ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ: Բանն այն է, որ նախօրեին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում 20 րոպե տեւողությամբ ուժգին կարկուտը վնասել է ոչ միայն ցանքատարածությունները, այլեւ մեքենայի ապակիներն ու շինությունների տանիքները:
Armlur.am-ը քաղաքապետ Յուրիկ Ավալյանից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկում պետական կառույցները: «Հիմա մենք այս պահի դրությամբ հաշվարկում ենք վնասի չափը: Ամբողջ համայնքի բնակարանները պետք է ստուգենք, որ մի քիչ աշխատատար պրոցես է, այս պատճառով հնարավոր է երեք-չորս օրից կավարտենք»,-փոխանցեց քաղաքապետը:
Armlur.am-ի հարցին` վնասված տանիքների մասով փոխհատուցում տրվելո՞ւ է բնակիչներին, քաղաքապետը պատասխանեց. «Չգիտեմ: Պետք է հաշվարկենք, տեսնենք, թե ինչ պատկեր կստանանք: Մենք էլ ենք օգնություն ակնկալում»: Արդեն երկու օր է անցել, իսկ նրանք դեռ հաշվարկում են: