ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱԴՐԱ՞ՆՔ Է

Երեկ ՀՀ ֆինանսների նախարարությունը եւ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էին տարածել` հիշեցնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային վճարները հաշվարկելու եւ փոխանցելու պարտականություն: «Հիշեցնում ենք, որ կուտակային վճարները ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված 9 0000 804 70 20 հատուկ գանձապետական հաշվին: Հունվար ամսվա վճարման վերջնաժամկետն է փետրվարի 19-ը»,-ասված էր հայտարարությունում:

Չնայած այն բանին, որ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մինչեւ մարտի 28-ը չտուգանել նրանց, ովքեր չեն փոխանցելու պարտադիր կուտակային վճարները, վերը նշված գերատեսչություններն արդեն սկսել են պատժամիջոցների եւ վերջնաժամկետների մասին հայտարարություններ անել:
Երեկ այս թեմային անդրադարձել է նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը` հայտարարելով. «Այսօրվա դրությամբ, ճնշող մեծամասնությունը` գործատուների 99 տոկոսը, հաշվարկել է այդ գումարները եւ պահումներ է կատարել: Հարց է ծագում՝ եթե իրենք պահել են իրենց աշխատակիցների գումարները, չեն վճարել եւ չեն վճարելու այդ հաշվին, ապա ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ գործատուն իր աշխատակիցներից գումար է պահել եւ, կոպիտ ասած, այդ գումարների գծով տոկոս է աշխատում բանկերում, այն դեպքում, որ եթե դրանք փոխանցված լինեն, այդ գումարները կստանան արդեն աշխատակիցները: Այս առումով գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության»:
Նախարարը չի մեկնաբանել ՍԴ որոշումը, սակայն ընդգծել է. «Եթե գործատուն գանձել է, ըստ էության, ձեզնից, ինձնից, այլ աշխատողից այդ գումարը եւ պահել է իր հաշվին, իրավունք ունի՞ աշխատակիցը պահանջել իր կորցրած եկամուտները, թե՞ ոչ: Եվ արդյո՞ք գործատուն կրում է պատասխանատվություն իր աշխատակիցների առջեւ: Պատասխանն այստեղ միանշանակ է՝ այո՛, կրում է պատասխանատվություն: Եվ պետությունը՝ նաեւ որպես աշխատողների իրավունքների պաշտպան, հետեւողական է լինելու, որպեսզի գործատուները չպահեն աշխատողների գումարները, եւ իրենք չստանան դրանց տոկոսներն ու եկամուտները»:
Կառավարության դիրքորոշման եւ վերը նշված հայտարարության շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանի հետ:
-Նախքան գործի քննությունը ՍԴ-ն ներկայացրեց իր արձագանքը, կասեցրեց մի քանի հոդվածներ, այսինքն՝ սա մեր պայքարի ընթացքում հասած արդյունքներից մեկն է: Բայց երբ իրավիճակը փոխվեց, թե արդյոք պետք է, որ գործատուները հաշվարկեն, թե չհաշվարկեն, փոխանցեն գումարը, թե չփոխանցեն` ամբողջ պատասխանատվությունը կրում էին նշված լիազոր մարմինները՝ ՊԵԿ, ֆինանսների նախարարություն եւ կառավարություն: Սակայն համապատասխան մարմինները ոչ մի քայլ չարեցին, մատը մատին չխփեցին, որպեսզի ՍԴ-ի աշխատանքային որոշմանը պրակտիկ կիրառելիություն ապահովեն` ընդունելով համապատասխան իրավական ակտեր եւ իրականությունը համապատասխանեցնելով ՍԴ-ի որոշմանը: Իսկ այն հարցը, թե ֆինանսների նախարարությունը, ՊԵԿ-ը հայտարարություն, կոչ են անում ու հիշեցնում են, սա արդեն, կարծում եմ, լիազորությունների չարաշահում է, իրենք օգտագործում են իրենց դիրքերն ու պաշտոնները: Այդ կոչերը, հիշեցումները ընդհանրապես չեն համապատասխանում ՍԴ-ի ընդունած որոշմանը: ՍԴ-ի որոշումը իրավական պաշտպանությունից զրկել է այն հոդվածը, օրենքը, որը նախատեսում էր, թե պետք է լինեն կուտակային փոխանցումներ: Այսինքն՝ դա այլեւս պահանջ չէ, գուցե դա խորհրդատվական բնույթ ունի, բայց պահանջ չէ: Իսկ այն, ինչը պահանջ չէ, չի կարելի պարտադրել: Ոչ ոք իրավունք չունի նման հայտարարությամբ հանդես գալ, նույնիսկ ես սա համարում եմ սադրանք, վախեցնելու եւ ճնշում գործադրելու փորձ, որպեսզի փոխանցումները կատարվեն: Որեւէ մեկը, անկախ իր հայտարարություններից, չի կարող պատասխանատվության ենթարկել փոխանցումներ չկատարելու համար:
-Բայց համապատասխան գերատեսչությունները նշում են, որ չնայած ՍԴ կասեցմանը՝ գործատուները…
-ՍԴ-ն կասեցրել է մի հոդված, որն ապահովում է այդ չկասեցված հոդվածի կիրառումը: Եթե ինչ-որ բան ասվում է, բայց դրա համար չկա պատիժ, ուրեմն դա չի կարող պահանջ լինել: Այսինքն՝ այդ հոդվածն այլեւս իրավաչափ չէ, որովհետեւ դրա չկատարումը չի նախատեսում որեւէ պատասխանատվություն: Իսկ ո՞վ պետք է սանկցիաներ կիրառի ու ինչի՞ համար: Սանկցիաներ կարող են կիրառվել, եթե գործատուն օրենք խախտի եւ չներկայացնի հաշվետվություն իր գործունեության մասին, դա կլինի խախտում: Իսկ սա ընդամենը ստահոդ հայտարարություն է, որեւէ մեկը չունի նման ֆունկցիա եւ չի կարող պատժել գործատուին կուտակային կենսաթոշակայինի գումարը չփոխանցելու համար, որովհետեւ ՍԴ-ն այդ իրավունքը գործատուին տվել է: Բնական է, որ իրենք նման հայտարարություններ կանեն, որպեսզի վախեցնեն, ու այդ փոխանցումները կատարվեն:

 

 

 

 

 

 

ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ Է ՆԵՐԴՆՈՒՄ

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը իր իսկ ղեկավարած կառույցին չի ներկայացրել իր գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագիրը` այն դեպքում, երբ էթիկայի հանձնաժողովի անդամների համար դա պարտադիր է: Նկատենք, որ հանձնաժողովի մյուս անդամները կատարել են օրենքի պահանջը, իսկ ահա հանձնաժողովի ղեկավարը՝ ոչ:
Հիշեցնենք, որ Ս. Սահակյանը հանձնաժողովի նախագահ է ընտրվել հունվարի 9-ին: Իսկ մինչ այդ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի նախագահն էր Էմիլ Բաբայանը, որը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Թե ինչու է Ս. Սահակյանը զլանում իր ունեցվածքի մասին տեղեկություն հայտնել, փորձեցինք ճշտել նրանից:

-Տիկի՛ն Սահակյան, ինչո՞ւ Ձեր ունեցվածքի մասին հայտարարագիր չեք ներկայացնում:
-Խնդիրը ոչ թե իմ կամ մեկ այլ անձի առումով է, այլ մենք անցել ենք էլեկտրոնային հայտարարագրման նոր համակարգին, այսուհետ դա սկանավորված տարբերակով է լինելու: Մենք կարողացել ենք ավելի քաղաքակիրթ ոճի անցնել, ստեղծել ենք էլեկտրոնային հայտարարագրման համակարգ, եւ այսուհետ համակարգի միջոցով արդեն էլեկտրոնային տարբերակով մուտքագրվելու են տվյալները, համակարգը մեխանիկորեն փակելու է պաշտպանվող տվյալները, եւ անմիջականորեն համակարգ ցանկացած տվյալ մուտքագրելու պահից դուք կարող եք դա տեսնել: Հիմա ընդամենը մշակման խնդիր ունենք ու կարճ ժամանակ հետո այն թողարկելու ենք: Իսկ քանի որ իմ հայտարարագիրը տարեկան է եւ ըստ էության դեկտեմբերի 30-ին է եղել իմ հրամանագիրը, եւ դրանից հետո 15-օրյա ժամկետում ես պետք է հայտարարագիրը ներկայացնեի, ինչը ներկայացրել եմ… բայց արդեն նոր համակարգի միջոցով, թողարկման պահից դուք այն տեսնելու հնարավորություն կունենաք:
-Դո՞ւք եք այս նոր համակարգի հեղինակը:
-Համակարգի մշակման աշխատանքներն ավելի վաղ են սկսվել, բայց համակարգը վերջնական տեսքի բերելը եւ գործարկելը հնարավոր է եղել իմ օրոք: Նախկինում մասնագետների ներգրավվածության խնդիր է եղել, հետեւաբար եւ լուծումները բավականին դժվար են եղել: Մենք առաջադրանքը տվել ենք, բայց դրա իրագործումը հնարավոր է եղել որոշ ժամանակ հետո, քանի որ մասնագետներն այդքան ժամանակում են հնարավորություն ունեցել պատրաստել համակարգը:
-Իսկ այս համակարգը ինչո՞վ է առավել նախորդից:
-Թղթեր լրացնելու փոխարեն, որի ժամանակ կարող է անընթեռնելի ձեռագիր օգտագործվել, որոշ դաշտեր չնկատեն, գծիկ դնեն եւ այլն, համակարգը նման հնարավորություն չի տալու, եւ ցանկացած տվյալ որոշակի պարամետրերին բավարարող կերպով պետք է մուտքագրվի:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՑՈՐԵՆԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ՆՎԱԶԵԼ Է

Նախորդ տարի Հայաստանում նվազել է ցորենի ներկրումը: Եթե 2012թ. ՀՀ ներկրվել է 477.6 հազար տոննա ցորեն, ապա 2013թ. այդ թիվը դարձել է 345.5 հազար տոննա: Նվազել է նաեւ շաքարի ներկրումը` մոտ 82.5 հազար տոննայի փոխարեն 2013-ին ներկրվել է 79.7 տոննա: Սրանք, թերեւս, ամենաշատ օգտագործվող ապրանքներն են, եւ դրանց ներկրման նվազումը պայմանավորված է առաջին հերթին սպառման ծավալների կրճատումով: Իսկ գիտե՞ք՝ երբ է նվազում ցորենի կամ շաքարի սպառումը: Այո՛, երբ նվազում է սպառողների, ասել է թե` ՀՀ բնակչության թիվը:

 

ՊԱՐԱՊ ԶԲԱՂՄՈՒՆՔ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին իր ուղերձում ակնարկել էր, որ Հայաստանը մոտենում է քաղաքացիական պատերազմի շեմին, ուստի անհրաժեշտ է ճգնաժամից դուրս գալու լուծումներ գտնել: Ի՞նչ է մտածում ՀՀԿ-ն այս առնչությամբ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց, որ ինքը չի ցանկանում իր ժամանակը վատնել Ր. Հովհաննիսյանին մեկնաբանելու վրա: «Եթե նա քաղաքական հայտարարություններն ու տարբեր կոչեր անելը դարձրել է պարապ ժամանակների զբաղմունք, չեմ կարծում, որ նրա ամեն խոսքին պետք է արձագանքենք: Երբ նա կկողմնորոշվի, այդ ժամանակ էլ մենք կանդրադառնանք նրան: Այլապես մարդը խոսում է, հետո մի քանի ամսով հեռանում՝ հանգստանալու, հետո վերադառնում է, հետո նորից գնում»,-ասաց Սահակյանը:

 

ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Երեկ իշխանությունները հերթական անգամ ի ցույց դրեցին իրենց չկողմնորոշված արտաքին քաղաքականությունը: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, հայտարարել է. «Ուկրաինան Հայաստանի բարեկամ երկիր է: Հույս ենք հայտնում, որ կողմերը բանակցություններ կվերսկսեն վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու համար»: Այլ կերպ ասած՝ Հայաստանն ընդամենը անատամ մի հայտարարություն է արել` այդպես էլ չհստակեցնելով իր դիրքորոշումը: Համեմատության համար նշենք, որ հարեւան Վրաստանի ԱԳՆ-ն կտրականապես դատապարտել է Կիեւում ուժ կիրառելու փաստը ու միանալով միջազգային հանրության կոչերին՝ իր հերթին կողմերին հորդորել վերսկսել երկխոսությունը: Չնայած ՀՀ իշխանություններին էլ կարելի է հասկանալ. հայտարարելով ՄՄ-ին անդամակցելու մասին՝ ՀՀ-ն դարձել է ՌԴ-ի կցորդը եւ հիմա մի կողմից՝ չի կարող քննադատել ՌԴ-ի կողմից ՄՄ բերման ենթարկված Յանուկովիչին, մյուս կողմից` չի կարող աչքերը փակել կատարվածի վրա: Ու հիմա նրանք ընտրել են նման անհասկանալի կեցվածք:




Լրահոս