Լեռնային Ղարաբաղի Հհանրապետության անկախ պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի և Արկադի Ղուկասյանի վերադարձին երկու պետությունների ժողովուրդները չեն սպասում:
-Պարոն Բադասյան, Սերժ Սարգսյանը մեկնում է Միացյալ Թագավորություն ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը համաձայնվել է այնտեղ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նշվում է, որ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ պետքարտուղար Զոն Քերիին: Ի՞նչ ակնկալիքներ ունի Արցախն այդ հանդիպումից:
-Ես անձամբ որևէ ակնկալիք չունեմ այդ հանդիպումներից: Չեմ էլ ժխտում, որ պետք են նման հանդիպումները: Իսկապես նման հանդիպումներն անհրաժեշտ են, բայց ես այդ հանդիպումներից երբևէ ակնկալիքներ չեմ ունենում: Իմ ակնկալիքներն այն կլինեն, որ առաջիկա ամսվա մեջ Հայաստանի իշխանությունները Մաքսային միություն մտնելով չկորցնեն ինքնիշխանությունն ու այդպես վտանգի տակ չդնեն Արցախի հարցը: Այսօրվա դրությամբ սա է իմ մտահոգությունը:
-Այսինքն՝ ըստ Ձեզ, եթե Հայաստանը Մաքսային միությանն ու ԵՏՄ-ին անդամակցի վտանգի տակ է դնելու նաև Արցախի՞ հարցը: Կարծում եք, որ նման դեպքում ՀՀ-ն կորցնելո՞ւ է իր ինքնիշխանությունը:
-Այո, որովհետև որևէ մեկը չգիտի, թե այնտեղ ինչ պայմանագիր է, որևէ մեկը տեղյակ չէ, թե իրենից ինչ է ներկայացնում այդ պայմանագիրը: Իսկ քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Արցախը մեր պատկերացումների մեջ չի, ապա այդ նույն ոգով կստորագրվի նաև պայմանագիրն ու մաքսակետ կդրվի Արցախի ու Հայաստանի միջև, դրանով արդեն հարցը պետք է վերջանա:
Իսկ այդ դեպքում Արցախը դժվարին կացության մեջ կդրվի: Այդ դեպքում և՛ Արցախի ժողովրդի, և՛ Հայաստանի ժողովրդի հարցը կմտնի փակուղի: Այժմ իմ ամբողջ մտագոհությունը վերաբերվում է դրան: Ու ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, որ իրենց ողջ մտահոգությունը, ուշադրությունը դարձնեն դրա վրա, որպեսզի, ի վերջո, նման երևույթ տեղի չունենա:
-Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ իրենք խոչընդոտ չեն տեսնում ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության հարցում: Ի՞նչ եք կարծում, դա չի՞ նշանակում, որ Արցախի հարցը կարող է այդ դեպքում լուծելի համարել:
-Մի բան նշեմ, որ Նազարբաևի վերջին հայտարարությունը նշանակում էր, որ ինքը չի ցանկանում, որպեսզի իր երկիրը կորցնի իր անկախությունը: Իսկ իրենք արդեն իրենց արածն արել են: Արդեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Արցախն իրենցը չէ: Այնպես է ստացվում, որ Արցախից հրաժարվելով լուծվում է ԵՏՄ-ին անդամակցելու հարցը: Իսկ այժմ մենք բոլոր քաղաքական ուժերով պետք է այնպես անենք, որ դա տեղի չունենա, որովհետև եթե դա տեղի ունենա՝ արդեն բոլոր հարցերը կդժվարանան:
-Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ Հայաստանը որևէ կերպ չի ցանկանում հրաժարվել Մաքսային միության և ԵՏՄ-ին անդամակցելու գաղափարից: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է արվի, որպեսզի ՀՀ իշխանությունները հրաժարվեն այդ անդամակցություններից:
-Ես միշտ էլ ասել եմ ու կրկնում եմ, որ մեր բախտը կբերի նրանով, որ Մաքսային միությունն այդպես էլ չի կայանա ու իրական չի դառնա: Ես կարծում եմ, որ այդ ամենը իրականություն այդպես էլ չի դառնալու:
-Պարո՛ն Բադասյան, այժմ ակտիվորեն քննարկվում է, որ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ցանկանում է կրկին վերադառնալ նախագահի ՙաթոռին՚: Դուք նրա վերադարձի հեռանկարը տեսնո՞ւմ եք:
-Ես որևէ լավ բան չեմ տեսնում, որ դա հեռանկար համարեմ, որովհետև մենք երբեք չպետք է անցյալը հետ բերենք: Կարծում եմ՝ Արկադի Ղուկասյանի իշխանության տարիները նաև իր բացասական կողմերն ունեն: Մենք պետք է առաջ գնանք: Ինչ է, մենք որևէ այլ քաղաքական գործիչ չունե՞նք, որ պետք է Արկադի Ղուկասյանի վերադարձից ակնկալիքներ ունենանք: Արկադի Ղուկասյանը ԼՂՀ նախագահ է եղել, իսկ այժմ էլ թող զբաղվի իր գործերով: Կարծում եմ՝ Արցախի ժողովուրդը դա միանշանակ չի ընդունում:
-Հայաստանում էլ այժմ քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հարցը…
-Նախ՝ չպետք է մոռանանք, որ Արկադի Ղուկասյանը Արցախը, որպես բանակցային կողմ… Արկադի Ղուկասյանը զիջեց Ռոբերտ Քոչարյանին: Իսկ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի դեպքում նույն կատաստրոֆան պետք է լինի Հայաստանի ժողովրդի համար, եթե Ռ. Քոչարյանը հետ գա: Ասած Ռոբերտ Քոչարյանի՝ մի՞թե չկա ուրիշ տղամարդ: Իհարկե կա, ուրեմն պետք է նոր, թարմ ուժեր բերել, որպեսզի կարողանան երկիրը զարգացնել:
Հ.Գ. Երեկ Karabakh-open.info-ն փորձել էր Արկադի Ղուկասյանից պարզել ԼՂՀ նախագահի պաշտոնի վերադարձի հարցը: Ա. Ղուկասյանը ո՛չ հերքել, և ո՛չ էլ հաստատել էր տեղեկությունը. «Ես համարում եմ, որ այն մարդը, ով 10 տարի ղեկավարել է Ղարաբաղը, չի կարող անտարբեր լինել նրա նկատմամբ, և այն բոլոր հարցերը, որոնք կան, իմն են։ Այլ բան է, որ ամեն հարցի շուրջ չեմ արտահայտվում ԶԼՄ-ներով, բայց այդ բոլոր հարցերը քննարկում եմ ՀՀ և ԼՂՀ նախագահների հետ և այս տեսանկյունից ես երբևե դուրս չեմ եղել այդ գործընթացներից»:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ