնում է 195-ից:




Լրահոս