«Արմենիա» հեռուստաընկերությամբ կրկին մեկնարկած «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրիի կազմում այս անգամ երգչուհի Շուշան Պետրոսյանն ընդգրկված չէ: Նշենք, որ նախագծի երկրորդ եթերաշրջանը հեռարձակվել է 2013 թվականի հոկտեմբերի 6-ից մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 28-ը: Երկրորդ եթերաշրջանի ժյուրիի կազմում էին դերասան Միքայել Պողոսյանը, երգչուհի Քրիստինե Պեպելյանը, երգիչ Հայկոն և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը:
Իսկ արդեն նախագծի այս՝ երրորդ եթերաշրջանի ժյուրիի անդամներն են երգիչ Հայկոն, երգահան Արմեն Մարտիրոսյանը, երգչուհիներ Սոնան եւ Եվա Ռիվասը, ով 2012 թվականին Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ» երգի մրցույթում:
Նախօրեին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանը մրցույթի այս եթերաշրջանի ժյուրիի կազմում չէ, քանի որ վերջինիս հագեցած ստեղծագործական առօրյան եւ շրջագայությունների գրաֆիկը թույլ չեն տալիս մասնակցել ժյուրիի աշխատանքներին: «Ժողովուրդ»-ը զրուցել է նաեւ երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ՝ պարզելու, թե ինչն է պատճառը, որ երգչուհին այս անգամ ժյուրիի կազմում չէ:
-Ո՞րն է պատճառը, որ այս անգամ Դուք ընդգրկված չեք «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրիի կազմում. Դո՞ւք չեք ցանկացել կրկին մասնակցել նախագծին, թե՞ հեռուստաընկերությունը Ձեզ չի ընդգրկել:
-Այս նախագիծը բավականին հետաքրքիր ձեւաչափ ունի, այն իրապես վեր է հանում տաղանդներին եւ նպաստում նրանց ստեղծագործական գործունեության առաջընթացին: Իհարկե, կուզենայի այս անգամ էլ լինել ժյուրիի կազմում: Բայց երբ երրորդ եթերաշրջանի նախապատրաստական աշխատանքներն էին ընթանում, որեւէ մեկն ինձ չհրավիրեց մասնակցելու:
-Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, արդյոք Դուք «Արմենիա» հեռուստաընկերության հետ ինչ-որ խնդի՞ր ունեք:
-Որեւէ խնդիր չունեմ «Արմենիա» հեռուստաընկերության հետ, բայց փաստ է, որ ես չկամ այս եթերաշրջանի ժյուրիի կազմում:
-Արդեն տեւական ժամանակ է` տեղեկություններ են շրջանառվում, որ Դուք հրաժարվելու եք Ձեր մանդատից: Որքանո՞վ են այդ տեղեկությունները հիմնավոր, հնարավո՞ր է` առաջիկայում Ձեզ չտեսնենք նաեւ Ազգային ժողովում:
-Դուք իսկապե՞ս հավատում եք, որ նման բան կա: Չէ, չկա նման բան:
-Այսինքն՝ Դուք վերադառնո՞ւմ եք Ձեր բնականոն աշխատանքին:
-Ես չեմ վերադառնում, ես շարունակում եմ իմ բնականոն աշխատանքը:
-Ըստ Ձեզ, այդ դեպքում ինչո՞ւ է այդ հարցն անընդհատ շահարկվում:
-Կլինի՞ ես իմ հանգիստը շարունակեմ, իսկ երբ արդեն Ազգային ժողովի նստաշրջանը մեկնարկի մենք այնտեղ արդեն կզրուցենք:
Զրուցեց Լուսինե Հակոբյանը