Երեկ` առավոտյան, ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ ապրիլի 16-ին` ժամը 23:15-ին, ոստիկանության Գավառի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերի հետքերով իրենց մոտ է տեղափոխվել 1983թ. ծնված Վիգեն Սահակյանի դիակը, իսկ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1985թ. ծնված Շահեն Չանդոյանը:
Պարզվել է, որ ապրիլի 16-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 5 հասցեում գտնվող խանութ-սրահի մոտ Շահեն Չանդոյանը եւ Վիգեն Սահակյանը վիճաբանության մեջ են մտել նշված խանութի վաճառող, 1983թ. ծնված Արման Հովսեփյանի հետ եւ ծեծի ենթարկել նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Հովսեփյանը խանութում եղած դանակով հարվածներ է հասցրել Չանդոյանին եւ Սահակյանին: Արման Հովսեփյանը բերման է ենթարկվել բաժին: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ է կատարվել իրականում: Ըստ Գավառ քաղաքի բնակիչների` կեսգիշերին մոտ 2 հոգի Գրիգոր Նարեկացի փողոցում գտնվող խանութից փորձել են պարտքով ապրանք վերցնել: Տղաները եղել են ոչ սթափ վիճակում: Վաճառող Արման Հովսեփյանն ապրանք է տրամադրել, որի դիմաց տղաները վճարելու փող չեն ունեցել: Արմանը վերջիններիս խնդրել է ներկայանալ, որպեսզի գրանցի «նիսյայի ցուցակում»: Այս մոտեցումը հարուցել է տղաների զայրույթը, եւ նրանք, չկաշկանդվելով Արմանի մոր ներկայությունից, դաժանաբար ծեծել են նրան: Ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ: Ա. Հովսեփյանը, հարմար պահ որսալով, սառնարանի վրայից վերցրել է երշիկ կտրելու դանակը եւ հարվածել տղաներին: Նրանց մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նրանցից մեկը մահացել է: Իսկ 29-ամյա Արման Հովսեփյանը ոստիկանությունում է:
Պարզեցինք, որ տղաները Գանձակ համայնքի բնակիչներ են` 28-ամյա Վիգեն Սահայկանն ու 26-ամյա Շահեն Չանդոյանը: Ըստ մեր տեղեկությունների` նրանք մորաքրոջ որդիներ են, երկուսն էլ նոր են նշանվել ու իրենց ընտանիքների միակ արու զավակներն են, օրերս էլ պատրաստվում էին գնալ արտագնա աշխատանքի:
Գավառի կենտրոնական հիվանդանոցից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ Վիգեն Սահակյանի կյանքը չի հաջողվել փրկել, Իսկ Շահեն Չանդոյանը գտնվում է վերակենդանացման բաժնում, վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Մեզ հաջողվեց խոսել Արմանի հարազատների հետ եւ պարզաբանել իրողությունը նրանց ներկայացմամբ: Արման Հովսեփյանի մայրը` տիկին Ծովիկը, պատմեց, որ խանութից հազիվ էր հասել տուն, երբ մի երեխա լուր է բերել, թե խանութում երկու տղա ծեծում են Արմանին, ու իրենց համաքաղաքացին չի կարողանում կռիվը դադարեցնել. «Ես մտածեցի` ընտրությունների պատճառով կլինի: Տղաս Հանրապետական կուսակցության անդամ է, ակտիվորեն պաշտպանում էր էդ կուսակցության շահերը: Ես էլ միշտ հորդորում էի զգույշ մնալ»: Մայրը տեղեկացրեց նաեւ, որ իր տղան` Արման Հովսեփյանը, անձամբ է ներկայացել ոստիկանության բաժին: Մինչդեռ ոստիկանները հաղորդագրություն են տարածել, թե բերման են ենթարկել:
Զրուցեցինք նաեւ Արման Հովսեփյանի քեռու` Գագիկի հետ, ով պատմեց հետեւյալը. «Արմանից ապրանք գնել է Շահենը: Հետո ասել է, որ մոտը փող չկա, Արմանն էլ խնդրել է գնորդին ասել իր անունը: Շահենը զարմացել է, թե «ինչի պիտի գրի նիսյայի ցուցակում»: Վիճաբանություն է սկսվել: Նրանց է մոտեցել մեքենայում նստած Վիգեն Սահակյանն ու ասել. «Լսի՛, տղա՛, եթե մորդ էլ ուզի, պիտի տաս»: Կրքերը բորբոքվել են հենց այդ արտահայտության պատճառով, ու ծեծկռտուք է սկսվել: Վիրավորված Արմանն էլ վերցրել է դանակը եւ ինքնապաշտպանական մղումներով հարվածել Վիգենին: Վերջինս ոտքի զարկերակի արյունահոսությունից մահացել է»:
«Ժողովուրդ»-ին չհաջողվեց զրուցել տուժող կողմի հետ: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գավառի քննչական բաժանմունքում Արման Հովսեփյանի նկատմամբ հարուցվել քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 108 հոդվածի (անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն) հատկանիշներով:
ՎԵՃԸ ՍԿՍՎԵԼ Է ՄՈՐԸ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի