ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԾԵԾԿՌՏՈՒՔ
Ապրիլի 17-ին «Թեղուտ» ՓԲԸ անվտանգության ծառայության աշխատակիցների եւ գյուղացիների միջեւ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում «Էյ Սի Փի» ընկերության անվտանգության պետ Սամվել Դավթյանը  4 աշխատակիցների հետ ծեծել է թեղուտցի 5 երիտասարդների: Ըստ որոշ լուրերի` միջադեպի պատճառը եղել է այն, որ երիտասարդներից մեկը մեքենայով անցել է անվտանգության աշխատակցի  կողքով ու փոշի բարձրացրել: Հանքավայրը տնօրինող Ռուբեն Պապոյանն աշխատանքից ազատել է անվտանգության ծառայության պետ Սամվել Դավթյանին եւ նրա տեղակալ Արթուր Գրիգորյանին: Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի քննչական բաժանմունքում քննություն է ընթանում, ձեռնարկվում են միջոցառումներ Սամվել Դավթյանին հայտնաբերելու ուղղությամբ:

ՀԱՆՈՒՆ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ
«Մենք պետք է համախմբվենք կարմիր դրոշի ներքո եւ մայիսի 6-ի ընտրությունների օրը վճռականություն ցուցաբերենք բանվորներից խլված  իրավունքների վերականգնման պայքարում»,-Էջմիածնում կայացած  նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Խորհրդային Հայաստանի հիմնի հնչյունների ներքո սկսված հանդիպումն անցել է Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ: Թովմասյանն իր ելույթում նշել է, որ անկախության ձեռքբերման օրվանից, որը դարձել էր Խորհրդային միության դավաճանական եւ նպատամղված փլուզման հետեւանք, 20 տարի է անցել, սակայն Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը շարունակում է աղքատության մեջ ապրել:

ԽՈՍՔ ՉԿԱ
Aravot.am-ի հարցին, թե ինչու չի արձագանքում Տեր-Պետրոսյանի` համագործակցության մասին առաջարկին, Գագիկ Ծառուկյանն ասել է. «Համագործակցության մասին խոսք չկա, միակ համագործակցությունն ազատ, արդար ընտրություններ անցկացնելն է, որի համար համապատասխան փաստաթղթի տակ ենք ստորագրել»: Ըստ Ծառուկյանի` ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ, որոնք ազատ եւ արդար ընտրություններ են ցանկանում: Իսկ միասնական շտաբի շուրջ «Ժառանգության» դիրքորոշման վերաբերյալ հարցին Ծառուկյանը պատասխանել է մեղադրանքով. «Դուք նայեք, թե «Ժառանգություն»-ն ում ուղղորդվածությամբ է շարժվում, ինքը թող ինքն իրեն մեղադրի»:

ՄԵՂՔ Է
«Ընտրակաշառք տվո՞ղն է ավելի մեծ մեղքի տակ ընկնում, թե՞ վերցնողը»,-Վանաձորի մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հնչած այս հարցին Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը  պատասխանել է. «Մեղքի շատ ու քիչ չկա, մեղքը մեղք է»:

ԲԱՐԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ
Երեկ Մաշտոցի պուրակում տեղի ունեցած ապամոնտաժման հերթական անհաջող փորձի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Նախապես մշակված գործողությունների պլանով եւ դերերի հստակ բաշխմամբ մեկ տասնյակից ավելի անձինք, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, տապալելով տեղադրված երկաթյա արգելապատնեշները, իրենց ենթադրյալ իրավունքների իրացման նպատակով ներխուժել են ոստիկանության աշխատակիցների կողմից օրինական հիմունքներով պահպանվող տարածք եւ փորձել վնաս պատճառել այնտեղ գտնվող գույքին: Իրավախախտում կատարած անձինք նշված գործողություններով վտանգել են նաեւ իրենց եւ այլոց կյանքն ու առողջությունը, քանի որ այդ տարածքում եղել են էլեկտրական լարման տակ գտնվող սարքավորումներ, իսկ իրավախախտներից ոմանց ոստիկանները ստիպված են եղել իջեցնել մի քանի մետր բարձրությունից»:

ԲԱ ՄԱՔՍԻ՞ՄԸ
Ըստ aravot.am-ի` ապրիլի 16-ին Կապանի կենտրոնական հրապարակում ընտրողների հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Սերժ Սարգսյանին է մոտեցել Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Նրանց միջեւ տեղի է ունեցել երկխոսություն:
Ռաֆիկ Աթայան. Պարո՛ն նախագահ, գյուղս քանդում են:
Սերժ Սարգսյան. Ոչ մեկը չի կարող գյուղդ քանդել, մեջքիդ կանգնած եմ… Եթերից չես իջնում, ինչո՞ւ չես գալիս մոտս:
Ռաֆիկ Աթայան. Մի քանի անգամ եկել եմ, բայց չեմ կարողացել հանդիպել:
Սերժ Սարգսյան. Նորի՛ց արի, կընդունեմ: Դու էլ արի՛ կողքիս կանգնի:
Ռաֆիկ Աթայան. Ամբողջ գյուղը Ձեզ հետ է: Կգամ Ձեզ հետ հանդիպման, շատ բան ունեմ ասելու:




Լրահոս