«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության արդեն նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հեռացումը կապված է աղմկալի չարաշահումների հետ: Սակայն հարգելով նրա վաստակը, ընկերության սեփականատերերն ամբողջովին չեն հեռացրել աշխատանքից:
Եվ այսպես, այս տարվա հունիսի 24-ին կոմբինատի երկարամյա տնօրեն Մաքսիմ Հակոբյանն ազատվեց տնօրենի պաշտոնից` նշանակվելով կոմբինատի խորհրդի նախագահ: Որոշումից հետո կոմբինատի 75 տոկոսի բաժնետեր գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ընկերությունը մրցույթ հայտարարեց, որտեղ հաղթող ճանաչվեց ավստրալացի ինչ- որ մեկը՝ նշանակվելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն:
Օտարերկրացի տնօրենը կամաց-կամաց սկսել է իր թիմին ներգրավել կոմբինատի աշխատանքներում: Մաքսիմ Հակոբյանի մտերիմ բարեկամները, ովքեր նրա ղեկավարման տարիներին աշխատում էին կոմբինատում, նորանշանակ ավստրալացի տնօրենի թեթև ձեռքով հեռացվում են աշխատանքից, քանի որ, ըստ նորանշանակ տնօրենի, այսօր կոմբինատում 3 հազար 200 մարդ է աշխատում, և խիստ տնտեսվարման դեպքում հանգիստ կարելի է մոտ 1000 հոգի կրճատել, ու դրանից աշխատանքը չի տուժի:
Ինչևէ, հիմա դառնանք մրցույթին: Մինչ այս ընթացքում հայտարարվում էր, թե Մաքսիմ Հակոբյանը տնօրենի պաշտոնը լքել է մրցույթում չհաղթելու արդյունքում, սակայն իրականում նրա հեռցաման պատճառները կապված են աղմկալի չարաշահումների հետ: Մեր տեղեկություններով՝ Մ. Հակոբյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի պաշտոնից հեռացրել են այն պատճառով, որ կոմբինատից երկար ժամանակ դիզվառելիքի կորուստ է եղել, որը չի կանխվել: Բացի այդ, «Քրոնիմետ մայնինգ» ընկերությունը պարզել է, որ Մ. Հակոբյանը բազում դուստր ձեռնարկություններ է ստեղծել, գրանցել իր հարազատների անուններով, որոնք ամենատարբեր ապրանքներ են մատակարարել կոմբինատին: Նշվում է, որ անգամ Սյունիքի մարզպետ նշանակված Վահե Հակոբյանն է (Մաքսիմ Հակոբյանի որդին) ունեցել մի քանի այդպիսի ընկերություն: Կարճ ասած, կոմբինատի սեփականատերերը որոշել են կոմբինատում ստեղծված մենատիրությանը վերջը տալ և հայտարարաված մրցույթի արդյունքում Մաքսիմ Հակոբյանին հեռացնել պաշտոնից:
Սա դեռ վերջը չէ:
Դեռևս հունիսի 25-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ահազանգ էր ստացել Լոռու մարզի Շամլուղ քաղաքային համայնքի բնակիչներից այն մասին, որ «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ն իրենց համայնքի գերեզմանոցի մոտ ամենօրյա պայթեցումներ է անում, ինչի հետևանքով ճաքում են բաց հանքին մոտ գտնվող գերեզմանաքարերն ու շենքերի պատերը: Տեղեկացրել էինք նաև, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը «Ապառաժ մայնինգ»-ի արտադրանքի ու ներկրած պայթուցիկների միակ սպառողն է: Այդ ժամանակ կոմբինատի տնօրենը Մաքսիմ Հակոբյանն էր և մամուլում գրվեց, որ հենց նա էլ «Ապառաժ մայնինգ»-ի իրական սեփականատերն է: Սակայն ինքը՝ Հակոբյանը, բազմիցս հերքել է իր առնչությունն այդ ընկերության հետ՝ ասելով, թե պարզապես «Ապարաժ մայնինգը» պայթուցիկներ է մատակարարում կոմբինատին:
Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մ. Հակոբյանը ոչ միայն ուղիղ կապ ունի «Ապառաժ մայնինգ» ընկերության հետ, այլ նաև նրան կարելի է գրեթե ամեն օր տեսնել նույն այդ ընկերության կողմից շահագործվող Ախթալայի պղնձամոլիբդենային հանքում (տես լուսանկարը): Սա նշանակում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հեռացած Հակոբյանն իր տնօրինության տակ է վերցրել Ախթալայում գտնվող պղնձամոլիբդենային հանքավայրը, որը պատկանում էր ամերիկահայ գործարար, մանկապղծության մեղադրանքով դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին: Հանքի սեփականատերն այսօրվա դրությամբ դե յուրե 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբի կինն է՝ Մադլեն Թաշճյանը, իսկ դե ֆակտո՝ «Ապարաժ մայնինգը»: Տեղեկացնենք, որ ինքը՝ Մադլեն Թաշճյանը, անհետացել է. նրա տեղը ոչ ոք չգիտի:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց պարզաբանումներ ստանալ Մաքսիմ Հակոբյանից, սակայն վերջինս ասաց, որ ինքն այլևս հանքերի հետ կապ չունի ու անջատեց հեռախոսը:
Հ. Գ. Հավելենք, որ Զանգեզուրի կոմբինատում կատարվածը թեև պետք է հայտնվեր իրավապահների ուշադրության կենտրոնում, սակայն հաշվի առնելով այն իրողությունը, որ Մաքսիմ Հակոբյանն իր գործունեության ընթացքում բազմաթիվ բարեգործություններ է արել, պետական լրջագույն ծրագրեր ֆինանսավորել, ուստի կոմբինատի սեփականատերերը սահմանափակվել են միայն նրան պաշտոնից հեռացնելով:
Քնար Մանուկյան