Եվրասիական միության մշուշոտ ապագան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը ստորագրելու մասին ՌԴ կառավարության առաջարկը: Նույն գործընթացը պետք է անցկացվի նաեւ ԵՏՄ անդամ մյուս երկու երկրներում. Ղազախստանի ու Բելառուսի նախագահները եւս պետք է համաձայնություն տան իրենց կառավարություններին` ստորագրել այդ պայմանագիրը: Սակայն, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անընդհատ ձգձգվում է:

Այս համատեքստում պատահական չէին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությունները, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի` սեպտեմբերի 8-9-ը Հայաստան նախատեսված այցը տեղի չի ունենա: Ընդ որում, ընդամենը օրեր առաջ` օգոստոսի 18-ին, Աբրահամյանը բոլորովին այլ բան էր պնդում. նա վստահեցրել էր, որ Մեդվեդեւը սեպտեմբերին կգա Հայաստան, նույնիսկ այցի հստակ ժամկետ էր մատնանշել: Բայց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ու անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շտապեցին «գուժել»` Մեդվեդեւը չի գա Հայաստան:

«ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան նախատեսված էր ԵՏՄ վարչապետերի ընդհանուր այցի շրջանակներում, սակայն կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղափոխվել է նախագահների գործունեության դաշտ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նախատեսված էր` Մեդվեդեւի այցի ժամանակ ստորագրել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը: Բայց քանի որ փաստաթղթի ստորագրումը հերթական անգամ հետաձգվում է, Մեդվեդեւի այցն էլ չի կայանա:

Ընդհանրապես, վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ ԵՏՄ-ի գլխին «սեւ-մութ ամպեր» են կուտակվել: ԵՏՄ անդամ երկրների մեջ հարաբերությունները կարծես թե նախկինի նման ջերմ չեն, եւ միության ձեւավորումից երեք ամիս անց ՌԴ եւ Ղազախստանի նախագահների մեջ հեռակա բախումներ են սկսվել, այն էլ` հրապարակային դաշտում:

Ինչպես հայտնի է, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը չի բացառել, որ իրենց երկիրը դուրս գա ԵՏՄ կազմից: «Եթե կանոնները, որոնք նախկինում հաստատվել են համաձայնագրում, չեն իրագործվում, ապա Ղազախստանն իրավունք ունի հրաժարվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից: Աստանան երբեք չի լինի կազմակերպության կազմում, որը վտանգում է Ղազախստանի անկախությունը»,- ասել է Նազարբաեւը` հավելելով,- «մեր անկախությունն ամենաթանկ գանձն է, որի համար պայքարել են մեր պապերը: Առաջինը` մենք երբեք չենք հանձնի մեր անկախությունը, եւ երկրորդը` մենք կանենք ամեն հնարավորը, որ պաշտպանեք այն»:

Ղազախստանի նախագահի այս հայտարարությունները բուռն արձագանք են գտել ՌԴ-ում. Վլադիմիր Պուտինը մի քանի օր անց հակադարձել է` ասելով, թե Ղազախստանը ստեղծվել է մի տարածքում, որտեղ երբեք չի եղել պետություն, որ «ղազախները երբեք պետականություն չեն ունեցել»:

Նկատենք, որ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների միջեւ հեռակա բանավեճն ուշագրավ է. Նազարբաեւն անուղղակի կերպով լուրջ մեղադրանքներ է ներկայացրել ՌԴ-ին` ակնարկելով, որ Պուտինը ԵՏՄ-ի ստեղծմամբ վերականգնում է ԽՍՀՄ-ը` սպառնալով իրենց երկրի անկախությանը: Պատահական չէ, որ Նազարբաեւը խոսում է ԵՏՄ համաձայնագրի դրույթները չպահպանելու եւ Ղազախստանի անկախությանը սպառնալիքի դեպքում ԵՏՄ-ն լքելու մասին:

Իհարկե, նախկինում էլ, հատկապես ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Բելառուսի եւ Ղազախստանի դիրքորոշումները չեն համընկել ՌԴ իշխանությունների տեսակետների հետ: Բայց սա առաջին անգամն է, երբ նրանք հրապարակային մեղադրանքներ են ներկայացնում միմյանց: Ընդ որում, ԽՍՀՄ-ը վերականգնելու մեղադրանքներ ՌԴ հասցեին բազմիցս հնչել են հատկապես Արեւմուտքից: Սակայն առաջին անգամ է, որ այս մասին բարձրաձայնում է ԵՏՄ հիմնադիր երկիրը: Թե ինչ ընթացք կստանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը: Սակայն արդեն իսկ կարելի է պնդել, որ ԵՏՄ-ն դեռ չստեղծված, արժեզրկվել է: Ի վերջո, ԵՏՄ-ն կայացած կհամարվեր, եթե վերջինիս կազմի մեջ մտներ նաեւ Ուկրաինան: Այնինչ, վերջինս, թեկուզ տարածքային կորուստների գնով, նախընտրեց զարգացման եվրոպական ուղղությունը` ստորագրելով Եվրոասոցացման պայմանագիրը: Արդյունքում Ուկրաինայի քայլը մեծ հարված եղավ ԵՏՄ-ին` արժեզրկելով ու անարդյունավետ դարձենելով այն:

Սրան զուգահեռ, հիմա էլ Ղազախստանն է սպառնում` կամ դուրս կգա ԵՏՄ-ից, կամ ՌԴ-ն կհամաձայնվի իր պայմաններին: Հասկանալի է, որ Ղազախստանն ու Բելառուսը փորձում են ՌԴ-ից քամել հնարավորինս առավելագույնը` առաջ տանելով սեփական շահը: Ընդ որում, դեռ հայտնի չէ` նրանց շահը որքանով է համընկնում ԵՏՄ ընթացող Հայաստանի շահի հետ (հիշեցնենք, որ Ղազախստանն Ադրբեջանի հիմնական գործընկերն է եւ ԵՏՄ-ում նրա խոսափողը):

Նկատենք, որ ստեղծված իրավիճակը կարող է ծառայել Հայաստանի օգտին. ՀՀ իշխանության շատ ներկայացուցիչներ մասնավոր զրույցներում պնդում են, որ Հայաստանի անդամակցության դեպքում լուրջ խնդիրներ կարող են ծագել`կապված մաքսային դրույքաչափերի, դրա հետեւանքով սակագների բարձրացման հետ: Հիմա սա առիթ է` գործընթացից խուսափելու, գործընթացը ձգձգելու համար: Սակայն Սերժ Սարգսյանի իշխանությունն ամենեւին չունի դիվանագիտական ճկունություն, այս իրավիճակում խաղարկելու համար: Դատելով Սերժ Սարգսյանի պահվածքից, նա ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի շահն ու բարձրաձայն իր անհամաձայնությունն արտահայտել, գոնե` Նազարբաեւի նման «հաթաթա» տալով: Մինչդեռ, հիմնականում Նազարբաեւի ջանքերով Պուտինին չհաջողվեց Եվրասիական միությունը դարձնել քաղաքական միություն եւ բավարարվեց տնտեսական միությամբ: Նազարբաեւի կոշտ դիրքորոշման շնորհիվ հիմնադիր պայմանագրից դուրս մնացին այն կետերը, որոնք սահմանափակում են անդամ երկրների ինքնիշխանությունը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս