ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով` այս տարի աճել են լոլիկի մթերման եւ դեղձի արտահանման ծավալները: Այս տարի մեր հանրապետությունից ձմերուկ է արտահնվել դեպի Վրաստանի Հանրապետություն, մինչդեռ նախորդ տարի նման բան չի եղել: Չնայած ԳՆ-ի կողմից ներկայացրած ոգեւորող այս տվյալներին, միեւնույն է` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի պնդմամբ` այս ոլորտում դեռ շատ խնդիրներ կան, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:
Ըստ ԳՆ-ի` սեպտեմբերի 5-ի դրությամբ մեր հանրապետությունում մթերվել է 15.500 տոննա լոլիկ` 40-70 դրամով, մինչդեռ 2013 թվականի նույն ժամանակահատվածում մթերվել էր 7800 տոննա լոլիկ` 32-35 դրամով: Իսկ հանրապետությունից արտահանվել է 1630 տոննա դեղձ, մինչդեռ անցյալ տարվա ողջ ընթացքում արտահանվել էր 977 տոննա: Արտահանման գերակշիռ մասն իրականացվել է դեպի Ռուսաստանի Դաշնություն: Ի դեպ, սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է նաեւ 1255 տոննա ձմերուկ, ընդ որում` ողջ խմբաքանակի արտահանումն իրականացվել է դեպի Վրաստանի Հանրապետություն: Իսկ ահա 2013 թվականին ոչ մի կիլոգրամ ձմերուկ հանրապետությունից չի արտահանվել:
«Ագրարագյուղացիական միավորում» հկ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ չնայած այս ցուցանիշներին, այնուամենայնիվ, այս ոլորտի պատասխանատուներն այսօր հրատապ խնդիրներ ունեն լուծելու: «Արտահանումը պետք է կարգի բերենք, ոռոգման համկարգը, հակակարկտային ծառայությունները, ապահովագրական գործակալությունները, որոնք այդպես էլ այսօր չեն աշխատում գյուղացու բերքն ապահովագրելու համար: Այնպես որ, հսկայական աշխատանք ունենք անելու»,- լրացրեց նա:
Մասնագետի պնդմամբ` գյուղատնտեսության ոլորտը տեւական ժամանակ է, ինչ չի կայունանում:
Նրա բերած օրինակներով` այս տարի վեց ամիսների ընթացքում Հայաստան ներմուծվել է 365 տոննա տոմատի մածուկ, իսկ նախորդ տարի` 41: «Հայաստանի գործարանները չեն աշխատել, բնականաբար գարնանը տոմատի մածուկ չենք ունեցել, ստիպված ներկրել են: Ուղղակի լոլիկի ցանքատարածությունները ցեցի հետ կապված շեշտակի պակասեցին: Ինչի համար էլ այս տարի ԳՆ-ն լոլիկի սերմացուներ վաճառեց, որով խթանեց լոլիկի ցանքերի ավելացմանը:
Այս տարի սպասում էինք, որ կարտոֆիլի լավ բերք կունենանք, բայց տարին դրա համար հաջող չի: 2013 թվականին 25 հազար տոննա կարտոֆիլ ենք արտահանել, իսկ 2014-ին հնարավոր է` չկարողանանք ներքին շուկան էլ բավարարել: Կարտոֆիլը նախորդ տարվա համեմատ պակաս կլինի»,- մտահոգված ասաց Բերբերյանը:
Սյունէ Համբարձումյան