36 տարվա պատմություն ունեցող Գյումրու Գեղագիտության ազգային կենտրոնն ընդամենը մեկ անգամ է հիմնանորոգվել: Շենքը գտնվում է անբարենպաստ գոտում. ստորգետնյա ջրերի պատճառով ներսում խոնավության առկայությունը մշտական է, եւ հետեւաբար` շենքի վիճակն էլ` անմխիթար:
2013-ին պետբյուջեից ընդամենը 30 մլն դրամ հատկացվեց 1200քմ կառույցում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար: Նշված գումարը բավականացրեց միայն ջեռուցման համակարգ անցկացնելուն եւ պատուհանները փոխելուն: Շինարարները, որոնց հատկացրել էր Շիրակի մարզպետարանը, աշխատանքները դադարեցրել են եւ հեռացել, երբ գումարն ամբողջությամբ ծախսվել է: Նոր ուսումնական տարվան ընդառաջ ճարահատյալ շենքի նորոգումը սեփական ներդրումների հաշվին ավարտին հասցրին կենտրոնի աշխատակիցներն ու սաների ծնողները: Վերջիններս հատկապես աջակցեցին շինանյութի տրամադրմամբ:
Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Սուսաննա Մկրտչյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ չնայած խնդրանքներին` քաղաքապետարանը ոչ մի տեսակի աջակցություն չի ցուցաբերել:
Հիմա վերանորոգումն ավարտված է, սակայն տանիքն այդպես էլ փոխել չի հաջողվել, այն միայն «կարկատել» են: Տնօրենի խոսքերով` իրենք երջանիկ կլինեն, եթե որեւէ բարերար ցանկություն հայտնի աջակցել տանիքի վերանորոգման հարցում, այլապես` տանիքը չփոխելու դեպքում, արված ամբողջ աշխատանքը կարող է ջուրն ընկնել:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ