Ս.թ. օգոստոսի 16-ից 31-ը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը` վարժարանի պետ, գնդապետ Վ. Ոսկանյանի ղեկավարությամբ, մասնակցել է Ղրղզստանի Հանրապետությունում կայացած «Սոյուզ 2014-Հաղթանակի ժառանգներ» երիտասարդական ուսումնական ռազմամարզական միջազգային հավաքին: Հավաքին իրենց մասնակցությունն են ունեցել Ռուսաստանի Դաշնության 8, Ղրղզստանի 2, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովիայի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունների թիմերը:
Անցկացվել են մրցույթներ հետևյալ մարզաձևերից. «Արգելագոտու հաղթահարում և 1-ին բուժօգնություն», «Դիպուկահարների մենամարտ», «Սուսերամարտ սվիններով», «Կրոսավազք 3 կմ`զենքով», «Փոխանցավազք ջրի վրա», «Ուժային տեստավորում», «Դանակի նետում», «Լեռնային-դաշտային երթարշավ 20 կմ», «Շարային պատրաստությունից», «Պատը` պատին», «Ֆուտբոլի և վոլեյբոլի առաջնություն», ինչպես նաև «Պատմական վիկտորինա», «Դիվանագիտական խաղ`Պետություն»:
Կազմակերպվել են հետևյալ դպրոցները` Կինոյի, Հետախույզ–վերլուծաբանի, Ժուռնալիստիկայի, Մարտական և արտակարգ իրավիճակների պայմանների բուժօգնության, Հոգեբանության, Դեսանտայինի, Բաղնիքային վարպետության, Ռազմական հետախույզի, Տիեզերագնացության, ինչպես նաև լուսանկարների ցուցահանդես «Իմ պապը հաղթող է» թեմայով: Անցկացվել են նաև մշակույթային օրեր, որտեղ յուրաքանչյուր պատվիրակություն ներկայացրել է իր երկրի պատմությունը, մշակույթը, երգն ու պարը, ազգային խոհանոցը, տարազը, զինված ուժերը, ուսումնական հաստատությունը, կազմակերպել է կլոր սեղան երկրորդ աշխարհամարտի, Աֆղանստանի և Չեչնիայի պատերազմի վետերանների մասնակցությամբ:
Վարժարանի թիմը աչքի է ընկել բարձր ֆիզիկական և բարոյակամային հատկանիշներով: Վարժարանի սաներն ընդգրկվել են տարբեր պետությունների ներկայացուցիչներից համալրված հավաքական դասակներում և իրենց թիմերի կազմում նվաճել են 11 ոսկե, 12 արծաթե և 12 բրոնզե մեդալներ: Հավաքների ընթացքում հանդիպումներ են եղել Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանական և Չեչնիայի պատերազմի վետերանների, հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայացուցիչների, տիեզերագնաց-օդաչու, ՌԴ և Ղրղզստանի հերոս Սալիժան Շարիպովի, օլիմպիական չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ ԽՍՀՄ և ՌԴ վաստակավոր մարզիչ, ՌԴ սպորտային ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլիի և այլ պատվավոր հյուրերի հետ:
Հավաքների ավարտին ք. Մոսկվայում վարժարանի թիմը այցելել է նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարան, հանդիպել թեմակալ առաջնորդ, գերաշնորհ տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին: Վարժարանի սաներն այցելել են նաև ՌԴ Զինված ուժերի, «Բորոդինոյի ճակատամարտի համայնապատկեր» թանգարաններ և այլ տեսարժան վայլեր:
Հաջորդ տարի «Սոյուզ 2015-Հաղթանակի ժառանգներ» միջազգային հավաքը` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, նախատեսված է անցկացնել Հայաստանի Հանրապետությունում` Ծաղկաձորում: