ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒԺԵՐԸ ՆԵՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու են ՀԱԿ քննադատության թիրախում միայն ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:
«Այո՛, մեր թիրախը Հանրապետական կուսակցությունն է եւ «Օրինաց երկիր»-ը: Իսկ թե ինչու ենք տարբերում դա, շատ հասկանալի պատճառով. ՕԵԿ-ը եղել, կա եւ հայտարարում է, որ այսուհետեւ էլ լինելու է Սերժ Սարգսյանի ճամբարում, մասնակցելու է հաջորդ կոալիցիային: «Բարգավաճ Հայաստան»-ն այդպիսի բան չի հայտարարում: Այո՛, ունեն հուշագիր, այո, կոալիցիայից դուրս չի եկել, բայց կոալիցիան ժամանակավոր երեւույթ է, կոալիցիան տեւում է այնքան ժամանակ, որքան կա խորհրդարան: Մայիսի 7-ին կոալիցիան չկա: Բնականաբար, անկախ այն բանից, թե մենք ինչ հակասություններ ենք ունեցել «Դաշնակցության», «Ժառանության», ԲՀԿ-ի հետ, այո՛, մենք նրանց ժամանակին շատ խիստ քննադատել ենք, բայց քանի որ այսօր այդ կուսակցությունները փաստորեն դուրս են եկել Հանրապետական կուսակցության մենիշխանության դեմ, քաղաքական տգիտություն, անգրագիտություն եւ դավաճանություն կլինի այս ժողովրդի նկատմամբ, եթե մենք այդ հնարավորությունը չօգտագործենք եւ չազատվենք Հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի միապետությունից»,-ասել է նա` ավելացնելով, որ ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ «Ժառանգության», ո՛չ «Դաշնակցության» հետ դաշնակից չեն:
«Մենք համագործակցում ենք միայն մեկ հարցի շուրջ, որպեսզի անցկացնենք արդար, օրինական ընտրություններ: Դրա հնարավորությունը կա»,-մեկնաբանել է Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ եթե չորս ուժերը անկեղծաբար իրար հետ համագործակցեն, «կա՛մ Սերժը, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը, որեւէ մեկը չի կարող անել այն, ինչ արել են նախորդ երեք ընտրությունների ժամանակ»: Ըստ նրա՝ այդ դեպքում անտարբեր չի մնա նաեւ միջազգային հանրությունը, որն այս անգամ, հաշվի առնելով արաբական երկրների հեղափոխությունների փորձը, ավելի խիստ կլինի: Տեր-Պետրոսյանը նշել է, թե Կոնգրեսը կդաշնակցի նրանց հետ, ովքեր կցանկանան դա: «Քաղաքականությունը, այո՛, դաշնակից որոնելու արվեստ է: Մենք կփորձենք, կփնտրենք, ով կհամաձայնի մեզ հետ համագործակցել, մեծ սիրով կհամագործակցենք: Ով չի համաձայնի, թող գնա, համագործակցի Սերժ Սարգսյանի հետ»:
Հարցին՝ պատրաստվում է ԱԺ անցնելու դեպքում զբաղեցնել պատգամավորական տեղը, Տեր-Պետրոսյանը նշել է. «Նայած ինչպիսի ներկայություն կունենանք: Եթե մեծամասնություն ունենանք, պարզ չէ, որ ես լինելու եմ խորհրդարանում: Եթե շատ լուրջ ներկայություն ունենանք, 30-40 տոկոս էլ ունենանք, ես պիտի մնամ խորհրդարանում: Եթե ոչ, պիտի գտնենք ուրիշ ձեւեր: Եթե լինեն իրապես ընդդիմադիր այլ խմբակցություններ, պիտի աշխատենք համագործակցել իրար հետ, խորհրդարանը դարձնենք լուրջ հակակշիռ այս գործադիր իշխանություններին, որպեսզի գոնե այսպես սանձարձակ չգործեն: Եթե յուրաքանչյուր նախարարին, վարչապետին, դատախազին, ոստիկանապետին ցանկացած զանցանքի կամ անօրինականության համար, որ ուզում են թաքցնել, հրավիրեն խորհրդարան, ինչ որ պետք է ասեն, պահանջեն նրա հրաժարականը, էնպես կխելոքանա՜ն»:
Պատասխանելով հարցին, թե առաջադրվելու է նախագահի հաջորդ ընտրություններում, ասել է. «Քանի ուժերս ներում են, ես պայքարելու եմ այս իշխանությունների դեմ, որովհետեւ ես այս իշխանություններին համարում եմ չարիք, որը թալանում է իր ժողովրդին, նրան մղում դեպի դուրս, դեպի արտագաղթ»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս