ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում կատարվող բոլոր իրադարձություններին ՄԻՊ գրասենյակն արձագանքելու է մեկ զեկույցի շրջանակներում:
-Կիրակի օրը Մալաթիա-Սեբաստիա համայնքում մի խումբ կանայք խոչընդոտել էին ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին: Դուք` որպես ՄԻ պաշտպան, ինչո՞ւ չեք արձագանքում դրան: Որպես ՄԻՊ` շատ պասիվ եք:
-Մենք հույս ունենք, որ նման միջադեպերը քիչ կլինեն, բայց միեւնույն ժամանակ տեղյակ ենք, որ կա այդ խնդիրը, մենք սպասում էինք, որ անհրաժեշտ իրավական գործընթացները սկսվեն, եթե չսկսվեին, այդ ժամանակ մենք կսկսեինք մեր նախաձեռնությունը պատրաստել: Հիմա քանի որ արդեն կա գործ, եւ քննվում է այդ գործը, մենք սպասում ենք ընթացքին եւ զարգացումներին: Միեւնույն ժամանակ հետեւելով այդ զարգացումներին` փաստում ենք, որ մարդիկ, որոնց հետ կապված քննությունը կամ իրավական գործընթացը արդար չի լինելու, իրենք եւս մեզ կահազանգեն:
-Այսինքն` մինչեւ քաղաքացին Ձեզ չահազանգի, Դուք որեւէ կերպ չե՞ք ուզում արձագանքել:
-Ես վաղը (այսօր-Ս.Գ.) հանդիպելու եմ Հայ ազգային կոնգրեսի շտաբի հետ, առաջարկելու եմ, եւ քննարկելու ենք նման համագործակցության հնարավորությունները: Այսինքն` ոչ թե մենք որսանք նման խնդիրները եւ փորձենք զբաղվել, այլ եթե իրենք մեր միջամտության կարիքն են զգում, մեզ էլ ահազանգեն եւ ներգրավեն: Որպեսզի ես որեւէ խնդրի վերաբերյալ տամ գնահատական, պետք է սկսվի վարույթ` ՄԻՊ օրենքով սահմանված կարգ գոյություն ունի: Վարույթը սկսելիս ես պետք է ունենամ մեկ կողմի բողոքը` ինչ է տեղի ունեցել, հետո հարցնեմ ոստիկանությանը` ինչ գործողություններ են արել, ինչպիսի իրավիճակ է ոստիկանության գնահատականներով: Այդպես ուղղակի մամուլի հրապարակումների հիման վրա ես գնահատականներ իրավունք չունեմ տալու:
-Բայց Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կան կոնկրետ փաստեր, կա տեսագրություն, թե ինչպես են այդ կանայք «հարձակվել» Փաշինյանի վրա, եւ դա միայն մամուլի հրապարակումը չէ, որ չկարողանաք քայլեր ձեռնարկել:
-Բոլոր բռնությունները, բոլոր այն գործերը, որոնցով արդեն կան հանցագործության տարրեր, բոլոր այդ դեպքերում արվում է նախաքննություն, որի ժամանակ պաշտպանը, ոչ ոք չի կարող միջամտել գործին: Եթե լինի բողոք, ասենք, Նիկոլ Փաշինյանի կողմից, նոր պաշտպանը կարող է գնահատական տալ: Հիմա նման գնահատական պետք է տա ոստիկանությունը:
-Մյուս կուսակցություններում ինչպե՞ս են ընդունում Ձեզ:
-Ես արդեն հանդիպել եմ «Ժառանգություն», ՀՅԴ եւ Դեմոկրատական կուսակցությունների հետ, այսօր (երեկ-Ս.Գ.) հանդիպել եմ «Բարգավաճ Հայաստան» եւ «Միավորված հայեր» կուսակցությունների հետ, վաղը (այսօր-Ս.Գ.) հանդիպելու եմ Կոնգրեսի հետ: Այսինքն` միակ երկու կուսակցությունները, որոնք հետաքրքրություն չեն հայտնել հանդիպել մեզ հետ, «Օրինաց երկիր» եւ Հանրապետական կուսակցություններն են: Դա մեր նախաձեռնությունն է` այցելել շտաբները եւ կարողանալ իսկապես օգտակար լինել բոլոր ուժերին, բոլոր ուժերն ընդունել են մեր նախաձեռնությունը, բացի երկուսից:
-Հետաքրքրվե՞լ եք, թե ինչն է պատճառը, որ այդ երկու կուսակցությունները հրաժարվում են Ձեր առաջարկից:
-Ուղղակի լռություն է, մենք դիմել ենք, մյուսները պայմանավորվել են, իսկ իրենց կողմից դեռ լռություն է, ո՛չ «այո» կա, ո՛չ էլ «ոչ»: Մենք առաջարկել ենք հյուր գնալ եւ համագործակցել, բայց դեռ հետաքրքրություն չկա մեզ հետ աշխատելու:
-Պարո՛ն Անդրեասյան, վերջին ժամանակներս բուռն քննարկվեց նաեւ ընտրացուցակների հարցը, երբ մի բնակարանի վրա 100 հոգի էր գրանցված, քաղաքացիներն ահազանգում են, որ «մեռած հոգիներ» կան ընտրացուցակներում, այս դեպքում ինչո՞ւ չարձագանքեցիք:
-Մենք ողջունում ենք, որ քաղաքացիները շատ ակտիվ են եւ փորձում են շտկել ընտրացուցակները, նման դժգոհությունները մենք դարձյալ կուտակում ենք զեկույցի համար եւ միեւնույն ժամանակ փորձում ենք վստահ լինել, որ ոստիկանությունը բոլոր անճշտությունները կուղղի:
-Ոստիկանությունն իր աշխատանքն է կատարում, սակայն քաղաքացին այսօր ՄԻ պաշտպանի կարիքն ունի:
-Մեր արձագանքը կլինի ոչ թե ամեն առանձին դեպքերում, այլ կլինի հավաքական, այսինքն` ես զեկույցով կանդրադառնամ: Իսկ ինչ վերաբերում է առանձին դեպքերին, մենք սպասում ենք, որ մեզ ներգրավեն մեր քաղաքական ուժերը, որպեսզի մենք ներգրավվենք քաղաքական գործընթացի մեջ: Դրանից հետ նոր ես իրավունք ունեմ հարցումներ անել ոստիկանությանը` ինչու են զլանում, եթե զլանում են, ինչն են պակաս անում, եւ նման հարցեր:
-Չե՞ք կարծում, որ այդ իրադարձությունների ավարտից հետո Ձեր արձագանքն արդեն ուշացած կլինի եւ ոչ ոքի չի էլ հետաքրքրի:
-Համարում եմ, իսկապես շատ լավ կլիներ, որ մենք ոչ թե վերջում գնահատականներ տայինք, այլ հենց սկզբից օգտակար լինեինք, բայց եթե օգտակար լինենք, պետք է մեր քաղաքական ուժերը մեզ ներգրավեն: Եւ ում հետ այս ընթացքում հանդիպել ենք, որեւէ խնդիր չկա, իրենք եւս այդ ցանկությունն ունեն:
ՄԻՊ-Ի ՀԵՏ ՉԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ՀՀԿ-Ն ԵՎ ՕԵԿ-Ը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ