Հայաստանի յուրաքանչյուր ոլորտում կարելի է հանդիպել երկակի չափորոշիչների: Պարզվում է` անգամ սահմանամերձ գոտի հասկացություն սահմանելը «ծանոթով» կամ այլ եղանակներով է արվում: Հետաքրքիր զուգադիպությամբ Նոյեմբերյան քաղաքը սահմանամերձ չէ, իսկ Ճամբարակը սահմանամերձ է:
Բայց ամեն ինչի մասին հերթով: Սեպտեմբերի 1-ին եւ 2-ին ՎՏԲ բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղի շենքի առջեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտու բնակիչների մեծ հերթ էր գոյացել: Պատճառը ԽՍՀՄ խնայբանկում ավանդադրված գումարներն են:
Բանկի մասնաճյուղի կառավարիչ Աշոտ Ամիրաղյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հենց գոյացած հերթերի պատճառով սեպտեմբերի 2-ից իրենք ժամանակավորապես դադարեցրել են ԽՍՀՄ նախկին խնայբանկում ունեցած ավանդների վերաբերյալ սահմանագոտու բնակիչներին տեղեկանքների տրամադրումը: Նրա խոսքերով` այդ քայլին են դիմել, որպեսզի հերթեր չգոյանան, մասնաճյուղի աշխատանքը չխանգարվի:
Նոյեմբերյանի տարածաշրջանի` սահմանամերձի կարգավիճակ ունեցող 8 գյուղերի բնակիչներին այդ ավանդների վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու համար որոշակի կարգ կսահմանվի, օրինակ՝ համայնքների ղեկավարների հետ պայմանավորվածություն ձեռք կբերվի, որպեսզի այդ համայնքի բնակիչներին ավանդների վերաբերյալ տեղեկանք տրվի շաբաթվա որոշակի օրերին: Այդ կերպ հնարավոր կլինի խուսափել մեծ հերթից:
Տեղեկացանք, որ Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերի բնակիչներին ԽՍՀՄ խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման վերաբերյալ կառավարության որոշում դեռ չկա: Սակայն Նոյեմբերյանի սոցիալական ծառայությանը վերադասը բանավոր ցուցում է տվել, թե սահմանամերձ որ համայնքների բնակիչներին է վերաբերելու հիշյալ որոշումը: Դրա մեջ ընդգրկվելու է Հայաստանի թվով 29 սահմանամերձ բնակավայր:
Պարզվում է՝ Տավուշի մարզից նշված ցանկում ընդգրկվելու են Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ներքին Ծաղկավան, Մովսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Սեւքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեհովիտ, Այգեպար եւ Ոսկեպար գյուղերը: Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունից տեղեկացանք, որ չնայած կառավարության որոշման բացակայությանը, գործն արագացնելու համար ՎՏԲ բանկի մասնաճյուղերում այդ բնակավայրերի բնակիչներին ԽՍՀՄ խնայբանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ունեցած ավանդների վերաբերյալ տեղեկանքներ են տրվում:
Ինչպես «Ժողովուրդ»-ը պարզեց, սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի բնակիչների մեջ որոշակի դժգոհություն կա, որ Կողբ գյուղը համարվում է սահմանամերձ, իսկ Նոյեմբերյանը սահմանամերձի ցանկից դուրս է մնացել: Նոեյեմբերյան քաղաքը, ինչպես եւ Կողբը, հողատարածքով սահմանամերձ է ադրբեջանական Ղազախի շրջանին: 1992թ. դեկտեմբերի 29-ին եւ 1993թ. դեկտեմբերի 29-ին ադրբեջանական «Գրադ»-ի համազարկերից Նոյեմբերյան քաղաքի տարածքում տասնյակ բնակիչներ զոհվեցին: Բնակիչները հիշեցրեցին, որ եթե կառավարության առաջիկա որոշումը վերաբերելու է միայն սահմանամերձ գյուղերին, ապա Նոյեմբերյանը 1996 թվականից քաղաքի կարգավիճակ ունի, ինչպե՞ս է, որ այդ որոշման նախագծի մեջ է հայտնվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ