Պա՛պ, մարդ եմ խփել, դատվում եմ. ի՞նչ պարզվեց զինվորի սպանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորիս է հայտնի «քարով մի խաղա, մեջն արյուն կա» ժողովրդական խոսքը: Ողջաբերդի 20-ամյա բնակիչ, ժամկետային զինծառայող Սերոբ Բուդաղյանին, անկասկած, այս խոսքերն անծանոթ չեն, բայց նա որոշեց խաղալ «քարով», ավելի հստակ` լիցքավորված ինքնաձիգով:

2013 թվականի մարտի 12-ին ԼՂՀ ՊԲ N զորամասում Սերոբի արձակած կրակոցից զոհվեց նրա ծառայակից ընկերը` Վոլոդյա Ավագյանը:

Ընկերները Վոլոդյային մտերմորեն «Տաշիր» էին կոչում` ելնելով նրա ծննդավայրի անունից: Տաշիրն ու Սերոբը մտերիմ ընկերներ էին. երբեք չեն վիճել, տարաձայնություններ էլ չեն ունեցել: Այդ օրը Սերոբը որոշել էր կատակել եւ իր ինքնաձիգով վախեցնել Տաշիրին, թե կսպանի… ու կատակի հետեւանքները ողբերգական եղան:

Մարտական դիրքում Սերոբը փամփուշտատուփն ամրացրեց զենքին, փակաղակը քաշելով` լիցքավորեց այն եւ փողն ուղղելով ընկերոջ գլխին` մեկ ընդհուպ կրակոց արձակեց նրա ճակատի ձախ շրջանին եւ սպանեց:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սերոբի ծննդավայրի ղեկավար Նորայր Մելքոնյանը վստահեցրեց, որ զինծառայողն ընդունակ չէ մարդու սպանել, եւ տեղի ունեցածը թյուրիմացություն եւ պատահականություն է: Ողջաբերդի ղեկավարի գնահատմամբ` Սերոբն այն մարդն է, ումից շատ երիտասարդներ պետք է խոհեմություն եւ ընկերասիրություն սովորեն, օրինակ վերցնեն նրա բարությունից:

«Սերոբն ամբողջ Ողջաբերդում առանձնանում էր իր համեստությամբ: Բոլորիս շատ էր զարմացրել դեպքը: Անգամ հայրը` Սոսը, չի կարողանում բացատրել` ինչպես նման բան եղավ, Սերոբը ոչինչ չի պատմել: Դեպքի օրը շփոթված զանգել է հորը, թե` պապ, մարդ եմ խփել, դատվում եմ: Սոսն ասում է` չհասկացա` ինչ էր ասում: Մինչեւ փորձեցինք մարդ գտնենք, որ մի բան ասեն, արդեն հայտնեցին, թե ձերբակալվել ա»,- «Ժողովուրդ»-ին պատմեց համայնքապետը` հավելելով, որ Սերոբի ծնողները չեն կարողանում այցելել նրան` ֆինանսական խնդիրների պատճառով:

Ժամկետային զինծառայող Սերոբ Բուդաղյանը թե նախաքննության, թե դատական քննության ընթացքում հայտարարել է, որ Վոլոդյա Ավագյանին սպանելու նպատակ կամ պատճառ երբեւէ չի ունեցել, նրանց միջեւ մշտապես եղել են ընկերական ջերմ հարաբերություններ: Հատկանշական է այն, որ Սերոբը տեղեկացրել է, որ լիարժեք տիրապետում է զենքից օգտվելու կանոններին եւ իր ծառայության 9 ամսվա ընթացքում հասցրել է ուսումնասիրել յուրաքանչյուր մանրուք:

Ինչեւէ, ինքնաձիգն առանց կողմնակի միջամտության չի կրակել, իսկ միջամտողը եղել է Սերոբ Բուդաղյանը, ով, թեկուզ իր կամքից անկախ, դարձել է մտերիմ ընկերոջ անժամանակ մահվան պատճառը:

Որդեկորույս Սեդրակ Ավագյանը որեւէ դժգոհություն չի հայտնել դատարանին` ընդդեմ Սերոբի. նա միակ որդուն է կորցրել, եւ դրանից առավել ողբերգություն լինել չէր կարող: «Տղես ա մահացել` ինձ ոչ մի բան չասելով: Սերոբի մասին ընդհանրապես չի պատմել, չի խոսել: Եթե կռված լինեին կամ խնդիրներ ունենային, կասեր ինձ, բայց բան չի ասել»,- ցավը սրտում պատմել է Սեդրակ Ավագյանը:
Իսկ տղաների ծառայակից ընկերները, վերհիշելով դեպքը, դատարանում պատմել են, թե «Սերոբն ընկել էր Տաշիրի կողքը, գլուխը պահել ձեռքերի մեջ ու լացելով ասում էր. «Տաշի~ր, ի՞նչ արեցի, սպանեցի»:

Գագիկ Հակոբյանը, ով նույն օրը մարտական դիրքերում հերթապահում էր տղաների հետ, պատմել է, որ Սերոբը մոտեցել է իրեն ու ասել. «Գագուլիկ, ես եմ արել, կարա՞ս ասես` սամաստրել ա էղել, թե չէ դատվելու եմ»:

Նույն խնդրանքով Սերոբը դիմել է նաեւ մյուս ծառայակիցներին եւ առանց պատասխանը լսելու այս ու այն կողմ է վազել: Իսկ դեպքի վայր ժամանած հրամանատարին` Գեղամ Մանուկյանին զինվորը խնդրել է օգնել իրեն եւ թույլ չտալ, որ դատեն: Հրամանատարն էլ, ի պատասխան, ասել է, թե ոչ ոք չի դատվելու, հանգիստ եղիր, հասկանանք` ինչ է կատարվում:

Այդուհանդերձ, Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով` Սերոբը դատապարտվեց ազատազրկման 12 տարի ժամկետով:

Վերաքննիչ քրեական դատարնն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Այն սեպտեմբերի 1-ին բողոքարկվեց ՀՀ Վճռաբեկ դատարանում:
Մեղադրական եզրակացության համաձայն` Սերոբին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, այն է` սպանությունը` խուլիգանական դրդումներով:

Հ. Գ .Ի դեպ, դիրքերում հերթապահության ժամանակ զինծառայողի ինքնաձիգը պետք է պարտադիր լիցքավորված լինի: Եվ նաեւ դա է պատճառը, որ հրազենային կրակոցներից մահվան ելքով պատահարների մեծ մասը գրանցվում է հենց դիրքերում` հերթապահության ժամանակ:

Տաթև Հարությունյան




Լրահոս