Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ Արարատի մարզի մի շարք համայնքներ զրկված են ոռոգման ջրից: Այս խնդրի կապակցությամբ առաջինը ոտքի կանգնեցին Այգեստան համայնքի բնակիչները. նրանք նախօրեին բողոքի ակցիա անցկացրեցին: Բանն այն է, որ ամառվա այս տապին գյուղացիներն իրենց հողատարածքները պետք է ջրեն, սակայն ջուր չլինելու պատճառով կանգնել են փաստի առաջ. նրանց հեկտարներով այգիներն ու բանջարանոցները արեւից փչանում են: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ջրազրկված համայնքների ղեկավարների եւ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանի հետ :
Նախ` «Ժողովուրդ»-ը փորձեց գյուղապետերից հետաքրքրվել, թե ինչու են Արարատի մարզի մի շարք համայնքների բնակիչներ կանգնել նման խնդրի առաջ: Դվինի համայնքապետ Արծրուն Աբրահամյանի խոսքով, երբ Արտաշատի ջրանցքում ջուր չի լինում, դրա վատ հետեւանանքերն անմիջապես զգում են այդ ջրանցքից սնվող գյուղերը: Դրանց թվում է նաեւ Դվինը: «Արդեն 4-5 օր է, ինչ ջուր չունենք: Եթե այս վիճակը երկար շարունակվի, ապա խոշոր չափի վնասներ են կրելու գյուղացիները: Չէ որ նրանք իրենց հողատարածքները պետք է ջրեն»,- մտահոգվեց գյուղապետը: «Ժողովուրդ»ը Աբրահամյանից տեղեկացավ, որ այս խնդրի հետ կապված գյուղապետերը հանդիպել են նաեւ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ:
Վերջինս խոստացել է, որ խնդիրն արագ կլուծվի: Նշենք, որ ոչ միայն Դվինի, այլեւ մյուս հարակից համայնքների բնակիչները հայտնվել են ծայրահեղ վիճակում, քանի որ բերքը չջրելու պատճառով մեծ վնասներ է կրելու: Այնինչ` նրանցից շատերն իրենց հողերի մշակման նպատակով գյուղվարկեր են վերցրել: Ի դեպ, երեկ այս խնդրի հետ կապված մարզ է այցելել նաեւ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, իսկ երեկոյան գյուղապետերը սպասում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: «Ժողովուրդ»-ը գյուղապետերից տեղեկացավ, որ փոխվարչապետը եղել է միայն մարզպետարանում, նույնիսկ համայնքներ չի այցելել:
Հնաբերդ համայնքի ղեկավար Մարատ Պողոսյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ ողջ օգոստոս ամսվա ընթացքում Արտաշատի ջրանցքի հետ կապված այս խնդիրը եղել է: «Այս մեկ ամսվա ընթացքում անընդհատ ընդհատումներ եղան: Հակառակի պես մեզ մոտ խաղողն արդեն հասնում է, պետք է ջրեն, որ հատիկները լցվեն, քաղցրանան: Մյուս բույսերը նույնպես ջրվելու կարիք ունեն: Գոնե երկու օրը մեկ պետք է ջրվեն դրանք»,- նշեց Պողոսյանը:
«Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ զրուցեց նաեւ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանի հետ, ով անմիջապես վստահեցրեց, թե խնդիրն իրականում այդքան էլ լարված չէ, որքան բնակիչներն են ներկայացնում: «Արտաշատի ջրանցքում ջուր չլինելու պատճառով Մխչյանի պոմպակայանը չի աշխատել: Ընդամենը երկու օրով Մխչյանի պոմպերը հարկադրաբար վերանորոգման նպատակով կանգնեցրել են: Մենք ասել էինքч մի քիչ ջուր ավելացրեք, ուժեղացրել էին, ճնշումից պոմպը փչացել էր: Այնտեղ որոշ աշխատանքներ կան, դրանք պետք է կատարվեն: Կան նաեւ պարաններ, որոնք պետք է փոխվեն, որ ջուր չթողի:
Այսօր երեկոյան ջուր կլինի (երեկ-Ս.Հ.): Ուղղակի Այգեստանի բնակիչներն իրավունք չունեն դժգոհել, որովհետեւ տարվա մեջ իրենց պոմպերը մշտապես միացված են: Իսկ Փոքր եւ Մեծ Դվինում խնդիր կա: Մեզ անհանգստացնող խնդիրը Դվինների հետ է կապված, որոնք Ազատի ջրամբարից են օգտվում եւ այլընտրանքային աղբյուր չունեն»,- տեղեկացրեց Տերտերյանը:
Նրա պնդմամբ, սակայն, այս հարցը լուծվել է. այսօր կեսօրից հետո Դվիններում ջուր կլինի:
«Ազատի ջրամբարում մենք խնդիր ունենք եւ այս մասին տարվա սկզբից տեղեկացրել ենք: Ուղղակի մի քիչ այստեղ հաշիվների մեջ ենք խառնել, մտածում էինք, որ օգոստոսին կլինի անձրեւոտ եղանակ, բացը կլրացնի, բայց անձրեւ չեղավ: Հիմա` փոխվարչապետ Գեւորգյանի հանձնարարականով Մեռյալ կետից ջուր են տալու Դվիններին: Ոչ ոքի հողակտորը չի չորանա»,- վստահեցրեց պաշտոնյան` ընդգծելով, որ այս ՙսակավաջուր տարում՚ Արարատի մարզն ավելի շատ ջուր է օգտագործել, քան նախորդ տարիներին:
Ի դեպ, ջրազրկված համայնքների բնակիչների շրջանում տեսակետ կա, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող բազմահեկտար հողատարածքները ջրելու հետեւանքով է Արտաշատի ջրանցքում ջուրը պակասել եւ արդյունքում նման իրավիճակ ստեղծվել: Այս տեսակետը, բնականաբար, մարզպետարանի պաշտոնյան հերքեց. «Ենթադրենք Հովիկ Աբրահամյանը օգտվում է Մխչյանի ջրանցքից, եթե այնտեղ ջուր չկա, ապա ինչպե±ս է օգտվում: Ախր, շատերն ասելու համար ասում են: Նման բան չկա»,- վստահեցրեց Տերտերյանը:
Ինչքան էլ որ այս ոլորտի պատասխանատուները հայտարարեն, թե իրենք ամեն բան ձեռնարկում են, որպեսզի գյուղացու հոգսերը թեթեւացնեն, այնուամենայնիվ դա այդպես չէ: Ողջ տարին անասելի զրկանքների գնով բերք աճեցրած գյուղացին այսօր կանգնած է այն կորցնելու վտանգի առջեւ` ոլորտի պատասխանատուների անփութության, կամ ինչպես նշեց մարզպետարանի պաշտոնյան` ՙհաշվիների մեջ խառնելու՚ արդյունքում:
Ի վերջո, ով պետք է պատասխան տա «հաշիվների մեջ խառնելու համար», մի?թե այսպես է Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանում պետությունը կանգնում գյուղացու կողքին: Եվ որ արդեն զավեշտի է վերածվում, բոլոր այդօրինակ իրավիճակներում էլ պետպաշտոնյաներն արդարանում են բնական անբարենպաստ պայմաններով: Ճիշտ այնպես, ինչպես Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, ով մեր հարցին` ո?ւմ մեղքով են գյուղացիները հայտնվել նման անելանելի վիճակում, տվեց կարճ պատասխան` «Բնության»:
Հ. Գ. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը աշխատանքից ազատվել է հենց այս եւ նմանատիպ այլ խնդիրների պատճառով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ