Նախորդ տարվա սեպտեմբերի 14-ից մինչ օրս Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու նիստերը չեն կայանում: Ավագանու ԲՀԿ-ական անդամները բոյկոտում են նիստերը: Արդյունքում ՏԻՄ մասին օրենքի համաձայն, համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվել են եւ այնտեղ նոր ընտրություններ են նշանակվել:
Բանն այն է, որ ավագանու անդամներից հինգը ԲՀԿ-ական է եղել, իսկ մյուս հինգը՝ ՀՀԿ-ական: Եվ ավելի քան մեկ տարի է, ինչ պարալիզացված է համայնքի աշխատանքը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի հետ:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը շաբաթներ առաջ ընդունեց Կոտայքի մարզի Քասախի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու, ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում: Այսպիսով, սեպտեմբերի 21-ին Քասախ համայնքում տեղի կունենա համայնքի ավագանու անդամների ընտրություն: Սակայն երեկ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ առաջադրված թեկնածուների ցանկում կան նաեւ ավագանու նախկին նույն ԲՀԿ-ական անդամները:
-Պարո՛ն Մկրտչյան, ավագանու ԲՀԿ-ական նախկին անդամները կրկին առաջադրել են իրենց թեկնածությունը: Դուք ինչպե՞ս եք տրամադրված:
-Լավ եմ տրամադրված:
-Մեկ տարի է, ինչ գյուղի աշխատանքը պարալիզացված է, ի՞նչ եք կարծում՝ հաշտության եզրեր կգտնե՞ք նրանց հետ:
-Այս հարցը, հավանաբար, պետք է ուղղեք նրանց: Եթե իրենք կրկին ընտրվեն, ապա նույն խնդիրներն առաջ կգան:
-Ավագանու անդամների բոյկոտի պատճառով որքա±ն է տուժել գյուղը:
-Տուժել է, բա ինչ է արել: Պատկերացրեք, որ մենք ոչ մի նախաձեռնություն չենք կարող կյանքի կոչել: Ավագանու անդամների նման պահվածքը գյուղի զարգացման վրա բացասական է ազդել: Օրինակ՝ եղել է մարդ, ով ցանկացել է ավտոտնակի տարածք գնի, բայց մենք չենք կարողացել հատկացնել այն իրեն: Այսինքն՝ և՛ բնակիչն է տուժել, և՛ համայնքը: Քանի որ այդ տարածքի վաճառքից գոյանում էր ֆոնդային բյուջեն, որով համայնքը կարող էր որոշ աշխատանքեր կատարել:
Բացի այդ, մեր համայնքը պետք է ընդգրկվեր սոցներդրումների հիմնադրամի ծրագրով համայնքի մանկապարտեզի վերանորոգման ծրագրում: Այս դեպքում մենք պետք է ավելացնեինք 15 տոկոս համայնքի կողմից վճարներ: Բայց մենք այդ գումարը չունեինք ու ծրագրից դուրս մնացինք: Եվ համայնքի մանկապարտեզը չվերանորոգվեց:
-Լավ, իսկ զրուցե՞լ եք ավագանու անդամների հետ: Հետաքրքրվե՞լ եք, թե ինչու են իրենք նման կերպ վարվում: Ի՞նչ եք կարծում, միտումնավո՞ր են իրենք նման բան անում:
-Միտումնավոր են անում: Կարծում էին, որ իմ աշխատանքը դրանից ավելի շատ կձախողվի, բայց չէին ենթադրում, որ կարող եմ իմ սեփական բյուջեով աշխատել:
-Բնակիչներն ի՞նչ են մտածում այս մասին:
-Հիմա ոտքի են կանգնած: Իրենք իրենց ընտրության քվեով ցույց կտան դա:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ