Նոյեմբերյանի խմելու ջրի 80%-ը կորում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի խմելու ջրի ներքին ցանցն անցյալ դարի 50-60-ական թվականներին է կառուցվել, այն մաշված է, որի պատճառով մատակարարվող խմելու ջրի 80 տոկոսը կորում է: Վերջին 2-3 ամսվա ընթացքում երաշտ է, որի պատճառով Գիշսարից ձգվող, 58 կիլոմետր երկարությամբ ջրագծի ակունքը չորացել է:

Ներկայում Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերը ջուր են ստանում Բերդավան գյուղի խորքային հորերից, պոմպերի միջոցով: Լինում են օրեր, երբ քաղաքին ընդհանրապես ջուր չի տրվում:

Նախկինում նոյեմբերյանցիները խմելու ջուր էին ստանում օրական 2 անգամ` առավոտյան եւ երեկոյան, մի քանի ժամով: Նոյեմբերյանցիներին խիստ մտահոգում է ոչ այնքան ջրի սակավությունը, որքան` խմելու ջրի անվան տակ իրենց բնակարաններ մատակարարված հեղուկի որակը: Քաղաքի շատ բնակիչներ այդ ջուրը չեն խմում, այն օգտագործում են լվացք անելու կամ այլ նպատակներով: Տարաներում կուտակված ջրի վրա 1-2 օր հետո փառ է գոյանում, այն կրային նստվածք ունի: Նեյոմբերյանցիներից շատերը ջուր օգտագործելուց առաջ այն եռացնում են, որպեսզի հեղուկը մաքրվի կրային նստվածքից:

Նա, ով ավտոմեքենա ունի, ջրի տարաները լցնում է մեքենայի մեջ եւ քաղաքի ծայրամասի աղբյուրներից ջուր կրում: Նոյեմբերյանի խանութներում հանքային եւ աղբյուրի ջուրն ամենավաճառվող ապրանքներից է: Նշենք, որ Ջրմուղկոյուղու «Նոյեմբերյան» տեղամասի տնօրեն Գառնիկ Մամյանն իր առանձնատան բակում ջրհոր ունի, որտեղից էլ օգտվում է: Նա այդ խորքային հորը կառուցել է մի քանի տարի առաջ, երբ հիմնարկության հորատող մեքենան Նոյեմբերյանում աշխատանքներ էր իրականացնում: Ու թերեւս պետք չէ զարմանալ, որ Նոյեմբերյանի խմելու ջրի վիճակը չի մտահոգում համապատասխան պաշտոնյաներին:

Ներկայում Ասիական բանկի վարկային ծրագրով, 500 միլիոն դրամ ֆինանսավորմամբ քաղաքի խմելու ջրագիծը վերանորոգվում է: Նախատեսվում է մեկ տարվա ընթացքում 25 կմ ընդհանուր երկարությամբ ջրագծում պլաստմասե խողովակներով փոխել գործող ցանցը, վերանորոգել 4 ջրամբարները, սեփական առանձնատների բնակիչների համար տեղադրել 1100 հատ ջրաչափ եւ նորոգել աշխատանքների ընթացքում վնասված 4400 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ասֆալտապատ ճանապարհ:

Այդ ծրագրի արդյունքում կնվազեն մատակարարվող ջրի կորուստները, ներկայիս մի քանի ժամվա փոխարեն քաղաքին օրական 14 ժամ ջուր կմատակարարվի: Սակայն իրականացվող ծրագիրը մատակարարվող ջրի որակի բարելավման բաղադրիչ չունի: Ուրեմն նոյեմբերյանցիները շարունակելու են «վայելել» կասկածելի որակի հեղուկը` տարբեր վարակներով հիվանդանալու մշտական վտանգն աչքերի առաջ:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս