ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՆԵՐԻՑ «ՁԵՌ ԵՆ ՔԱՇԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին ու Սերժ Սարգսյանի երաշխիքներին, թե ՕԵԿ-ը ներկայացված կլինի նաեւ հաջորդ խորհրդարանում, այս կուսակցությունում, այնուամենայնիվ, լուրջ անհանգստություն է տիրում: Նրանք լրջորեն պայքարում են ԱԺ-ում հայտնվելու համար 5 տոկոսի նվազագույն շեմը հաղթահարելու հարցում:
Հիմա ՕԵԿ-ականները փորձում են այլ տպավորություն ստեղծել. օգտագործելով իշխանական-վարչական ռեսուրսները, նրանք այս օրերին կարողանում են նախընտրական հանդիպումներին ապահովել մարդկանց որոշակի թվաքանակ: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ այս հարցում նրանց օգնում է նաեւ ՀՀԿ-ն՝ մարդկանց գործուղելով Արթուր Բաղդասարյանի հանդիպումներին, առավել եւս, որ վարչապետ Տիգրան Սարգսյանին է հանձնարարվել ՕԵԿ-ին «տիրություն անելը»: Ճիշտ է, այդ հանդիպումներից հետո Բաղդասարյանի լուսանկարների մեծ մասը հայտնվում է մոտակա աղբարկղերում, լավագույն դեպքում՝ գետնին: Բայց դա արդեն էական չէ:
Այս օրերին ՕԵԿ-ն իր ողջ ուժերը կենտրոնացրել է համամասնական ընտրացուցակի համար ձայներ հավաքելու գործին. արդյունքում՝ աչքաթող են արվում մեծամասնական ընտրակարգով առաջադրվածները: Բանն այն է, որ թեեւ նախընտրական քարոզարշավի մեկնարկից անցել է ավելի քան մեկ շաբաթ, սակայն ՕԵԿ թեկնածուները չեն շտապում քարոզչություն իրականացնել: Ո՛չ Հեղինե Բիշարյանը, ո՛չ Մհեր Շահգելդյանը, ո՛չ Մանուկ Վարդանյանը եւ ո՛չ էլ մյուսներն այս օրերին իրենց ընտրատարածքներում նախընտրական հանդիպումներ չեն ունենում, ոչ էլ անգամ քարոզչանյութեր են փակցրել կամ նախընտրական շտաբներ բացել: Այլ կերպ ասած՝ հասկանալով, որ իրենք լուրջ խնդիրներ ունեն առաջին հերթին համամասնական ընտրակարգով ձայներ ստանալու հարցում, ՕԵԿ ողջ կազմը հիմա կենտրոնացել է կուսակցության քարոզարշավի վրա՝ թքած ունենալով իր մեծամասնական թեկնածուների «ճակատագրի» վրա: Ճիշտ է, կա նաեւ երկրորդ տարբերակը, որ մեծամասնական առաջադրումներն ՕԵԿ-ի համար ինքնանպատակ էին, եւ ավելի շուտ նրանք այս ամենն անում են վիճակագրության եւ ընդհանրապես, մարդկանց աչքին երեւալու համար: Ի դեպ, միակ՝ համեմատաբար ակտիվ թեկնածուն Գեղարքունիքի մարզում առաջադրված Կարեն Բաթոյանն է՝ Շինանյութի Սերգեյի փեսան: Այն էլ՝ նրան ավելի շատ համարում են ՀՀԿ-ի, այլ ոչ թե ՕԵԿ թեկնածուն: Մի փոքր ակտիվություն էլ դրսեւորում է Ռոբերտ Մասումյանը` Բենզին Ռուբոն` Երեւանում:
Այսքանից հետո, թերեւս, պետք չէ զարմանալ, որ Սերժ Սարգսյանն Արարատի մարզ կատարած այցի ժամանակ կոչ արեց ընտրել ոչ թե կոալիցիոն գործընկերոջ՝ ՕԵԿ առաջադրած թեկնածուին՝ Իշխան Խաչատրյանին, այլ ՀՅԴ-ի թեկնածու Արայիկ Գրիգորյանին: Անկեղծ լինենք՝ եթե ՕԵԿ-ը սեփական թեկնածուի համար քարոզարշավ չի անում, ինչո՞ւ պետք է նրան օգնեն ՀՀԿ-ականները: Մինչդեռ, մեծամասնական առաջադրումների հարցում ՕԵԿ-ն այնքան էլ պասիվ չի եղել. նա թեկնածու ունի 41-ից 11 ընտրատարածքում:  Դեռ ավելին, ասում են, որ կոալիցիոն քննարկումների ժամանակ, նկատի ունենալով ՕԵԿ-ի ցածր կշիռը, նրան թույլատրվել է մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրել որտեղ ցանկանան:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, ՕԵԿ խոսնակ Հարություն Ամիրյանը հակառակն էր պնդում: Նա վստահեցնում էր, որ իրենց՝ մեծամասնականով առաջադրված թեկնածուները բավական ակտիվ քարոզչություն են իրականացնում, իրենց ընտրատարածքներում հանդիպումներ ունենում: «Այնպես որ, սխալ տպավորություն է ստեղծվել: Մեր թեկնածուներն ակտիվ են»,-ասաց Ամիրյանը:
Ինչ վերաբերում է այս կուսակցության նախընտրական հանդիպումներին ու ներկայացրած ծրագրին, ապա ՕԵԿ-ն ամեն քայլափոխի փորձում է ապացուցել, որ ինքը քաղաքական պոպուլիզմի հիմնադիրն է ու լավագույն ավանդույթների կրողը: ՕԵԿ-ականների բոցաշունչ ելույթներից տպավորություն է՝ իրենք ամենեւին էլ իշխող կոալիցիայի մաս չեն կազմում, ոչ էլ պետական պաշտոնների են տիրապետում, իսկ երկրում տիրող իրավիճակի պատասխանատուն բոլորն են, բացի իրենցից:
Ոչ պակաս պոպուլիստական է նրանց նախընտրական ծրագիրը. սա ընդամենը գեղեցիկ խոստումների, վերամբարձ խոսքերի, բարի ցանկությունների մի բառակույտ է: Համենայնդեպս, դժվար է պատկերացնել մի կուսակցության, որ իր նախընտրական ծրագրում խոստանա նվազեցնել կենսաթոշակներն ու կրճատել աշխատավարձերը: Այնպես որ, ՕԵԿ-ը եւս խոստանում է առաջընթաց կյանքի բոլոր ոլորտներում: Իսկ թե կոնկրետ ինչ ճանապարհով են նրանք այդ ամենը փորձում անել, որքանով են նախատեսում ավելացնել, օրինակ, կենսաթոշակը կամ միջին աշխատավարձը, ՕԵԿ նախընտրական ծրագրում չկա որեւէ խոսք:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս