ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԲԱՐՁՈՒՆՔԸ ԳՐԱՎԵԼՆ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է, ՔԱՆ ՊԱՀԵԼԸ»

Փետրվարի 20-ը նշվում է որպես ազգային զարթոնքի օր։ 1988թ.-ի այդ օրը ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ նստաշրջանում ընդունվեց որոշում, որի համաձայն՝ մարզխորհուրդը վճռեց դիմել Ադրբեջանի ԽՍՀ, Հայկական ԽՍՀ եւ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի կազմում ընդգրկելու պահանջով:
Անցած 26 տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումների եւ թերացումների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԼՂՀ ԳՄ նախագահ, բանաստեղծ, դրամատուրգ Վարդան Հակոբյանի հետ։

-Այդ պատմական նստաշրջանը հեղափոխություն էր մեր կյանքում, որը Արցախին տվեց ամենագլխավորը՝ ազատություն, անկախություն, ինչին վաղուց էինք ձգտում։ Բայց մի այսպիսի իմաստնություն կա. բարձունքը գրավելն ավելի հեշտ է, քան պահելը։ Այսօր պահելու խնդիրն է մեր առաջ կանգնած, որպեսզի մեր հաղթանակը ամրագրվի նաեւ ԼՂՀ-ի ճանաչմամբ։ Ունենք պետականություն՝ իր բոլոր ինստիտուտներով, կանոնավոր բանակ, որը վերահսկում է մեր սահմանները, բայց Հայաստանի եւ Արցախի գլխավոր նպատակն ավելի հզոր լինելն է. հակառակ դեպքում տանուլ կտանք այն ամենը, ինչ ձեռք ենք բերել։
-Իսկ որո՞նք են հիմնական կորուստներն ու բացթողումները:
-Հիմա դժվար է գնահատականներ տալ, կոնկրետ նշել բացթողումները, որոնք, անշուշտ, եղել են։ Օրինակ՝ անկախության հռչակման հենց առաջին տարիներին պետք է ՀՀ-ի կողմից Արցախը ճանաչվեր, մենք միանայինք ու պայքարը տանեինք այլ հունով։ Եթե չենք էլ միացել, կարծում եմ՝ պետք է ՀՀ-ի կողմից ճանաչվեինք որպես անկախ, ազատ հանրապետություն։ Գնալով այդ խնդիրը բարդացել է. Մինսկի խմբի ներկայությունը այլ դաշտ է տեղափոխել անկախության ճանաչման հարցը։ Մեր ներուժը ծառայեցրել ենք բանակի հզորացմանը, իսկ դա նշանակում է ունենալ խաղաղություն, հասնել ճշմարիտ խնդիրների կենսագործման նպատակին։ Իհարկե, բացթողումները շատ անգամ պայմանավորված չեն նաեւ մեզանով, բայց մենք ենք քաղում քաղցր կամ դառը պտուղները։ Ամենամեծ ցավը Հայաստանում ու Արցախում առկա արտագաղթն է, որը կանխելու առումով իշխանությունների անելիքներն ավելի շատ են, բայց կան նաեւ օբյեկտիվ բազմաթիվ պատճառներ։ Այդ հարցում բոլորս մեր մեղքի բաժինն ունենք։ Մեր լինելիությունը, հաղթանակը, գոյությունն է մեր հողի վրա։ Թուրքի ամեն մի ընտանիքում 10-14 երեխա կա, իսկ մեր միջնակարգ դպրոցներում 10 երեխա էլ չկա…
-Հունվար-փետրվարին ազերիների սադրանքներն ակտիվանում են։ Արցախցիները պատրա՞ստ են դրան։
-Մենք այլ ելք չունենք, քան ուժեղ լինելն է։ Բացի այդ՝ մենք լավ գիտենք՝ ինչ է նշանակում թուրք։ Նա սպանել է նույնիսկ խորհրդային տարիներին, երբ կուսակցական, պետական բազմաթիվ լծակներ կային, երբ եղբայրության, բարեկամության եւ այլ շոուներ էին կազմակերպվում։ Սպանում էին հայ անասնապահին, հոտը տանում, սպանում էին ֆերմայի աշխատողներին… Թալանելը, գողանալը թուրքական բնավորություն է, եւ եթե մեր փոխարեն ուրիշ հարեւան ունենան, նրանից են գողանալու։ Եթե հարեւան չունեցան, իրենք իրենցից են գողանալու։ Եվ զարմանում եմ, որ գտնվում են թուրքի հետ լեզու գտնելու կոչ անողներ։ Թուրքի հետ լեզու գտնելը զենքն է…
-Ըստ Ձեզ՝ գրականության մեջ այս տարիների պայքարն արտացոլվե՞լ է։
-Կարծում եմ՝ դեռ չի ստեղծվել գրական, գեղարվեստական այն երկը, որը համարժեք է տարած շատ դժվարին հաղթանակին։ Վաղամեռիկ տաղանդավոր գրող Լեւոն Խեչոյանը բավականին լավ գործ է ստեղծել։ Գրվել են հետաքրքիր հուշագրություններ, ակնարկներ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում, որոնք նաեւ աղբյուրագիտական նշանակություն ունեն։ Արցախում ապրող գրողը ոչ միայն ականատեսի աչքերով է իրադարձությունները տեսնում ու վերարտադրում, այլեւ հաճախ դրանց մասնակիցն է։ Գեղարվեստական խոսքը պետք է տարբերվի նստվածքով: Գրական այդ պրոցեսը գործում է, եւ, անշուշտ, կստեղծվի այն երկը, որը համարժեք կլինի մեր կոփած հաղթանակին։ Այսքան կորցրած հողերից հետո Արցախը ետ ենք բերել, բայց հաղթող զինվորի կերպարը մեր գրականության մեջ դեռեւս, ցավոք, չկա, մենք պիտի ստեղծենք այդ կերպարը։

 

 

 

 

 

ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿՆՇՎԻ

Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը գրել էր, գերմանական Deutsche Welle գործակալության հաղորդմամբ՝ մեր հայրենակից, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր 90-ամյակը կնշի Գերմանիայում։ Հենց ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, նա «Լեգենդը վերադառնում է» խորագրով համերգ կտա Բեռլինի O2 World բաց մարզադաշտում (Die Legende kehrt zurՖck): Շանսոնյեի երկրորդ համերգը նախատեսված է մայիսի 24-ին Ֆրանկֆուրտում:
Իսկ մեր հայրենի իշխանությունները, մասնավորապես ՀՀ մշակույթի, սփյուռքի, ինչու չէ, արտաքին գործերի (չէ՞ որ Ազնավուրը Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է) նախարարություններն ինչպե՞ս են պատրաստվում նշել մեր մեծ հայրենակցի 90-ամյակը։ Ընդհանրապես նման մտադրություն ունե՞ն։
ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ ասել էին, որ Շառլ Ազնավուրի 90-ամյակին նվիրված միջոցառումներ անպայման կանցկացվեն, սակայն վերջնական ծրագիրը դեռեւս պատրաստ չէ։ Դրանով զբաղվում է սփյուռքի նախարարության մշակույթի բաժինը։
Դրանից հետո մեր հայրենակիցը շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանին Շվեյցարիայում տված հարցազրույցում մասնավորապես շեշտել էր, որ իր ծննդյան օրը կնշվի նաեւ Հայաստանում։
Ավելի վաղ արված մեր հարցմանը երեկ պատասխանեցին ՀՀ արտաքին գործերի եւ մշակույթի նախարարություններից: ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց, որ Շառլ Ազնավուրը մեծություն է, եւ ինքը կարծում է, որ նրա ծննդյան 90-ամյակը հավուր պատշաճի կնշվի նաեւ Հայաստանում։
Իսկ ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից էլ ստացանք հետեւյալ պատասխանը. «Հարցի առնչությամբ տեղեկացնում ենք, որ հոբելյանական միջոցառումների ցանկը ու դրա շրջանակներում իրականացվող ծրագրերն այս պահին գտնվում են հստակեցման փուլում, եւ իրականացվող աշխատանքներից հետո թեմայի առնչությամբ կտրվեն համապատասխան տեղեկություններ»։ Դե ինչ, հույս ունենանք, որ Հայաստանում հավուր պատշաճի կնշվի Մաեստրոյի ծննդյան 90-ամյակը։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՍԻՐԵԼ Է ՄԱՆԿՈՒՑ

Հունաստանում բնակվող Աթենա Մանուկյանը դեռ վաղ տարիքից ցանկացել է հայտնի դառնալ ու իր ձայնով գերել բոլորին: 19-ամյա երգչուհին այսօր զբաղվում է անհատական կարիերայով, YouTube-ում նրա տեսահոլովակների դիտումները գերազանցում են կես միլիոնը: «Հաճելի է զբաղվել մի բանով, որը սիրել եմ մանկուց: Ես ծնվել եմ երաժշտության գիտակցումով: 13 տարեկանում մասնակցեցի «Մանկական Եվրատեսիլ 2008»-ի նախընտրական փուլին: Սիրահարվել եմ երաժշտությանը: Այն իմ կյանքի անբաժանելի մասնիկն է, իմ լավագույն ընկերն ու ուղեկիցը: Նման ընկերը ոգեշնչում է քեզ արարել»,-ասել է նա:

 

ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ ՄԱՅՐԻԿԸ

Նազիկ Ավդալյանը սպորտային մարզումներն ու միջազգային մրցումները փոխարինել է ընտանիքով եւ մայրության բերկրանքով: Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհին մայրացել է նախորդ տարվա նոյեմբերին: Նազիկն իրեն լիարժեք դրսեւորում է մայրիկի կարգավիճակում. ժամանակի մեծ մասն անցկացնում է տանը` խնամելով առաջնեկին. «Նա շատ է սիրում մեր զբոսանքները, նաեւ երաժշտության սիրահար է, երբ միացնում ենք, անմիջապես ձայնի կողմն է նայում: Մարդամոտ ու շփվող երեխա է, երբ իր հետ խոսում են, ժպտում է, չի լացում»: Փոքրիկ Վաչեի խնամքով զբաղվում են ընտանիքի բոլոր անդամները: «Սկզբում դժվարանում էի, սկեսուրս էր օգնում, հիմա արդեն կարողանում եմ գլուխ հանել, բայց ոչ այնքան լավ, որ օգնության կարիք չզգամ: Ամուսինս էլ իմ կողքին է»,-ասում է չեմպիոնուհի մայրիկը:

 

ՍԱՏԱՆԱՆ` ՕԲԱՄԱՅԻ ՏԵՍՔՈՎ

«Աստծո որդին» ֆիլմը մեծ աղմուկի պատճառ է դարձել Միացյալ Նահանգներում: Արդյունքում՝ կինոնկարի պրոդյուսերներն ամբողջությամբ մոնտաժել եւ հեռացրել են սկանդալի առիթ դարձած կադրերը: Բանն այն է, որ ֆիլմում սատանայի կերպարը մարմնավորած դերասանը արտաքնապես շատ նման է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Սատանայի դերակատարը մարոկկացի հայտնի դերասան Մեխդի Ուզանին է: Ֆիլմի ցուցադրությունը նախատեսվում է փետրվարի 28-ին: Մամուլը, արդեն իսկ անդրադառնալով թեմային, գրում է, որ մոնտաժի արդյունքում դերասանի աշխատանքը ջուրն է ընկել:




Լրահոս