«Երկրի ղեկավարն արժանի է վերջին բոլշևիկ կոչվելու բարձր պատվին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե նույնիսկ գերհզոր շարժիչով ավտոմեքենան մոնտաժված է քառակուսի անվադողեր ունեցող հիմքի վրա, ապա նրա շարժունակությունն ի սկզբանե բացառվում է, որքան էլ հմուտ եւ փորձառու լինի ղեկին նստած վարորդը: Նմանատիպ տրանսպորտային միջոցի այդ թերությունը հնարավոր չէ վերացնել ոչ սպասարկման սակագների կարգավորմամբ, ոչ երթեւեկության անվտանգության մակարդակի բարձրացմամբ, ոչ էլ սրահում բարոյահոգեբանական մթնոլորտը փոփոխելու միջոցով:

Ըստ անձնական ճաշակի, այս ցանկը կարելի է շարունակել` հորինելով անբովանդակ բարեփոխումների մի անվերջ բազմություն: Սա անժխտելի ճշմարտություն է, որն իդեալական հայելու հստակությամբ ներկայացնում է սահմանադրական բարեփոխումների շուրջ իշխանության նախաձեռնությամբ ընթացող բուռն քնարկումների իրական բնույթն ու իմաստը:
Այսօր փորձ է արվում հանրային քննարկման ամենակարեւոր հարցը դարձնել այն, թե կառավարման համակարգի որ տարբերակն է Հայաստանի համար առավել բարենպաստն ու արդյունավետը` նախագահականը, կիսանախագահականը, թե խորհրդարանականը:
Այնինչ` ժողովրդավարական երկրներում այդ երեքն էլ հաջողությամբ կիրառվում են դարեր շարունակ, ապահովելով սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային եւ քաղաքական հետեւողական առաջխաղացումն ու հասարակության ընդհանուր կենսամակարդակի բարելավումը: Դա բացատրվում է քաղաքակիրթ աշխարհը միավորող պարզ ու հասկանալի սկզբունքով, որը կոչվում է օրենքի գերակայություն եւ որն ինչպես իշխանությունն, այնպես էլ ոչ իշխանական ուժերը համառորեն չեն հիշատակում ակնհայտ ձեւական բնույթ կրող իրենց քաղաքական պայքարի շրջանակներում:
Բոլշեւիկյան կայսրության պատմությանն առավել մանրամասն ծանոթ ավագ սերնդի մեր հայրենակիցներից յուրաքանչյուրը կարող է վկայակոչել, թե ինչպես էր ԽՍՀՄ-ը ներկայանում արտաքին աշխարհին, եւ ինչպիսին էր իրականում:

Տասնամյակներ շարունակ կառավարող եւ միակ գործող կոմունիստական կուսակցությունը պնդում էր, թե Խորհրդային Միությունը ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է, որի իշխանությունն առաջնորդվում է բացառապես ժողովրդի շահերից բխող սկզբունքներով: Պաշտոնապես երկրում իհարկե տեղի էին ունենում ընտրություններ. առկա էին եւ օրենսդիր, եւ գործադիր, եւ դատական իշխանության մարմիններ, սակայն նրանց գործունեությունը նույնիսկ ամենաաննշան թվացող հարցերում ընթանում էր իշխող կուսակցության համակարգված թելադրանքի ներքո:

Ցածրագույն աստիճանի որեւէ պաշտոն զբաղեցնելն անգամ հնարավոր չէր առանց կուսակցական անդամատոմս ունենալու, իսկ կոմկուսի առաջնորդներն իշխում էին ցմահ, բացառությամբ Նիկիտա Խրուշչովի, ում սանձարձակ որոշումների եւ անհիմն ամպագոռգոռ հայտարարությունների հետեւանքով մարդկությունը հայտնվեց միջուկային ինքնաոչնչացման եզրին:
Սա չի՞ հիշեցնում արդյոք մեր գլխավոր ռազմավարական դաշնակցին, որի հնազանդ ստրուկը հանդիսանալով` Հայաստանը փաստացի հայտնվեց քաղաքակիրթ աշխարհից մեկուսացված` իզգոյ երկրների խղճուկ վիճակում:

Խորհրդային ժամանակների պահվածքի կրկնությունները մեզանում բազում են: Օրինակ այն, որ Մելիք Ադամյան փողոցը Հայաստանի տեսանելի ապագայի քաղաքականության գլխավոր մայրուղին է, կամ որ երկրի ղեկավարն իրավամբ արժանի է վերջին բոլշեւիկ կոչվելու բարձր պատվին, կամ էլ` որ երեւանցիների ճնշող մեծամասնության կարծիքն ու բողոքները անտեսելով մայրաքաղաքի կենտրոնում տեղադրվելու է մարդասպան Միկոյանի արձանը:
Գանձագողություն, կաշառակերություն, արդարադատության այլասերում, Հանրապետական կուսակցության անդամատոմսով պայմանավորված սանձարձակություն եւ անպատժելիություն, քավոր-սանիկ, աներ-փեսա հարաբերությունների խորացող գերակայություն բոլոր պետական եւ բիզնես ատյաններում, համատարած ստախոսություն, անբարոյականություն, բնության պաշարների, հասարակական եւ անձնական ունեցվածքի ցինիկ կողոպուտ եւ ավտորիտար երկրներին բնորոշ բազում այլ դրսեւորումների արդյունքում առաջացած զանգվածային արտագաղթի ահագնացող տեմպեր… այդպիսին չէ՞ արդյոք ապօրինի ազգադավ իշխանությամբ կառավարվող այսօրվա Հայաստանի պատկերը:
Ստացվում է, որ զարգացման ազգային պետականության ամրապնդման եւ քաղաքակիրթ աշխարհի որդեգրած այլ սկզբունքների ճանապարհով առաջ շարժվելու փոխարեն, մեր երկիրը քարշ են տալիս ճիշտ հակառակ ուղությամբ` դեպի ժանգոտված, վարկաբեկված եւ պատմության փլատակներում թաղված լենին-ստալինյան բոլշեւիզմի գարշահոտ ճահիճը:
Այդ ֆոնին եզրակացությունն անվիճելի է, հանցավոր քաղաքական վերնախավը սեփական ապօրինի իշխանությունը երկարաձգելու միակ տարբերակը տեսնում է իր նման իշխանազատ բոլշեւիկների միությանն անդամակցելու ճանապարհով, որը տրամագծորեն հակասում է ցանկացած քաղաքակիրթ ժողովրդի արժանապատվությանն ու երազանքներին:

Իսկ սահմանադրական բարեփոխումների քնարկումները ոչ այլ ինչ են, քան անիմաստ ու անբովանդակ դատարկախոսություն:
Հին Հռոմի հայտնի իրավագետ եւ փիլիսոփա Ցիցերոնի խորիմաստ բանաձեւն ասում է. «Չես կարող ապրել ազատ, չլինելով օրենքի ստրուկը»: Ահա թե որն է այն առաջնահերթ բարեփոխումը, որն իրականացվում է ապօրինի իշխանության` օր առաջ տապալման եւ օրենքի գերիշխանության արմատավորման միջոցով: Ահա թե որն է այն միակ պայմանը, որի առկայությամբ երաշխավորվում է բոլոր անհրաժեշտ բարեփոխումների արդյունավետությունը:

Արկադի Վարդանյան
Վանաձոր փակ բանտային ռեժիմի քրեակատարողական հիմնարկի քաղ. բանտարկյալ




Լրահոս