ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՆԱԻՐԻՏ»-Ի ՀԱՐՑԸ ԿՃԱՆԱՉՎԻ ՀՐԱՏԱՊ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ մերժեց ՀՅԴ խմբակցության` «Նաիրիտ» գործարանի մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Հանրապետական կուսակցության կարծիքով, հանձնաժողովի ստեղծումը կնպաստի քաղաքական շահարկումներին:

«Եկեք ավելորդ քաղաքական շահարկումների խնդրից դուրս գանք: Կծախեն` կծախեն, չէ` չէ… Այն, որ պատասխանատվություն պիտի կրեն, այստեղ երկու ձեռքով կողմ եմ, եթե այդ թվում` ես պիտի պատասխան տամ, կամ դուք պիտի տաք, դրան էլ եմ համաձայն, ով որ ձեռքը դնում է, պիտի ձեռքը կտրվի, դա ցանկացած տեղի մասին է»,-նիստի ժամանակ հայտարարեց Վարդան Այվազյանը` հավելելով, որ հիմա ընթանում են բանակցություններ «Նաիրիտ»-ը վաճառելու շուրջ, իսկ նման իրավիճակում հանձնաժողով ստեղծելը կարող է խանգարել բանակցությունների ընթացքին: Տեղեկացնենք, որ «Նաիրիտ»-ը գնելու շուրջ բանակցություններն ընթանում են ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ: Սակայն առայժմ որեւէ համաձայնություն ձեռք չի բերվել: Վարդան Այվազյանը երեկ նույնիսկ խոստացավ. «Եկե՛ք նախագիծը հանենք, որ օրը կուզեք, որ օրը բանակցությունները կվերջանան, մի զանգ կանես` կասես, պարո՛ն Այվազյան, խնդրում եմ` մտցրո՛ւ քառօրյա, ու ես երկրորդ օրը կմտցնեմ քառօրյա: Ըհը, այսքանի մոտ ասում եմ»: Ըստ նրա` «Նաիրիտ»-ը վաճառելու մասին բանակցությունների ավարտին մնացել է առավելագույնը երկու ամիս:
Արծվիկ Մինասյանը, սակայն, հակադարձեց, որ «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումն ամենեւին էլ քաղաքական շահարկումների նպատակ չի հետապնդում: Նա նշեց, թե հենց այդ շահարկումներից խուսափելու համար արժի ստեղծել հանձնաժողով: Մինասյանը նաեւ հիշեցրեց` իրենց մեկ անգամ արդեն առաջարկել են հանձնաժողովի ստեղծման նախագիծը հետաձգել մինչեւ 2013թ. տարեվերջ ու ՀՅԴ-ն պահել է պայմանավորվածությունը, բայց հիմա եկել է խոստումները կատարելու ժամանակը: «Հավատացնում եմ, որ սրանից ավելի մեծ ինֆորմացիա ունեն գնորդները, որոնք բանակցությունների մեջ են: Հիմա ասում եք` չքննարկենք, որ գնորդները հուշտ չլինեն, բայց դա տրամաբանական չէ, որովհետեւ իրենք ավելի մեծ ինֆորմացիա ունեն»,-հակադարձեց Մինասյանը: ՀՅԴ-ական պատգամավորը նույնիսկ առաջարկեց` իրենք պատրաստ են «Նաիրիտ»-ի հարցին անդրադառնալ աշնանը, միայն թե տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այն մտցնի ԱԺ մեծ քառօրյա: Սակայն մերժվեց նաեւ այդ առաջարկը:
Տեղի ունեցածը, թերեւս, միանգամայն սպասելի էր: Բանն այն է, որ «Նաիրիտ»-ում տեղի ունեցածը կապվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա եղբոր` Աշոտ Սարգսյանի անվան հետ. վերջինս 2005-2013թթ. եղել է «Նաիրիտ»-ի կոմերցիոն գծով փոխտնօրենը: Եվ համաձայն մամուլում եղած հրապարակումների՝ այդ ընթացքում «Նաիրիտ»-ում եղել են լրջագույն չարաշահումներ ու գումարների փոշիացում, մասնավորապես գործարանը հսկայական չափերի հասնող անհասկանալի վարկեր է վերցրել, բայց այդպես էլ դրանք չի վճարել: «Նաիրիտ»-ը մի քանի սեփականատեր է փոխել, որոնք խոստացել են ներդրումներ անել, բայց տեսնելով գործարանի վիճակը, նրա ունեցած ահռելի պարտքը, արագ վաճառել են այն ուրիշի եւ այսպես շարունակ: Այս ամենին գումարվել է նաեւ «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձի պարտքը. այդ մարդիկ ամիսներ շարունակ չեն ստանում իրենց հասանելիք գումարները:
ՀՅԴ խմբակցության նախագիծն այսօր պաշտպանում են նաեւ ոչ իշխանական մյուս երեք ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ եթե ՀՅԴ-ն որոշի օգտվել ԱԺ կանոնակարգով ընդդիմությանն ընձեռված հնարավորությունից ու արտահերթ ճանաչելով նախագիծը, այն դնի քննարկման, իրենք «կողմ» կքվեարկեն դրան: «Մենք միանշանակորեն պաշտպանելու ենք «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ առաջարկին: Ի վերջո հանրությունը պետք է իմանա, թե ինչպես «Նաիրիտ»-ում փոշիացան միլիոնավոր դոլլարներ եւ ինչու այսօր այդ գործարանի աշխատողները հայտվել են անելանելի վիճակում»,-ասաց տիկին Զոհրաբյանը: Ինչ վերաբերում է հանձնաժողով ստեղծելու իշխանությունների մերժումներին, Զոհրաբյանը նշեց. «Ուրեմն թաքցնելու բան ունեն»: ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս կապակցությամբ նշեց. «Այստեղ մեկ կարեւոր հանգամանք կա. «Նաիրիտ»-ում սեփականության ինչ-որ մաս ունի պետությունը, եւ բացի այդ, «Նաիրիտ»-ին պետությունը վարկ է տվել, ասել է թե` գոյացել է մոտ 400 մլն դոլարի հասնող պետական լուրջ պարտք: Այս առնչությամբ նույնիսկ դատական գործ կա հիմա: Ու կարծում եմ` այդ բոլոր մութ պատմությունների բացահայտումը շատ տհաճ կլինի առաջին հերթին վարչապետ Տիգրան Սարգսյանի համար»: Ըստ Վահագն Խաչատրյանի՝ «Նաիրիտ»-ի շուրջ հարցեր կան, որոնք պետք է անպայման պատասխան ստանան:
«Ժողովուրդ»-ը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից տեղեկացավ, որ ՀՅԴ-ն պատրաստվում է «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը ճանաչել հրատապ ու ԱԺ-ում արտահերթ կարգով այն դնել քննարկման:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ԴԵՌ ԿՔՆՆԱՐԿԵՆ

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչները նիստ են հրավիրել, որի ժամանակ քննարկվելու է նաեւ մարտի 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալու հարցը: Նշենք, որ ամեն հինգշաբթի ԱԺ ՀԱԿ խմբակցությունը նիստ է հրավիրում ու քննարկում իր հետագա անելիքները: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանից պարզել՝ արդյոք խմբակցությունում հստակ որոշում կա հանձնաժողով ստեղծելու մասով: «Մենք ունենք ֆրակցիայի նիստ, ու ենթադրում եմ, որ այդ հարցը եւս կքննարկվի, բայց կոնկրետ բան չեմ կարող ասել, եթե ֆրակցիան որոշեց, ապա այդ հարցը եւս կքննարկենք, չորոշեց, չենք քննարկելու: Դա միայն իմ անձնական որոշումով չի կարող լինել, ես դրել եմ շրջանառության մեջ, գնացել է, վերջ»,-հայտարարեց Գ. Ջհանգիրյանը:
Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարվա մայիսին այս հարցն ԱԺ-ում քննարկվեց, ու չնայած ԱԺ ՀՀԿ խմբակցության հավաստիացումներին, որ իրենք կողմ են նման հանձնաժողովի ստեղծմանը, հարցը քվեարկության դնելուց հետո 48 «կողմ», 57 «դեմ» եւ 2 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը մերժվեց:
Հավելենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենք կողմ են հանձնաժողովի ստեղծմանը:

 

ԽՈՇՈՐ ՎՆԱՍ

ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանը դադարեցված գազամատակարարման պատճառով խոշոր չափի վնասներ է կրել: Գործարանի մեծ կաթսաները, խողովակներն ու պոմպերը սառած մնալու հետեւանքով պայթել են: Նշենք, որ «Ալիշան» պահածոների գործարանը երկու շաբաթ է, ինչ չի աշխատում: Հիշեցնենք՝ ամիսներ առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանը դժգոհում է, թե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված հաշվարկները սխալ են:
«Գազ չլինելու պատճառով կաթսայատունը չի տաքացվել, ինչի համար էլ գործարանի կաթսաները, պոմպերը, վարչական շենքի խողովակները պայթել են: Խողովակների մի մասը փոխել ենք, իսկ մյուս մասը՝ դեռ ոչ: Չգիտենք, թե ինչ պետք է անենք, անորոշ է: Իսկ կրած վնասները պետք է իրենք փոխհատուցեն,-«Ժողովուրդ»-ին հայտնեց գործարանի տնօրենը՝ տեղեկացնելով, որ այս ընթացքում աստիճանաբար աշխատողներին կրճատել է,-հիմա մոտ 40-50 աշխատող տանը նստած է:

 

ՍՐԲԱԳՐՈՒՄ ԵՆ ՍԽԱԼՆԵՐԸ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մեկնաբանել է, թե ինչու է այս տարի նախատեսել 1000 հատ պետհամարանիշ գնել: Ըստ պաշտոնական տեղեկության՝ ՀՀ անկախության հռչակումից 23 տարի անց դեռեւս ավարտված չէ գյուղտեխնիկայի խորհրդային պետհամարանիշների փոխարինումը: Եվ հիմա դա անում է ԳՆ-ն՝ շահագործվող գյուղտեխնիկայի` տրակտորների, կոմբայնների, կցասայլակների եւ այլնի համար ձեռք բերելով համարանիշներ:

 

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ

Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը փետրվարի 17-ին տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն: Պատճառը դերասանի ոտքերի սուր ցավերն են եւ կոնքազդրային խնդիրները: Դերասանին, ըստ ամենայնի, առաջիկայում կվիրահատեն:

 

ՈՐ ԿԱՐԴԱՆ ՈՒ ՀԻՇԵՆ

Պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը միացած «Գյումրին մեր տունն է» խմբի անդամները փետրվարի 19-ին` գիրք նվիրելու օրը, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցին նվիրել են 2012թ. ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական խոստումների գիրքը: Քանի որ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցում երիտասարդներին ոչ ոք չի ընդունել, ակցիայի մասնակիցները գնացել են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանի մոտ, որն ընդունել է երիտասարդներին ու խոստացել նրանց պահանջները բարձրացնել ԱԺ առաջիկա նիստում:

 

ԶԱՎԱԿ` ԱՄԵՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը կոչ է անում ամեն հայ ընտանիքին 2014-2016թթ. ունենալ առնվազն եւս մեկ երեխա: Ըստ նրա. «Հայոց ցեղասպանության նախօրեին ՀՀ կառավարությունը, հասարակական-քաղաքական կազմակերպությունները, Սփյուռքում գործող մեր կառույցները պետք է հնչեցնեն համազգային կոչ` «Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ»: Այդ մանուկն է, որ 2-3 տասնամյակ հետո շարունակելու է մեր կորսված սերունդների գործը, վառ է պահելու նրանց հիշատակը, հետապնդելու է ազգային եւ պետական շահերը»: Սուքիասյանն առաջարկել է ազգովի լծվել մի նախագծի, որի նպատակը կլինի հայերի թվի կրկնապատկումը. «Ի հիշատակ մեր զոհերի, անվանելով այս նախագիծը «1.500.000 Հայ Արմատ»՝ կոչ անել ամեն հայ ընտանիքին՝ 2014-2016թթ. ունենալ առնվազն եւս մեկ երեխա: Միեւնույն ժամանակ, ծրագրի շրջանակներում, ձեռնամուխ լինել միջոցառումների շարքի, որոնք կխրախուսեն ծնելիությունը: Մասնավորապես կարգադրել ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին՝ արագ եւ հեշտացված կարգով քաղաքացիություն շնորհել Սփյուռքում այս տարիներին ծնված հայ մանուկներին: Հայաստանում ծնված երեխաների համար ՀՀ բանկերում անվճար, ավտոմատ կերպով բացել անվանական հաշվեհամարներ, որոնց վրա դրվող 18 տարվա անձեռնմխելիության պայմանով գումարները կարող են ապագա սերունդներին զգալի աջակցություն լինել եւ կապել հայրենիքի հետ»:

 

ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ Վարդան Պետրոսյանի գործն ուղարկվել է դատարան: Փաստաբանի փոխանցմամբ` գործը կքննվի Կոտայքի մարզի Աբովյանի նստավայրում դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ: «Գործը մակագրվել է այս դատավորի վրա: Հետագայում դատախազն էլ կներկայացնի իր ապացույցները, եւ դատարանը կորոշի` ով է ճիշտ, ով սխալ»,-ասաց Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ վերաքննիչ դատարանը մերժել էր փաստաբանի միջնորդությունը՝ փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը:




Լրահոս