ՆՐԱՆՑ ԽՈՍՔԸ ԳՈՐԾ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ
ԱԺ-ում ներկայացված ոչ իշխանական 4 ուժերը թեեւ շատ են ցանկանում անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն «բովանդակային մասով՝ թայմինգի մասով, մարտավարական իմաստով» դեռ չի ստացվում: Այս իրավիճակը, անշուշտ, զարմանալի չէ: Հայաստանյան քաղաքական դաշտում մշտապես գերիշխել են ամբիցիաները, այլ ոչ թե ընդհանուր գործ անելու ռեալ պատրաստակամությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 4 ուժերի մասնակցությամբ երեկ կայացած նիստի ընթացքում նախ խոսվել է, որ առայժմ իրենց ձեռքի տակ չկան այնպիսի անհերքելի փաստեր ու հիմնավորումներ, որոնց ներկայացումից հետո հնարավոր լինի ակնկալել, 4 խմբակցությունների պատգամավորներից բացի, այլոց «կողմ» ձայները, քանի որ միայն 52 պատգամավորների «կողմ» ձայներով ոչնչի հնարավոր չէ հասնել: Բացի այդ՝ ԱԺ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների մեջ կան մարդիկ, որոնք չեն ընդունում վարչապետին անվստահություն հայտնելու քայլը՝ այն համարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը: Դրա համար էլ Տիգրան Սարգսյանի անվստահության հարցն անվերջ հետաձգվում է:
Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ ԱՎԾ երեկվա զեկույցից բավական հետաքրքիր պատկեր է պարզվում. օրինակ՝ հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը 3.3 տոկոսով, իսկ դեկտեմբերի համեմատ` 33.8 տոկոսով: Սա, թերեւս, այն ցուցանիշն է, որը լավագույնս ապացուցում է Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը: Հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում մանրամասն խոսում էր Հայաստանում միջին ամսական աշխատավարձի աճի մասին: Պարզվում է, սակայն, որ դեկտեմբերի համեմատ՝ ՀՀ-ում միջին ամսական աշխատավարձը նվազել է 17.5 տոկոսով, փոխարենը տեղի է ունեցել 2.8 տոկոս գնաճ, այլ կերպ ասած` բնակչությունն ապրում է 20 տոկոս ավելի վատ: Եվ այսքանից հետո անհասկանալի է, թե ում վրա եւ ինչի համար էր Սերժ Սարգսյանը «մուննաթ» գալիս:
Պարզվում է՝ ՀՀ Ազգային ժողովի օրակարգում քիչ չեն նախորդ քառօրյաներից «ժառանգություն» մնացած նախագծերը, որոնք թեեւ ընդգրկվել են օրակարգ, բայց այդպես էլ չեն քննարկվել: Դրանք հիմնականում զանազան միջազգային համաձայնագրեր են: «Ժողովուրդ»-ը երեկ պարզել է, որ դեռ 2007թ. մայիսից ԱԺ օրակարգում է «2002 թվականի մայիսի 3-ին Վիլնյուսում ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի «Բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը, որը, փաստորեն, գրեթե յոթ տարի է՝ դեգերում է օրակարգից օրակարգ, ԱԺ գումարումից գումարում: Հիշեցնենք, որ նման մի նախագիծ էլ ԱԺ օրակարգում կար 2003թ.-ից. խոսքը «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիայի մասին էր, որը, սակայն, Սերժ Սարգսյանը կասեցրեց այն բանից հետո, երբ ՀԱԿ պատգամավորները բարձրաձայնեցին ու պահանջեցին դնել քննարկման:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ԵՊՀ-ում նոր սկանդալ է հասունանում: Պատճառը դարձյալ համացանցում արտահայտված քաղաքական դիրքորոշումն է: ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը վերջերս համացանցում միացել է «Խնդրում ենք վերադարձեք, պարոն Քոչարյան» նախաձեռնությանը՝ ուղարկելով իր լուսանկարն ու տվյալները: Բացի այդ՝ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող եւ հակահանրապետական քարոզչություն է իրականացրել: ՀՀԿ-ի որջը դարձած ԵՊՀ ղեկավարության համար սա արդեն բավարար է, որպեսզի Ղարիբյանին «պատժեն»: Եվ դա արել են նախեւառաջ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խիստ «զգուշացումով», որ նման խմբավորումները համալսարանում կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ: Ա. Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով այս մասին, ասաց. «Դա սարքած է, ու արդեն գիտենք, թե ովքեր են սարքել… Ա. Ղարիբյանը քաղաքական որեւէ գործունեությամբ չի զբաղվում, այն ուղղված է համալսարանի ղեկավարության դեմ»: Նա առայժմ անուններ չհայտնեց:
ԱԳՐԵՍԻՎ
Այն, որ ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը թե՛ իր տոնայնությամբ եւ թե՛ բովանդակային ցինիզմով տարբերվում էր նախագահի կարգավիճակում մինչ այս ունեցած նրա գրեթե բոլոր ելույթներից, ակնհայտ է: Եթե մինչ այս Սերժ Սարգսյանը հետեւողականորեն փորձում էր հանդես գալ որպես հանդուրժողականության եւ լայնախոհության մարմնացում, ապա ԵԿՄ համագումարում նա արդեն վայր դրեց իր հանդարտության եւ բարության դիմակը` այս ընթացքում իր մեջ կուտակած ողջ դառնությունը պարպելով ընդդիմության վրա:
Ընդհանրապես, եթե հետեւենք Սերժ Սարգսյանի հրապարակային ելույթների վեցամյա տարեգրությանը, ապա բավականին հետաքրքիր դինամիկա կարձանագրենք. «քույրերի եւ եղբայրների», «չհասկացվածության պատը քանդելու» եւ համազգային հանդուրժողականության մասին նրա հուզիչ ճառերը հետզհետե սկսեցին փոխարինվել երկարաշունչ կշտամբանքներով` «գաղջ մթնոլորտ ձեւավորողների», «չարախոսողների» եւ «դավաճանների» մասին: Ասել է թե` Սերժ Սարգսյանը կամաց-կամաց վերադարձավ իր բնական վիճակին, որը նրա նախագահությունից ի վեր փորձ էր արվում քողարկել նախագահականի հմուտ ճառագիրների միջոցով: Ընդ որում, դա առավել ցցուն դարձավ հատկապես անցած նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, երբ իր ոչ գրավոր, անմիջական խոսքում Սարգսյանը դրսեւորեց իր իրական էությունը` ծերունի գյուղացուն հանդիմանելով «խիարը թարս բուսնելու» համար կամ էլ Գյումրիում խոստանալով «ինչքան ասես խփել»:
Եվ եթե ոմանք մոռացել էին «ընդդիմությանը սատկացնելու», «սեփական հաճախորդներին ճանաչելու» եւ քաղաքական ընդդիմախոսներին «իդիոտ» ու «դհոլ» որակելու սերժսարգսյանական հռետորաբանությունը, ապա ԵԿՄ համագումարում նրա ունեցած ելույթը թարմացրեց բոլորի հիշողությունը:
Սակայն այս վերափոխումն ամենեւին էլ լավ ազդակներ չի պարունակում: Եթե անգամ երկրի ղեկավարը իրականում հանդուրժող չէր, սակայն հրապարակավ փորձում էր այդպիսին ներկայանալ, միեւնույն է, դա ավելի լավ էր, քան արդեն անթաքույց ագրեսիան: Եվ այս առումով տարակուսելի է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե իրեն «շատ է դուր եկել» Սերժ Սարգսյանի ելույթի «չարությունն ու ագրեսիան»: Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ` դա նշանակում է, որ ընդդիմության դիրքերն ուժեղացել են: Մեկ այլ ընդդիմադիր գործիչ` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, նույնպես արձանագրում է, որ Սարգսյանի ելույթում շատ բարկություն կար, սակայն նկատում է, որ դա նշանակում է` մեր երկրի վիճակը լավ չէ:
Ամեն դեպքում, հատկապես մարտի 1-ի տարելիցի նախօրեին եւ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների ֆոնին երկրի ղեկավարի խոսքում աճող «չարությունն» ու «ագրեսիան» պետք է ոչ թե ուրախացնի, այլ մտահոգի բոլորին: Ընդդիմությանը` առավել եւս: