Հայ ժողովուրդն ամաչում է Սերժ Սարգսյանի դիրքորոշումներից. Արամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել էր  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում արած  այն հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Հայաստան-Ադրբեջան հակամարտության լուծումից: Արման Սաղաթելյանը նշել էր. «Բաքվում Էրդողանը՝ Ալիեւի «դեմքփրկման» իր երեկվա շոուով Թուրքիային վերջնականապես դուրս դրեց տարածաշրջանային գործընթացներից»:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ՝  պարզելու նրա տեսակետը Թուրքիայի նախագահի հայտարարության  և  հայկական կողմի արձագանքի շուրջ:

Պարոն Մանուկյան, Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է ղարաբաղյան հակամարտության լուծումից: Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը` հատկապես հայ-թուրքական հարաբերությունների   բարելավման հետ կապված ՀՀ իշխանական շրջանակների ակնկալիքների համատեքստում:

-Ես մի բան կարող եմ հստակ ասել: Խնդրում եմ, որ դա համարեք առաջնային մեր խնդիրների լուծման համար: Մեր խնդիրների լուծումը մեր երկրում է, մեր հարցերի, մեր դժվարությունների ու հաջողությունների լուծումը, հիմքը մեր երկրում է: Երբ որ մենք մեր երկրում կարգ ու կանոն հաստատենք, արժանապատիվ ապրելու հնարավորություն ստեղծենք, մենք այդ դեպքում կարող ենք մեր բոլոր հարեւանների հետ լինել արժանապատիվ, լինել բոլոր հարցերում ուժեղ: Մենք միայն այդ դեպքում կարող ենք լինել ազդեցիկ, այդ դեպքում ազդեցիկ կլինի նաեւ մեր խոսքը, որը կհնչի ցանկացած ամբիոնից: Մեր խնդիրների կենտրոնը Հայաստանում է:

Բայց միջազգային ամբիոններում մեր երկրի հետ կապված հայտարարություններ են արվում, որոնցով էլ կարծիք է ձեւավորվում մեր երկրի մասին: Չե՞ք կարծում, որ այդ դեպքում պետք է հստակ պատասխան հնչի մեր պետության ղեկավարների կողմից: Ու ոչ թե նման հայտարարություններից տեւական ժամանակ հետո,  ուրիշի բերանով, այլ հենց այդ պահին:

-Ես որեւէ նման բան չեմ ասում, ես կողմ եմ, որ այդ հայտարարություններին  շատ լավ արձագանքենք: Բայց մենք կարող ենք շատ ուժեղ հակահարված տալ, պորտը տեղը դնել, երբ ունենանք ուժեղ իշխանություն, երբ ունենանք օրինական իշխանություն: Լուծումը մեզ մոտ է, լուծումը ուրիշ տեղ չպետք է փնտրել: Այսինքն՝ եթե ես ունենայի լավ ընտրված, ուժեղ նախագահ, վստահ եմ, որ ընտրված նախագահն իր երկրի շահը համարձակ կներկայացներ ցանկացած ամբիոնում, ցանկացած կառույցում:

-Այսինքն, ըստ Ձեզ՝ ոչ լեգիտեիմ իշխանությո՞ւնն է պատճառը, որ միջազգային ամբիոններում Հայաստանը մշտապես անպաշտպան է  մնում:

-Իհարկե, ես հենց դա եմ ասում: Վերջին ժամանակահատվածում, երբ հետեւում ենք Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների հայտարարություներին,  ճիշտ որոշումներին… դրանք չի կարելի որեւէ կերպ համեմատել մեզ հետ: Պինդ, բարձր կեցվածքով, համարձակ, սեփական երկրի շահը գնահատող հայտարարություններ են մշտապես հնչում: Նրանց հայտարարությունները բխում են իրենց երկրի շահերից: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ասում է, որ եթե որեւէ մեկը իմ երկրի անկախությանը կպնի, կկպնի իմ երկրի բարձրագույն արժեքին եւ ես նրա հետ որեւէ գործ չեմ ցանկանում ունենալ: Ես հարգում եմ այս տեսակետը: Նուրսուլթան Նազարբաեւն ունի իր երկրի աջակցությունը, Նազարբաեւն ավելի է ուժեղացնում իր դիրքորոշումը, իր հեղինակությունն ավելի է բարձրացնում իր այդ համարձակ դրսեւորումներով:  Իսկ հայ ժողովուրդն ամաչում է Սերժ Սարգսյանի դիրքորոշումներից: Սա է իրականությունը: Բայց նաեւ մի կողմից՝ Սերժ Սարգսյանը չի կարող բարձր խոսել, որովհետեւ ամբողջ աշխարհը գիտի, որ ինքն անգամ Հայաստանում հեղինակություն չունի, ինչպե՞ս կարող է դրսում հեղինակություն ունենալ: Ցավալի է, որ քո երկրի ղեկավարը թույլ է, իմունիտետ չունի: Դրա համար եմ ես ասում, որ մեր երկրի բոլոր պրոբլեմները եւ բոլոր մյուս կառույցների, երկրների ղեկավարների վերաբերմունքը մեր նկատմամբ ու մեր երկրի իշխանությունների նկատմամբ կապված է մեր երկրի իշխանությունների թուլությունից: Բազմաթիվ նման օրինակներ կան, որոնք ապացույցն են այս ամենի:

-Իսկ այդ դեպքում ի՞նչ անենք, չմասնակցե՞նք միջազգային կառույցների նիստերին, չանդամակցե՞նք դրանց` այդպիսով խուսափելով մեր թուլությունն ի ցույց դնելուց, պարփակվենք ներսո՛ւմ:

-Չէ, չէ: Հայաստանը երբեք  իրավունք չունի փակ երկրի քաղաքականություն իրականացնել, երբեք: Մենք բաց ժողովուրդ ենք, մենք շփվող ժողովուրդ ենք, մենք ազգերի մշակույթների հետ առեւտուր անող ժողովուրդ ենք: Հայաստանը միայն կարող է լինել բաց քաղաքականության, բաց հասարակության երկիր: Այլ հարց է արդեն իշխանությունների հարցը, որոնք չեն կարողանում ղեկավարել  այնպես, որպեսզի միայն շահի մեր երկիրը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս