Հրազդանի զինկոմիսարիատի պետը` ամբաստանյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մարտ ամսին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կողմից կաշառք ստանալու պահին կալանավորվել էր Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Սարգսյանը: Սակայն դատարանի առաջ բացի Սերգեյ Սարգսյանից կանգնել է նաեւ Հրազդանի զինկոմիսարիատի պետ Արամ Պետրոսյանը:

Ըստ մեղադրական եզրակացության` Սերգեյ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով Հրազդանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի պահեստի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման եւ նախորոշման խմբի պետ, կոչումով կապիտան` պաշտոնական դիրքն օգտագործելով քաղաքացի Արմեն Ավետիսյանի գրքույկում զինվորական ծառայության պիտանելիության վերաբերյալ փոփոխություններ է կատարել:

Բանն այն է, որ Սարգսյանը պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար Արմենի զինվորական գրքույկում բարենպաստ գրառում կատարելու դիմաց 2014 թվականի մարտի 21-ին վերջինիցս պահանջել եւ 2014 թվականի մարտի 25-ին` ժամը 14:10-ի սահմաններում Հրազդանի զինվորական կոմիսարիատի իր աշխատասենյակում անձամբ ստացել է 124.311 ՀՀ դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլար կաշառք:

Նշենք, որ դեռեւս այդ ամիսներին Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը պաշտոնապես հայտարարել էր միայն Սերգեյ Սարգսյանի` կաշառք վերցնելու եւ կալանավորման մասին տեղեկությունը, սակայն օգոստոսի 11-ին գործը մտել է դատարան եւ այն էլ բավականին ուշագրավ հանգամանքներով:
Ըստ դատարանի` պարզվում է` Սերգեյ Սարգսյանից բացի ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաեւ Հրազդանի զինկոմի ներկայիս պետ Արամ Պետրոսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար:

Գնդապետ Պետրոսյանը զբաղեցնելով Հրազդանի զինվորական կոմիսարիատում ՀՀ ՊՆ 30.03.2006թ. թիվ 378-06 հրամանի 38 կետով որպես ոչ շարային ծառայության պիտանի զինապարտ հաշվառված Հրազդան քաղաքի բնակիչ Ալեքսանդր Ազիզյանին կորստյան հիմքով կրկնօրինակ զինգրքույկ տրամադրելիս չի ստուգել ենթակա անձանց կողմից կրկնօրինակ զինգրքույկում նրա` զինվորական ծառայությանը պիտանելիության վերաբերյալ լրացված տվյալները, առանց դրանք Ա. Ազիզյանի հաշվառման քարտում առկա տվյալների հետ համեմատելու իր ստորագրությամբ եւ կնիքով հաստատել է «պիտանի է շարային ծառայության համար», գրքույկ, որն էլ հանձնվել է Ա. Ազիզյանին:

Ասել է թե` զինկոմի պետ Արամ Պետրոսյանը ոչ շարային ծառայության պիտանի Ալեքսանդր Ազիզյանին, միգուցե, անփութության, կամ միտումնավոր կերպով «պիտանի է շարային ծառայության համար» նոր գրքույկ է հանձնել` կանաչ ճանապարհ բացելով Ազիզյանի համար:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հրազդանի զինկոմի պետ Արամ Պետրոսյանը վստահեցրեց, որ ինքը դա միտումնավոր չի արել. «Սամվել Սարգսյանին եմ հանձնարարել, որ նա տվյալ մարդու զինգրքույկի կրկնօրինակը պատրաստի ու տա քաղաքացուն, իսկ ես ուշադիր չեմ եղել եւ չեմ ստուգել, թե նա ինչ փաստաթուղթ է տվել: Ընդունում եմ, որ անփութություն եմ թույլ տվել: Միշտ վստահում եմ իմ աշխատակիցներին ու չէի կարող պատկերացնել, որ նման բան կարող էր անել: Ես օրենքը հարգում եմ, իսկ թե ինչ կորոշեն դատարանում, ոչինչ չեմ կարող ասել: Չգիտեմ, թե ինչ կլինի»:

Հարցին, թե արդյոք սա պատճառ չի՞ դառնա, որ իրեն հեռացնեն Հրազդանի զինկոմի պետի պաշտոնից, Արամ Պետրոսյանը պատասխանեց, որ դեռ ոչինչ հայտնի չէ եւ ինքը դեռ շարունակում է մնալ իր պաշտոնին:

Ի դեպ, հավելենք, որ մարտ ամսին Պն ռազմական ոստիկանության աշխատակիցները խոշոր չափի կաշառք ստանալու պահին ձերբակալել էին Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Զախարյանին եւ Զորակոչային բաժնի տեսուչ Տիգրան Հովհաննիսյանին: Գրել էինք, որ Նոր Նորքի զինվորական կոմիսար Ռ. Զախարյանը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանիգ Գելի հորաքրոջ որդին է:

Հիշեցնենք, որ նրան պաշտոնանկ արեցին, քանի որ ոստիկանության զենք-զինամթերքը գաղտնի վաճառել էր:

Նկատենք, որ այս երկու դեպքերը բացահայտվել էին նույն ժամանակահատվածում, սակայն Հրազդանի զինկոմիսարիատում կաշառքի գործը մտել է դատարան, իսկ Նոր Նորքի զինկոմիսարիատի դեպքը` դեռ ոչ: Թե ինչու, դժվար է կանխատեսել:

Քնար Մանուկյան




Լրահոս