ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՆԱԽԱՆՁԵԼԻ ԻՐԱՎԻՃԱԿ ՉԷ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում երեկ շարունակվել են ոստիկանության եւ ընդդիմության միջեւ բախումները. երեկվա դրությամբ կար 25 զոհ եւ 400 վիրավոր: Ընդ որում, զոհերից 7-ը եղել են ոստիկանության աշխատակիցներ: Ու չնայած տեղի ունեցող իրադարձություններին՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այդպես էլ արտակարգ դրություն չի հայտարարել: Ակնհայտ է, որ այս քայլին Յանուկովիչը չի գնում, քանի որ վախենում է ԵՄ-ից. եվրոպական երկրները, խռովությունները դեռ նոր սկսված, խստորեն զգուշացրել են` անգամ արտակարգ դրություն մտցնելը կդիտվի հանցագործություն` բոլոր հետեւանքներով հանդերձ, եւ դրա համար իշխանությունները պատասխան կտան: Վերջին արյունալի բախումներից հետո ԵՄ երկրները համաձայնության են եկել Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում: Սա, թերեւս, ուշագրավ է 2008թ. մարտի 1-ին Հայաստանում կատարված իրադարձությունների ֆոնին. այն ժամանակ եղավ 10 զոհ, այն էլ` կրակողն իշխանությունն էր: Արդյունքում` Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց արտակարգ դրություն: Ու եվրաչինովնիկներն այն ժամանակ այդպես էլ սուր չարձագանքեցին ՀՀ այդ օրերի իրավիճակին` լայն փակված աչքերով նայելով կատարվող իրադարձություններին:
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել է համակարգային փոփոխություններ կատարել: Հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, այս համակարգի ներդրման արդյունքում պաշտոնատար անձինք իրենց ունեցվածքի մասին փաստաթղթերը լրացնելիս այլեւս չեն կարողանալու գծիկներ դնել կամ անընթեռնելի ինչ-որ բաներ շարադրել՝ խուսափելով իրական տեղեկությունների տրամադրումից. «Այսուհետ էլեկտրոնային տարբերակով են մուտքագրվելու տվյալները, եւ այդ պահից սկսած՝ դուք կարող եք տեսնել»: Ըստ Ս. Սահակյանի՝ նախկինում իրենք փաստի առաջ են կանգնել. «Թղթեր լրացնելու ժամանակ կարող էին անընթեռնելի ձեռագրեր օգտագործվել, որոշ դաշտեր չնկատեին, գծիկ դնեին եւ այլն, այս համակարգը նման հնարավորություն չի տալու»:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը հունվարի 3-ին Բագրատաշենի մաքսային կետով էկոնոմիկայի նախարարության անունով Հայաստան ինչ-որ ապրանքներ է ներմուծել, որոնց վերաբերյալ սահմանված ժամկետում մաքսային հայտարարագիր չի ներկայացրել: Արդյունքում՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից ենթարկվել է տուգանքի՝ 50.000 դրամի չափով: Բայց սա միակ դեպքը չէ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նույն Տարասյանը նույն օրը եւս 5101 կգ քաշով խառը ապրանքներ է ներմուծել՝ դարձյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության անունով, որի համար նույնպես տուգանվել է 50.000 դրամով: Երբ փորձեցինք պարզել, թե ինչու է օրինախախտում թույլ տվել, Էմիլ Տարասյանը զարմացավ. «Առաջին անգամ եմ լսում: Եթե դա էկոնոմիկայի նախարարության անունով է, ապա նախարարությունը չի տեղեկացվել, որ ինչ-որ բան է իր անունով տեղափոխվել, եթե ինչ-որ գույք եկած լիներ, ապա ստորաբաժանումները կտեղեկացվեին»: 4-րդ էջում պաշտոնյայի տուգանքի փաստաթղթի պատճենն է:
ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) ներկրած հնդկական արտադրության դեղատեսակները ոչ միայն չեն օգնում, այլեւ, ընդհակառակը, ծանր վիճակում են դրել շաքարային դիաբետով շատ հիվանդների: ՀՀ պոլիկլինիկաներում անվճար տրամադրվող հնդկական դեղահաբերի անորակ լինելու հետեւանքով մեծ թվով մարդիկ դարձել են ինսուլինակախյալ, որոնց թիվը, ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների, ավելացել է 2000-ով: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ 2013թ. նոյեմբերի 14-ին շաքարային դիաբետով հիվանդների համաշխարհային օրվա առթիվ Մոսկվայի տանը կազմակերպված միջոցառմանը հավաքված բժիշկները նույնիսկ քննարկել են այս հարցը ու իրենց մտահոգությունն են հայտնել հնդկական դեղատեսակների վերաբերյալ: Պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին՝ ԱՆ-ից հերքեցին նշված միջոցառման ժամանակ նման հարցի քննարկումը` ավելացնելով, որ այդպիսի խնդիր Հայաստանում ուղղակի չկա:
ՉԻ ՆԵՐՎԵԼՈՒ
Երեկ լրացավ Գուրգեն Մարգարյանի եղերական սպանության տասներորդ տարելիցը: Ինչպես հայտնի է, Բուդապեշտում հայ սպային կացնահարած տականքը ազգային հերոսի կարգավիճակով վայելում է իր արյունոտ դափնիները: Իսկ Գուրգենի հարազատները արդեն հուսահատվել են արդարության վերականգնման համար պայքարում: Երեկ հայ սպայի հիշատակի միջոցառման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է. «Գուրգեն Մարգարյանի սպանությունը մեկանգամյա ցեղասպանություն է»: Քնած երիտասարդին միայն իր ազգային պատկանելության համար սպանելը ցեղասպանություն համարող ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, սակայն, բացի հուզական հայտարարություններից՝ Սաֆարովի արտահանձնումից հետո որեւէ գործնական, արդյունավետ քայլ չեն արել:
Մինչդեռ երբ հայտնի դարձավ ազերի ոճրագործի արտահանձնման մասին, Սերժ Սարգսյանը խրոխտ ձայնով հայտարարեց, թե ողջ հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը եւ անձամբ ինքը դա չեն ներելու: Այդ օրվանից անցել է ավելի քան մեկուկես տարի, եւ ի՞նչ է արվել. մեծ հաշվով` ոչինչ: Ընդամենը Գուրգեն Մարգարյանի շահերի իրավահաջորդները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը անցած մեկ տարվա ընթացքում դեռեւս չի էլ պատասխանել` արդյոք հայցն ընդունում է, թե ոչ: Ընդունելու դեպքում էլ, ինչպես երեկ նշեց Գուրգենի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը, գործընթացը կարող է ձգձգվել տարիներով:
Հետեւաբար, մարդասպան Սաֆարովին առնվազն մի քանի տարի ոչինչ չի սպառնում` ի հուսախաբություն նաեւ բոլոր այն ռոմանտիկների, որոնք հավատացել էին, թե Սերժ Սարգսյանը, ցուցադրաբար ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին «հատուկ հանձնարարություն» տալով, նկատի էր ունեցել Սաֆարովին ֆիզիկապես ոչնչացնելը:
Ընդհանրապես այդ մասին փորձ է արվում շատ չխոսել, սակայն անժխտելի է, որ այդ տականքի արտահանձնումը, ազատ արձակումն ու հերոսացումը մեծ խայտառակություն էր մեր ազգային արժանապատվության համար, որը, սակայն կարծես թե արդեն ամբողջովին մոռացվել է ՀՀ իշխանության կողմից: Որքան էլ ցավալի է դա արձանագրելը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ Սարգսյանն իր հոխորտանքներով ու էմոցիոնալ հայտարարություններով ընդամենը սեփական PR-ն արեց: Ինչը, ի դեպ, երկարաժամկետ կտրվածքում ունենալու է տասնապատիկ բացասական էֆեկտ: Ի վերջո, ոչ ոք չի մոռանալու, որ Սաֆարովի արտահանձնման համար հիմնական պատասխանատուն Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն են, որոնք ոչ միայն որեւէ քայլ չարեցին դա կանխելու համար, այլեւ հետագայում հետամուտ չեղան կատարվածը շտկելու գործին: Եվ պատմության ընթացքում հայ ժողովուրդը չի ներելու ոչ միայն ազերի տականքին, այլեւ այդ խայտառակությունը չներելու խոսք տված ու ոչինչ չարած ՀՀ նախագահին: