Միգուցե խելացի չենք, բայց դուք էլ մեզանից խելացի չեք. Վ. Այվազյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերում սովորաբար կոլորիտային մթնոլորտ է, հատկապես, երբ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը մի փոքր զայրացած է լինում եւ որոշում է չհամաձայնվել հնչող տեսակետների հետ: Այդ ժամանակ նախագծերի քննարկումն առանձնահատուկ համուհոտ է ստանում. Այվազյանն իր միտքը լավ բացատրելու համար դիմում է ժողովրդական բանահյուսությանը:

Երեկ հերթական նման դեպքն էր. հանձնաժողովում քննարկվում էր «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծն, ըստ որի` կառավարությունը մտադիր է սահմանային գոտիներում արգելել լիցենզավորման ենթակա առեւտրի իրականացման վայրերի գործունեությունը` այդպիով փորձելով պայքարել մաքսանենգության դեմ: Ըստ կառավարության` որքան առեւտրի կետերը մոտ են սահմանին, այնքան մեծ է մաքսանենգության ռիսկը:

Այս նախագիծը դուր չէր եկել Վարդան Այվազյանին, ով էլ զայրացած հարձակվեց հիմնական զեկուցող` ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի վրա. «Ներողություն, իմաստը: Եթե լևի ապրանք են բերում, սահմանն անցկացնում են, մաքսանենգության դեմ պայքարեք, բայց դուք ասում եք` մաքսային կետերը փակենք: Խի՞»: Այվազյանը նաեւ անեկդոտ պատմեց. «Հրազդանի շրջկոմի պատմությունը պիտի պատմեմ: Մեկի կինը ամուսնուն դավաճանում է, ասում են` բա ինչ արեցիր, ասում է` դիվանը փոխեցի: Ասում են` կնոջդ փոխեիր, ոչ թե դիվանը: Հիմա դուք ասում եք` մաքսանենգություն են անում, առեւտրի վայրը փոխենք»:

Բնականաբար, հանձնաժողովի անդամները սկսեցին ծիծաղել, իսկ փոխնախարարը դժգոհեց, որ հանձնաժողովի նախագահը իրեն խոսելու եւ բացատրելու հնարավորություն չի տալիս: Այվազյանը, սակայն, շարունակեց. «Էդ ձեւ չի, տղերք, խնդիր ունեք, լուծեք էդ խնդիրը: Նախ ինչի՞ ա դա կոչվում լիցենզավորված առեւտուր, դուք եք անունը դրել, հիմա էլ ասում եք` փակենք… Տղերք, գնացեք սահման, Դեբեդի երկայնքի գյուղերը էդ առեւտրին են նայում, դա նշանակում ա` դնենք սաղ փակենք»:

Որքան էլ Մելքոնյանը փորձում էր առաջ տանել կառավարության տեսակետը, հանձնաժողովի անդամներին համոզել չհաջողվեց. ի վերջո, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձաժողովը քվեարկությամբ մերժեց այս նախագիծը: «Միգուցե մենք ձեզանից խելացի չենք, բայց դուք էլ մեզանից խելացի չեք»,- կառավարության անդամներին շշպռեց Այվազյանը:

Ուշագրավ է, որ այս անգամ նախագծին դեմ էին ոչ միայն ընդդիմադիր, այլեւ` իշխանական պատգամավորները. սա այս խորհրդարանի պատմության մեջ եզակի դեպքերից է: Երեկ պատգամավորները պնդում էին. «Մի կողմից ասում եքª` սահմանամերձ շրջանները զարգանան, մյուսով` սա եք բերում, ո՞նց կլինի»:

Նկատենք, որ կառավարության ներկայացրած նախագծի դեմ պատգամավորների վրդովմունքը բավականին տեղին է ու հիմնավոր: Նույն տրամաբանությամբ կառավարությունը մի օր էլ կարող է աղքատության դեմ պայքարելու համար ուղղակի կալանավորել կամ արտաքսել աղքատներին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս