ԼՂ խնդիրը` ռուսական օկուպացիայի համատեքստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական ճամբարը երեկ ցնծության մեջ էր. ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ում նախաձեռնությամբ Մեծ Բրիտանիայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կազմակերպվել էր Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը, մտնելով հանդիպման համար նախատեսված սենյակ, բարեւում է Սերժ Սարգսյանին ու Էդվարդ Նալբանդյանին, մի քանի բառ փոխանակում նրանց հետ: Իսկ այդ ընթացքում սենյակ մտած Իլհամ Ալիեւին Քերին չի նկատում:

Բարեւ կտամ իմ յարին

Ադրբեջանի նախագահն անհամբեր սպասում է, թե երբ Քերին կնկատի ու կբարեւի իրեն: Երբ վերջապես Քերին հրավիրում է հայկական կողմին` զբաղեցնելու իրենց տեղը, Ալիեւն ինքն է առաջ գալիս ու ողջունում: «Որտե՞ղ էիք թաքնվել»,- ժպիտով հարցնում է Քերին:«Ձեր հետեւում էի»,- ամաչկոտ պատասխանում է Ալիեւը:

Ահա այս դարակազմիկ դրվագը երեկ ուղղակի ցնցել էր իշխանություններին. սոցիալական ցանցերում ՀՀԿ-ական պաշտոնյաներն ու պատգամավորները Ալիեւի հասցեին ծաղրական մեկնաբանություններով ակտիվ տարածում էին տեսագրությունը. ի վերջո, Սերժ Սարգսյանը, որ վերջապես որոշեց մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, այնտեղ «դիվանագիտական լուրջ հաղթանակ էր գրանցել»: Սակայն իշխանությունների աչքից վրիպել էր մեկ նրբություն. տեսագրության մեջ հստակ երեւում էր, որ Սերժ Սարգսյանը Քերիի հետ շփվում է թարգմանչի միջոցով. իսկ այդ ֆունկցիան ստանձնել էր նրա ռեֆերենտ Նաիրի Պետրոսյանը: Նա թարգմանում էր ԱՄՆ պետքարտուղարի հարցը, որին Սարգսյանը պատասխանում էր ժպտալով ու գլխով «դրական» շարժումներ անելով: Իսկ ահա Իլհամ Ալիեւը Քերիի հետ շփվում էր անգլերենով` առանց թարգմանչի:

Աշխարհաքաղաքական խաղերի խաչմերուկում

Սարգսյան-Ալիեւ-Քերի հանդիպումից առաջ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարծիք էր հայտնել. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ներկա են լինելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Սպասվում է մեր ընդհանուր արժեքների եւ նպատակների վերաբերյալ կտրուկ հայտարարություն»: Եռակողմ հանդիպումից հետո, սակայն, որեւէ կտրուկ հայտարարություն չեղավ, այլ` հնչեցին վաղուց ի վեր հայտնի հերթապահ նախադասությունները: ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության համաձայն, Քերին խորը մտահոգություն է հայտնել հրադադարի կնքումից ի վեր ամենամեծ թվով զոհեր արձանագրած վերջին բախումների կապակցությամբ, կողմերին հորդորել է խստորեն հետեւել հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ հավելյալ քայլեր ձեռնարկել իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար:
Ակնհայտ է, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիումն ավելի շատ ուղղված էր ՌԴ-ին, մանավանդ` այսօրվա աշխարհաքաղաքական բարդ իրադրության պայմաններում, երբ գնալով սրվում է Արեւմուտք-ՌԴ սառը հակամարտությունը: Ինչպես հիշում եք` հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գոտում օգոստոսյան միջադեպերից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ հանդիպում էր կազմակերպել Սարգսյանի ու Ալիեւի հետ` հրավիրելով նրանց Սոչի: Դրանից հետո սահմանին կրակոցները նվազեցին, իսկ ՌԴ-ն անուղղակի կերպով փորձեց ցույց տալ, թե Հարավային Կովկասում իր խոսքը որոշիչ է:

Հիմա, ԱՄՆ-ն էլ իր հերթին ցույց է տալիս, որ լուրջ ազդեցություն ունի արցախյան հակամարտության կողմերի վրա, որ ինքն էլ կարող է կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպում, ավելին` ՆԱՏՕ-ի նախկին գագաթաժողովներին մասնակցելուց հրաժարված, դեպի ԵՏՄ ընթացող Ս.Սարգսյանին կարող է կանչել ՆԱՏՕ: Եվ վերջապես ամենակարեւորը` Սարգսյան-Ալիեւ հանդիպումը հնարավոր է կազմակերպել մի իրավիճակում, երբ սահմանին չկա լարվածություն, երբ չկան հրադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներ:

Երջանկություն, անցի´ր կողքովս, դու հարատեւ չես

Երեկ օրվա վերջում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հռչակագիր է ընդունել, որում անդրադարձ կա նաեւ ԼՂ խնդրին: Միայն թե, ձեւակերպումները հայկական կողմի համար, մեղմ ասած, մտահոգիչ են: Բանն այն է, որ ԼՂ հակամարտությանը վերաբերող հատվածը ներկայացվում է «Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական օկուպացիայի» ենթատեքստում: Հռչակագրի 30-րդ կետում նշված է. «Ղրիմի ապօրինի օկուպացիան եւ ռազմական ինտերվենցիան Ուկրաինայի արեւելքում հիմնավոր մտահոգություններ են առաջացրել Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի որոշ այլ գործընկերների շրջանում: …Դաշինքի անդամներն առաջվա պես աջակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը»:

Ինչպես նկատեցիք` հատուկ շեշտված է տարածքային ամբողջականությունը, ինչը բավականին վտանգավոր է: Ճիշտ է, հռչակագրի հաջորդ` 31-րդ կետում, որտեղ եւս անդրադարձ կա Հարավային Կովկասի հակամարտություններին, հղում է արված նաեւ ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Հելսինկյան սկզբունքներին. «Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում եւ Մոլդովայում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հենվելով հիշատակված սկզբունքների եւ միջազգային իրավական նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Այդ հակամարտությունների գոյությունը հատուկ մտահոգության առիթ է, քանի որ այն խոչընդոտում է տարածաշրջանի բնակիչների ողջ ներուժը բացահայտելուն` որպես եվրոատլանտյան համայնքի անդամներ: Բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողաբար եւ հզոր քաղաքական կամք դրսեւորելով` մասնակցել խաղաղ կարգավորմանը` գոյություն ունեցող բանակցային ձեւաչափերի մեջ»:

Բայց խոստովանենք, եթե ՀՀ իշխանությունները, հայկական դիվանագիտությունը անկարողունակ չլիներ, ապա թույլ չէր տա ԼՂ խնդրին անդրադարձ` ռուսական օկուպացիայի համատեքստում, էլ չենք խոսում` տարածքային ամբողջականության դրույթի մասին: Ասել է թե` ՆԱՏՕ-ի ամբիոնից Ս.Սարգսյանի ելույթն ու Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հանդիպումն անգամ չօգնեց` խուսափելու նման տհաճություններից:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս