ՀԻՎԱՆԴՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Հայրապետ Հայրապետյանը կիրակի օրը ծեծել է հանրախանութի պահակին: Տեղեկացրել էինք նաեւ, որ երեկոյան` ժամը 20:20-ի սահմաններում, պահակին տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Երեկ այցելեցինք հիվանդանոց` ծեծվածի հետ զրուցելու, սակայն այնտեղ մեզ պատասխանեցին, որ նման հիվանդ չունեն: Թե ճանապարհի կեսին ինչպես է անհետացել պահակը, այդպես էլ անհասկանալի է մնում: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, երբ պահակին տեղափոխել են հիվանդանոց եւ փորձել նրանից անուն-ազգանուն ճշտել, վերջինս հրաժարվել է իր մասին տեղեկություն տրամադրել: Հիվանդանոցի գրանցամատյանում ընդամենը նշվել է, որ նա խմած եւ անգիտակից վիճակում է եղել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ իրենք եւս հիվանդանոցից որեւէ ահազանգ չեն ստացել: Կրկին այցելեցինք «Հայաստան» հանրախանութ, որտեղ աշխատակիցները եւս մեկ անգամ պնդեցին, որ իրենց պահակին Հայրապետյանի ծեծելուց հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Մենք դեռ հետամուտ կլինենք այս պատմությանը:




Լրահոս