Armenian text to speach

Կբարձրացվի ՀՀ խորհրդանիշները փոխելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քանի որ մոտ ապագայում մեր երկրում սպասվում են սահմանադրական փոփոխություններ, ուստի Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում երեկ քվեարկության արդյունքում միաձայն որոշվեց բարձրացնել ՀՀ զինանշանը, հիմնը, դրոշը փոփոխելու հարցը: Ինչպես ասում են` «սաղ խաղը խաղացել էինք, մնացել էր սարի սմբուլը»: Այսինքն` մեր երկրում ամեն ինչ այնքան իդեալական է, որ միակ պրոբլեմը մնացել է երկրի խորհրդանիշների հրատապ փոփոխությունը:

Հիշեցնենք, որ այս նուրբ խնդիրն անկախ Հայաստանի պատմության մեջ առնվազն երեք անգամ փորձ է արվել լուծել, բայց չի ստացվել: Առաջին անգամ այն տեղի ունեցավ 1990թ. օգոստոսին, երբ անկախության հռչակագրի ընդունումից հետո ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է երեք ամսում օրհներգի մրցույթ անցկացներ: Սակայն մինչեւ 1991թ. մրցույթ չանցկացվեց եւ Գերագույն խորհուրդը ընդունեց ժամանակավոր որոշում. «Մեր հայրենիքն» ընդունել որպես հիմք` ՀՀ պետական նոր օրհներգի համար»: Օրհներգի փոփոխության երկրորդ փորձն արվեց 2006թ, եւ այն նույնպես, ըստ էության, տապալվեց:

Արդյունքում 2006-ի հոկտեմբերի 21-ին մշակույթի նախարարի գլխավորած մրցութային հանձնաժողովը գրեթե միաձայն քվեարկեց հօգուտ Արամ Խաչատրյանի հեղինակած Սովետական Հայաստանի օրհներգի, սակայն միայն երաժշտությանը, բառերի ընտրության հարցն այդպես էլ մնաց առկախ: Իսկ 2006թ. վերջին էլ ՀՀ ԱԺ-ն ընդունեց «ՀՀ օրհներգի մասին» օրենք, ըստ որի` մինչեւ ՀՀ նոր օրհներգի տեքստն ու երաժշտությունն օրենքով սահմանելը, ՀՀ անցումային օրհներգը «Մեր հայրենիքն» է:

Այդպիսով երկարաձգվեց սահմանադրական պահանջի կատարման ժամկետը:
Կարծում ենք, որ իրականում երկրի հզորությունը ոչ թե սիմվոլներով, այլ առաջին հերթին տնտեսական ու ժողովրդագրական վիճակով պետք է երեւա: Թող մեր խորհրդանիշը լինի փափկամազ փիսիկ` արծվի փոխարեն, հիմնն էլ մնա այն, ինչ ունենք այսօր, բայց իրականում ունենանք մեր բոլորի երազած ազատ, անկախ ու հզոր Հայաստանը:




Լրահոս