«Ադրբեջանը փորձում է այլ հարթակներ տեղափոխել ԼՂ բանակցային գործընթացը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհն արագ է փոխվում, մեր հակառակորդների հնարավորությունները մեծանում են, նրանց աշխատանքն էլ է ակտիվանում, և այս պարագայում, մենք իրավունք չունենք պասիվ լինելու: Այս մասին ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ասել է ՀՀ նախաահ Սերժ Սարգսյանը:

«Գիտեք՝ մենք գործ ունեք մի երկրի հետ և երկրի մի ղեկավարի, որ ցանկացած ձև, ցանկացած հնարավորություն օգտագործում են, այդ թվում՝ նաև սուտն ու կեղծիքը: Եվ իրենք ոչ մի բանից չեն ամաչում: Ամեն օր մարդկանց բանտ են նստեցնում կամ սպանում ու հետո ասում, որ իրենց հասարակությունը զարգանում է: Ես վստահ եմ, որ Ադրբեջանի և՛ հատուկ ծառայությունները, և՛ ղեկավարությունը վստահ են, որ այդ լրագրողները չեն կարող լինել Հայաստանի հատուկ ծառայությունների գործակալ:

Ակնհայտ է չէ՞ բոլորիս: Բայց նրանք առանց ամաչելու այդպիսի պիտակներ են կպցնում, այսինքն՝ օգտագործելով հակամարտությունը, փորձում են իրենց երկրում հաստատել իրենց կարգերը: Մենք դրա հետ որևէ խնդիր չունենք, ինչպիսի կարգեր ուզում են, թող հաստատեն, բայց մենք շատ հետաքրքրված ենք, որպեսզի նրանց սուտն ու կեղծիքը երկար կյանք չունենան: Իրականության մեջ սուտն ու կեղծիքը երկար կյանք չեն ունենում, բայց լավ կլինի, որպեսզի ընդհանրապես որևէ կյանք չունենան:

Բոլորդ վստահ եք, թե ինչ տեղի ունեցավ հուլիսի վերջին և օգոստոսի սկզբներին: Իմ խնդրանքով մեր մամուլն էլ հրապարակեց այն հերոս տղաների անուններն ու նկարները, ովքեր զոհվեցին: Բոլորդ էլ գիտեք, թե ինչքան ադրբեջանցիներ զոհվեցին, բայց այդ մարդիկ ոչ միայն իրենց երկրում, այլ նաև աշխարհով մեկ հայտարարում են, որ իրենք լավ դաս տվեցին հայերին: Դե, եթե լավ դաս տալը այդպես պետք է լինի, ապա մենք պետք է, անպայման, դա հաշվի առնենք:

Ստի, կեղծիքի, այսպես ասած, փայլուն օրինակը հետևյալն է՝ ձեզնից շատերը, թերևս, գիտեն, որ Ադրբեջանի նախագահը, երևի վիրավորվելով այն հանգամանքից, որ ես համեմատել եմ համաշխարհային առարկայական օլիմպիադաներում մեր և տարածաշրջանի դպրոցականների արդյունքները, մի այսպես չար սուտ ասաց, ասաց, որ շախմատում ադրբեջանցիները վաղուց անցել են հայերին իրենց հաջողություններում: Ամբողջ աշխարհը գիտի, որ մենք եռակի օլիմպիական չեմպիոններ ենք, որ մենք աշխարհի չեմպիոն ենք, իսկ իրենք ընդամենը կարողացել են դառնալ Եվրոպայի չեմպիոն, և եթե սա առաջընթաց է, ապա նույն կերպ մենք պետք է հասկանանք Ադրբեջանի հզորության մասին հեքիաթներն ու Հայաստանում մարդ չմնալու մասին հեքիաթները: Բայց քիչ է, գիտեք, երբ մենք նրանց ասածների վրա ծիծաղում ենք կամ հեգնում:

Մենք պետք է կարողանանք մեր իրականությունը հասցնել շատ-շատերին: Առավել ևս, երբ Ադրբեջանը հիմա փորձում է այլ հարթակներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը: Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ ինչ-որ կերպ դա նրանց հաջողվում է, բայց այդ ինչ-որ կերպը շատ-շատ փոքրիկ մի հաջողություն է և այդ հաջողությունն այսօր չէ, որ նրանք գրանցում են: Ես նկատի ունեմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հայտարարությունը, որ արդեն տևական, շատ տևական ժամանակաշրջանում է իրականացվում, և այս հատվածում որոշակի բան փոխվել է, բայց այդ փոխվածը մեզ չի բավարարում:

Երկրորդ՝ նկատի ունեմ ԵԽԽՎ-ի հարթակը: Հիշում եք, որ վերջին, այսպես, ոչ բարենպաստ ձևակերպումը, վերջին ոչ բարենպաստ բանաձևը 2005թ-ին է եղել: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ունեցած մեր հաջողությունները տարածենք բոլոր հարթակներում, իսկ այստեղ ես ձեզ անկեղծորեն եմ ասում, մենք բավականաչափ առաջընթաց և հաջողություն ունենք: Եթե կհետաքրքրի, օրակարգի երկրորդ հարցի ժամանակ ես պատրաստ եմ պատասխանելու այդ հարցերին», – նշել է նա:




Լրահոս