Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Կոլումբիայի ընտրանու դեմ ընկերական խաղում առաջին անգամ ավագի դերում էր: Այդ խաղում բրազիլացիները հաղթանակ տարան 1:0 հաշվով: Խաղից հետո հարձակվողը վստահության համար շնորհակալություն է հայտնել մարզչական շտաբին:
«Ավագ լինելը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Ես շնորհակալություն եմ հայտնում մարզիչներիս և թիմակիցներիս: Խաղադաշտ 11 հոգի է դուրս գալիս, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր տեսակետը:
Գլխավորը միասնական կոլեկտիվ լինելն է. այդ ժամանակ մենք անպայման չեմպիոն կդառնանք: Ինչ վերաբերում է Սունիգային, նա խաղից առաջ ներողություն է խնդրել և հաջող խաղ մաղթել», – նշել է Նեյմարը:
Հիշեցնենք, որ հենց Սունիգայի հարվածի պատճառով Նեյմարը դադարեցրեց ելույթներն Աշխարհի 2014թ. առաջնությունում: