ՀՀ իշխանություններն առանձնահատուկ սեր ունեն օֆշորային ընկերությունների նկատմամբ: Խոսքն ամենեւին էլ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային հայտնի սկանդալի մասին չէ, այլ պարզվում է` ավելացել են օֆշորային գոտում գրանցված, ինչպես նաևոչ ռեզիդենտ ընկերությունների մասնակցությամբ պետական գնումները (նշենք, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն ոչ ռեզիդենտ են համարվում օտարերկրյա պետություններում ստեղծված, բայց Հայաստանում գործունեություն ծավալող կազմակերպությունները):
Նմանատիպ ընկերությունների` պետական գնումների ոլորտում ակտիվացումը չի վրիպել անգամ ՀՀ վերահսկիչ պալատի ուշադրությունից: Եվ այս առումով, ՀՀ ՎՊ 2013թ. հաշվետվության մեջ հանդիպում ենք ուշագրավ բացահայտումների. «Ակնհայտ կերպով ավելացել է ոչ ռեզիդենտ ընկերությունների մասնակցության ակտիվությունը պետական գնումներում: Տվյալ դեպքում ռիսկային է համարվում այն, որ ոչ ռեզիդենտները մրցույթներում ստանում են շահեկան դիրք: Այդ ընկերությունների համար շահեկան է նաևայն, որ կախված իրենց կազմակերպաիրավական տեսակից, ՀՀ-ում պետական հսկողություն ևվերահսկողություն իրականացնող մարմինները տվյալ գնման դեպքում չեն կարողանում լիարժեք կերպով իրականացնել վերահսկողություն»,- նշված է այնտեղ:
ՎՊ հաշվետվության այս հատվածը լավագույնս բացահայտում է օֆշորային գոտում գրանցված, ինչպես նաևոչ ռեզիդենտ ընկերությունների հմայքը, նաեւ` կոռուպցիոն եւս մեկ սխեմա: Փաստորեն, այդ ընկերություններն, ըստ էության, դուրս են ՀՀ պատկան մարմինների վերահսկողությունից, ինչն էլ նշանակում է` լավ հնարավորություն ամենատարբեր ֆինանսական մանիպուլյացիաների, «ատկատ»-ի ևայլնի համար: Ավելին, պարզվում է` այդ ընկերությունների հիմնադիրները հենց հայաստանցիներն են. ՎՊ բացահայտումներից պարզ է դառնում, որ հիմնականում այդ ոչ ռեզիդենտ կամ օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունները ստեղծվել են արհեստականորեն` գնումների մասնակցելու համար:
«Որեւէ մրցույթով հետաքրքրված տեղական ընկերությունը միտումնավոր ստեղծում է որեւէ ոչ ռեզիդենտ ընկերություն կամ կապ է հաստատում համանման ընկերության հետ, որպեսզի շահեկան դիրք գրավելու արդյունքում կարողանա հաղթող ճանաչվել մրցույթում ևկնքել պայմանագիր: Արդյունքում, որոշ ոչ ռեզիդենտների մասնակցությունը պետական գնումներին դառնում է զուտ ձեւական, գումարները փոխանցվում են հանրապետությունից դուրս: Նվազում է նաևվերահսկելիությունը:
Որպես օրինակ կարելի է նշել՝ 2012 թվականին տոհմային երինջներ մատակարարելու համար 19.12.2011թ.-ին Գյուղատնտեսության նախարարությունը պայմանագիր է կնքել «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ ևԱ/Ձ Սամվել Ամիրխանյան կոնսորցիումի հետ:
Ընկերությունը երինջները ձեռք է բերել Agro-Vest Plus s.r.o. չեխական ընկերությունից, որը ստեղծվել է 2012թ. փետրվարի 29-ին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ պայմանագիրը կնքելուց ևգումարը փոխանցելուց հետո: Դրա հիմնադիրը հանդիսանում է Էդիկ Ամիրխանյանը, ով կոնսորցիումի մասնակիցներից «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ-ի տնօրեն Ռադիկ Ամիրխանյանի ևՉեխիայում գրանցված Ա/Ձ Սամվել Ամիրխանյանի եղբայրն է: Մատակարարված երինջների մաքսային հայտարարագրերի համաձայն, մեկ երինջի մաքսային արժեքը կազմել է 1,371,195 դրամ (ընդամենը 287,950.9 հազ. դրամ` 210 երինիջի համար) այն դեպքում, երբ պայմանագրի արժեքը եղել է 270,900.0 հազ. դրամ:
Հետեւաբար, կոնսորցիումը, ըստ ներկայացված փաստաթղթերի, իբրևկրել է 17,050.9 հազ. դրամի վնաս: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պայմանագիրը կնքել էր 210 երինջների ձեռքբերման համար, սակայն նախարարության անունով մաքսազերծվել է 230-ը: Agro-Vest Plus s.r.o. չեխական ընկերության հաշիվ-ապրանքագրերով բոլոր 230 երինջների համար, որպես գնորդ, նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, իսկ որպես վճարող` «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ-ն»,- նշված է ՎՊ զեկույցում: Խոստովանենք` մեծ երեւակայություն է հարկավոր նման մեխանիզմ ստեղծելու ևայդպես գումարներ գրպանելու համար: Ընդ որում, դժվար է պատկերացնել, որ Գյուղատնտեսության նախարարությունից տեղյակ չեն եղել այդ ընկերությունների ստեղծման պատմությանը: Ուստի, կարելի է պնդել` այս ամենն իրականացվել է առնվազն իշխանությունների թողտվությամբ:
Մեկ այլ ուշագրավ դեպք էլ ՎՊ-ն բացահայտել է կիպրոսյան ընկերության հետ կապված: Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների 2-րդ ռազմավարության իրականացման դրամաշնորհային ծրագրի շրջանակում համապատասխան աշխատանքների ձեռքբերման համար «Four Assist Development Consulting Limited» (Կիպրոս) կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր: Ըստ ՎՊ հաշվետվության, այդ նպատակով 704.1 հազ. ԱՄՆ դոլար փոխանցվել է Կիպրոս՝ ընկերության հաշվին: «Կիպրոսյան ընկերությունն իր հերթին պայմանագրի կնքման նույն օրը, պայմանագրով նախատեսված խորհրդատվական ծառայության 10 մատուցման համար, 288.0 հազ. ԱՄՆ դոլար արժեքով ենթամատակարարի պայմանագիր է կնքել ՀՀ-ում գրանցված «Փի – Էյջ – Փի Փարթնըրզ» ՓԲԸ հետ:
Պայմանագրով նախատեսված աշխատանքների ողջ ծավալը ենթամատակարարի պայմանագրով իրականացրել է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ն»,- նշված է ՎՊ հաշվետվության մեջ: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց պարզել, թե ովքեր են «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ն հիմնադիրները. կառավարության էլեկտրոնային ռեգիստրում որպես հիմնադիր նշված էր. «Բաժնետերերը»: Ասել է թե՝ այս ընկերության հիմնադիրների անունները գաղտնի են պահվում, իսկ դա չի կարող լինել պատահական: «Ժողովուրդ»-ն, իհարկե, կփորձի պարզել, թե ովքեր են կանգնած այս ընկերության թիկունքում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ