Շիրակի մարզի միջհամայնքային նշանակության 500կմ ճանապարհահատվածից 280կմ-ը անբարեկարգ ու քարուքանդ է: Քանդված ճանապարհները լուրջ ֆինանսական խնդրի առաջ են կանգնեցնում միջհամայնքային երթուղիները սպասարկող վարորդներին, ովքեր ստիպված են գրեթե ամեն օր անցնել փոսապատ ճանապարհներով` փչացնելով սեփական մեքենաները:
Գյումրի քաղաքը շուրջ 5000 ազգաբնակչություն ունեցող համայնքներ է կապում իրար: Դրանք են Պեմզաշեն, Լեռնագոգ, Հայրենյաց, Հայկասար եւ Տուֆաշեն համայնքները, որոնց ճանապարհներով երթեւեկելը ծայրաստիճան վտանգավոր է: Այս ճանապարհները շահագործման են հանձնվել 70-ականներին եւ երբեք չեն վերանորոգվել, իսկ երկրաշարժից հետո այստեղով անցնելը գրեթե անհնար է: Բնակիչները ճարահատյալ երթեւեկում են դաշտամիջյան ճանապարհով, իսկ քարտեզում նշված օրինական ճանապարհով անցնում են միջհամայնքային երթուղիները սպասարկող փոխադրամիջոցները:
Բնակիչների խոսքերով` անգամ եթե շտապօգնություն են կանչում, հիվանդին քաղաք տեղափոխելու համար երեք ժամ է պահանջվում:
Շիրակի մարզի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնից ասում են, որ խնդրին քաջատեղյակ են, սակայն ճանապարհաշինության աշխատանքներ դեռեւս չեն կարող իրականացնել, քանի որ գումար չկա: Ասում են` խնդիրն իրենց կողմից ներկայացվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն, որտեղից պատասխանել են, որ միջոցների սղության պատճառով գումար հատկացնել չեն կարող, այնպես որ այս տարի հաստատ շինարարական աշխատանքներ չեն իրականացնի, եկող տարին էլ հարց է: