Ռ. Քոչարյանի 10 տարիները Հայաստանի կորցրած տարիներն են. Վ. Շիրխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում բացառեց Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու հավանականությունը, քանի որ ըստ նրա` Քոչարյանը չունի ո՛չ քաղաքական ուժերի, ո՟չ էլ ժողովրդի աջակցությունը:

-Պարոն Շիրխանյան, Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո վերստին ակտիվացան նրա վերադարձի մասին խոսակցությունները: Առավելեւս, որ ինքըª Քոչարյանն, իր այս հարցազրույցում ակնարկել էր, որ դա միանգամայն հնարավոր է եւ կախված է հանգամանքներից: Դուք որքանո՞վ եք հավանական համարում Ռ. Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն:

-Ես չեմ հավատում այն լուրերին, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ, չեմ հավատում այն տեղեկությանը, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է նման մտադրություն ունենալ, որովհետեւ դա զուրկ է հողից… քաղաքական, սոցիալական հողից այդ ինֆորմացիան զուրկ է:

-Ինչո՞ւ եք այդքան վստահ բացառում դա, այն դեպքում, երբ ինքը` Ռ. Քոչարյանն, իր վերադարձը չի բառացում:

-Մենք տարիների ընթացքում ունեցել ենք մի քանի տասնյակ թեկնածուներ, որոնցից որեւէ մեկը չի բացառում, որ կարող է նորից մտնել պայքարի մեջ: Դա ձգտում է, ու եթե այդ ձգտումը մարդու մոտ կա, դա երբեք չի անցնում, միշտ այդ ծգտումը լինում է: Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական գործիչ, ով ինչ-որ ժամանակահատվածում հեռանում է քաղաքականությունից, միշտ էլ ձգտում է կրկին այնտեղ վերադառնալ:

-Անդրադառնալով քաղաքական դաշտին` Դուք բացառո՞ւմ եք, որ Ռ. Քոչարյանն այժմ բանակցում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու Քառյակի մյուս քաղաքական ուժերի հետ:

-Չեմ կարծում, որ այսօր դա այդպես է: Ես դրան չեմ հավատում ու նման ինֆորմացիաներն իրական չեն: Ե՛վ ճանաչելով, և՛ գնահատելով առկա հնարավորությունները, ես ասում եմ, որ նրա վերադարձը հնարավոր չէ: Եվ քաղաքական դաշտում ինքը աջակցություն չի ունենալու, եւ հատկապես ժողովրդի աջակցությունը չի լինելու:

-ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը «կատաստրոֆա» է լինելու ժողովրդի համար: Դուք համակարծի՞ք եք:

-Երեւի նման բան հայտարարողներն ինձանից մի քիչ ավելի են ճանաչում Ռոբերտ Քոչարյանին: Իհարկե ժողովրդի համար վատ է լինելու, ու եթե նման հայտարարություն են անում, ուրեմն ճանաչում են նրա վարած քաղաքականությունը, գործունեությունը, դրա համար են նման կերպ արտահայտվում: Ես շատ ուշադիր եմ եղել իր կառավարման 10 տարիներին ու շատ լավ գիտեմ այդ տարիների արդյունքները, եւ ես համարում եմ, որ այդ 10 տարիները Հայաստանի կորցրած տարիներն են:

-Բայց ինքը` Ռոբերտ Քոչարյանը, իր հարցազրույցներում հակառակն է պնդում: Բացի այդ` առկա է պաշտոնական վիճակագրությունը, համաձայն որի` Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանի տնտեսությունը գրանցել է երկնիշ աճ: Մի՞թե դա բավարար չէ, որպեսզի Ռ. Քոչարյանին համարենք հաջողված ղեկավար:

-Դե, զարմանալի կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը հայտարարեր, որ դրանք կորսված տարիներ են: Դրա արդյունքը զգացել է ժողովուրդը, ամեն ինչ պետք է դատել արդյունքով: Այդ երկնիշ թվերի զարգացման արդյունքը ո՞րն է եղել, Հայաստանում ներգա՞ղթ է եղել, Հայաստանում բարեկեցությունը բարձրացե՞լ է, բարգավաճո՞ւմ է եղել, վճարունակությունը բարձրացե՞լ է, մարդկանց պարտքերը պակասե՞լ են. կարեւոր արդյունքները սրանք են, որոնք Հայաստանն այդ 10 տարիներին չի ունեցել: Թե չէ, եթե թվեր են ասում, ապա երկնիշ չէ, կարելի է անգամ` եռանիշ թվեր նկարել:

-Բայց Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ գոնե իր պաշտոնավարման տարիներին արտագաղթը Հայաստանում նման տեմպերի չէր հասնում:

-Բայց մենք գիտենք, որ դա հեքիաթ է, այդ ամենը տեղի է ունեցել մեր աչքի առջեւ, դրանք վիճվարչության պաշտոնական տվյալներից հանված չեն ու կարելի է այսօր էլ վերցնել այդ թվերն ու համեմատել, տեսնել, թե այդ տարիների ընթացքում ինչքան մարդ է պակասել Հայաստանից: Դա սարսափելի թիվ է ու մենք բոլորս դրա մասին շատ լավ տեղյակ ենք: Կարիք չկա դրա մասին ինչ-որ հայտարարություններ անել, բոլորն էլ դրա մասին քաջատեղյակ են:

-Այնուամենայնիվ, որոշ շրջանակներ անգամ պնդում են, որ Ռ. Քոչարյանի վերադարձի դեպքում կբացահայտվեն նաեւ Մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատուները…

-Իսկ Մարտի 1-ն ո՞վ է արել, իսկ ո՞վ էր այդ ժամանակ երկրի նախագահը, ի՞նչ է ինքը բացելու, իր հրամաննե՞րը: Այսինքն` բացահայտում լինի, որ զորքի տեղաշարժումը այդ ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյա՞նն է կարգադրել: Դա անհնարին բան է: Երբեք չի մոռացվի այն, ինչ տեղի է ունեցել այդ տարիներին, ժողովրդի հիշողությունը կարճ չէ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս