ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-Ն ԿԸՆԴԴԻՄԱՆԱ՞ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԵԿՄ համագումարի իր հայտարարություններով Սերժ Սարգսյանը հստակ հասկացրեց, որ Հայաստանում կատարվող տնտեսական բոլոր նախաձեռնությունների հետեւում կանգնած է ինքը:
Մի կողմից նա ջանասիրաբար արդարացրեց կառավարության կողմից 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու իր հանձնարարականի տապալումը, փորձեց համոզել, թե Հայաստանում աշխատավարձերն աճում են անշեղորեն, ավելի, քան գնաճն է: Նա արդարացրեց նաեւ գազային սկանդալային համաձայնագրերը եւ գազամատակարարման ոլորտում կուտակված 300 մլն դոլարի պարտքը: Մյուս կողմից, թեեւ Ս. Սարգսյանը խոստովանեց` Հայաստանի բնակչության 80 տոկոսը դժգոհ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից, այնուամենայնիվ, հայտնեց՝ իրենք դա անելու են «անպայման», եւ ինքը «ամբողջական սատարում է» այդ համակարգը:
Այսպիսով՝ Ս. Սարգսյանը հրապարակայնորեն պաշտպանեց այն բոլոր ձախողումները, որոնց համար խորհրդարանական չորս ուժերն անխնա քննադատում են կառավարությանն ու փորձում բարձրացնել վարչապետի հրաժարականի հարցը: Ու հիմա տրամաբանական կլինի, որ ոչ իշխանական ուժերն այսուհետ քննադատության սլաքն ուղղեն ոչ միայն կառավարության ու վարչապետի, այլեւ անձամբ Սերժ Սարգսյանի ուղղությամբ: Ավելին, այսքանից հետո տրամաբանական է, որ նրանք բարձրացնեն ոչ միայն կառավարության, այլեւ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:
Եվս մեկ ուշագրավ հանգամանք. Ս. Սարգսյանն իր հայտարարություններն արեց ԵԿՄ համագումարում, որին զուգահեռ ընթանում էր ԲՀԿ համագումարը, եւ որին զուգահեռ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քննադատում էր Հայաստանում վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: «Հանրապետությունում իրականացվող տնտեսական եւ սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային եւ անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է: Շուրջ 250.000 մարդ ամսական վաստակում է մինչեւ 120.000 դրամ, իսկ դա նշանակում է, որ կուտակայինի 5-6.000 դրամը, այսինքն` զուտ հացի փողը, մարդկանցից տանում են: Իսկ ո՞վ է այդ դեպքում տալու երաշխիքներ այդ կուտակային ֆոնդերի համար, այն էլ` 25-30 տարի հետո»,-ասել էր Ծառուկյանը եւ խոսել նաեւ արտագաղթի, փոքր ու միջին բիզնեսի մասին: Իսկ վերջում վստահեցրել էր. «Ես պատրաստ եմ ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի»:
Այսքանից հետո հետաքրքիր է` արդյոք ԲՀԿ-ն կվերանայի իր մոտեցումներն ու կքննադատի ոչ միայն կառավարությանը, այլեւ վերջինիս նախաձեռնությունների հետեւում կանգնած ու այդ նախաձեռնություններն «ամբողջովին» պաշտպանող Ս. Սարգսյանին: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Մեզ հուզում է այն, որ երկրում առկա ժողովրդին հուզող պրոբլեմները լուծում ստանան: Մեր գործունեության թիրախը մարդկանց կյանքի որակի վրա բացասաբար ազդող առկա պրոբլեմներն են: Թե հիմա կոնկրետ ով ինչ գործառույթ ունի, Սահմանադրությունն ու օրենքները հստակ ձեւակերպում են: Դրա համար, երբ մենք հասցեագրված պահանջներ ենք ներկայացնում, դա բացատրվում է արդեն վերոհիշյալ հանգամանքով»:
Ինչ վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ Ս. Սարգսյանի պնդումներին, Ուրիխանյանն ասաց. «Ս. Սարգսյանն էլ ասաց, որ, այո՛, միգուցե այնտեղ կան սխալներ, ու իրենք պատրաստ են վերանայել սխալները, շտկել պրոբլեմները: Ի դեպ, նույնի մասին կառավարությունը՝ որպես նախագծի հեղինակ, երբեք չբարձրաձայնեց: Դրա համար ես ուզում եմ հույս հայտնել, այո՛, հիմնական խնդիրները, որոնք առաջ են քաշվում, կենթարկվեն փոփոխությունների»: Այնուամենայնիվ, արդյոք այսքանից հետո ԲՀԿ-ն կքննադատի նաեւ Սերժ Սարգսյանին: «Ես հասկանում եմ, որ դուք ակնկալում եք հստակ ձեւակերպումներով պատասխան: Բայց հիշեցնեմ՝ մեր համագումարից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ԲՀԿ քաղխորհրդի անդամները հստակ պատասխանել են այդ հարցադրումներին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ համագումարից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Օսկանյանը հարցին, թե ինչու ԲՀԿ-ն չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլ միայն պահանջում է կառավարության հրաժարականը, ասել էր. «Այն խնդիրները, որոնք ենթադրում են լուծումներ, կառավարության աշխատանքների ծիրին մեջ են` կուտակայինը, գազի հետ կապված խնդիրը, ժողովրդի կենսամակարդակի հարցը, արտագաղթը եւ այլն… այս բոլորը վերաբերվում է կառավարության աշխատանքին: Առավել եւս, որ սա խորհրդարանական գործընթաց է` վարչապետի նշանակումը մեծամասնության լիազորությունն է, դա խորհրդարանական լիազորություն է եւ մենք ուզում ենք այդ ծիրի մեջ մնալ: Բայց մենք ոչինչ չենք բացառում, մենք գիտենք, թե երկրի իրավիճակի գլխավոր պատասխանատուներն ովքեր են: Բայց ըստ իրավիճակի թելադրանքի, մենք համապատասխան դիրքորոշում կորդեգրենք»: Իսկ Նաիրա Զոհրաբյանը հավելել էր, որ չկա որեւէ հարց, որը քննարկելի չլինի ոչ իշխանական չորս խմբակցությունների օրակարգում, կամ լինի տաբու, այդ թվում` եւ Ս. Սարգսյանի հրաժարականի հարցը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՀԱՆՈՒՆ ԴԵՐԺԱՎԱՅԻ

Երեկ Սերժ Սարգսյանը Երեւանի Արաբկիր վարչական շրջանում ներկա է գտնվել «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Հիվանդանոցը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) քրոջը: Պատգամավորը եւս ներկա էր բացման արարողությանը՝ Ս. Սարգսյանի կողքին կանգնած: «Ժողովուրդ»-ը փորձեց Ա. Համբարձումյանից պարզել, թե ինչով է առանձնահատուկ այդ հիվանդանոցը, որ Ս. Սարգսյանն անձամբ բացումը կատարեց: Սակայն պատգամավորը, ավանդույթի համաձայն, ասաց, թե «տեղն անհարմար է», այնուհետեւ հավելեց. «Բայց իմ հետ ի՞նչ կապ ունի հիվանդանոցը»: Երբ հիշեցրինք, որ ինքը եւս ներկա էր բացմանը, եւ հիվանդանոցն էլ պատկանում է իր քրոջը, նետեց, թե «վաղը եկե՛ք, բացատրեմ» ու անջատեց հեռախոսը:

 

ԴՌՆՓԱԿ ԿԼԻՆԻ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ գազի թեմայով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի վերաբերյալ խորհրդակցությունը թեժ է անցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պահանջել է, որ հանձնաժողովի նիստերը լինեն դռնբաց, ու որ դա ամրագրվի նախագծում: Սակայն առաջարկը հանդիպել է դիմադրության, ու նշվել է, որ այդ դեպքում հանձնաժողովի աշխատանքները կդառնան շոու, եւ որ նիստերը կտապալվեն: Առաջարկվել է, որպեսզի նիստն անցկացվի դռնփակ, որից հետո ներկայացուցիչներն ազատ են լրագրողների հետ զրույցում իրենց տեսակետներն արտահայտելու հարցում:
Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը նաեւ մեկնաբանել է, թե ինչու իրենք մերժեցին ընդդիմության ներկայացրած նույնաբովանդակ հանձնաժողովը, իսկ մի քանի օր անց իրենք առաջարկեցին հանձնաժողով ստեղծել. պարզվում է` իշխող մեծամասնությանը դուր չի եկել այն հանգամանքը, որ չորս խմբակցությունները հանձնաժողով ստեղծելու առաջարկը ներկայացրել էին առանց իրենց կարծիքը հարցնելու: Եվ հիմա այդ «պատմական սխալն» ուղղվել է. նաեւ ՀՀԿ-ն է առաջարկում հանձնաժողով ստեղծել:
Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից տեղեկացավ, որ ՀԱԿ-ը դուրս է գալիս գազային հանձնաժողովի քննարկումներից ՀՀԿ-ի ոչ կառուցողական մոտեցումների պատճառով:

 

ԴԻՄԵ՛Ք ՌՈՒՍՆԵՐԻՆ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը երեկ՝ ասուլիսի ժամանակ, ուշագրավ առաջարկ է հնչեցրել: Դիմելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ներկայիս նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանին՝ նա ասել է. «Հիմա հայ-ադրբեջանական սահմաններին կրակում են: Որպես պատգամավոր եւ որպես արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ՝ առաջարկե՛ք, որպեսզի, օրինակ, հյուսիսային սահմանները հսկեն ռուսական զորքերը»: Ըստ Իգիթյանի` եթե Հայաստանի դաշնակից Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, ապա թող իրենց զինվորները պաշտպանեն հայկական սահմանները: Զաքարյանը, սակայն, չի ընդունել առաջարկը՝ ասելով, որ անտրամաբանական է:

 

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ՆՈՐ ԿԱՐԳ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014թ. փետրվարի 21-ից Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի եւ Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում գործելու է երթեւեկության կազմակերպման նոր կարգ: Մասնավորապես, Արշակունյաց պողոտայից դեպի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների խաչմերուկ ուղղությամբ կանաչ լույսի տեւողությունն ավելացվելու է, իսկ Արշակունյաց պողոտայից Գ. Նժդեհի փողոցով դեպի Գ. Նժդեհի հրապարակ ուղղությամբ լուսացույցի լրացուցիչ աջ սեկցիան մշտապես միացված է լինելու տրանսպորտային միջոցների երթեւեկության համար:

 

ՄՈՏ ԵՆՔ ՄՄ-ԻՆ

Հայաստանյան ձեռնարկություններին ավելի մոտ է Մաքսային միության արտադրական մշակույթը, քան թե Եվրոպական միության: Երեկ նման կարծիք է հայտնել Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: «Ռուսաստանը մեզ համար բաց է պահում իր շուկան եւ չի փորձում փոխարինել Հայաստանից իրականացվող ներմուծումը: Օրինակներից մեկն է Գյումրու «Անալիտպրիբորըն», որն այժմ աղաչափեր է արտադրում Պետերբուրգի նավաշինարարների համար: Ինչ-որ ժամանակ առաջ Ռուսաստանում ցանկանում էին սեփական արտադրություն հիմնել: Մենք ասացինք՝ ինչո՞ւ, եթե Հայաստանում կա գործարան, որը 40 տարի աշխատել է ռուսական նավերի հետ: Իսկ երբ սկսվեց մաքսային ինտեգրացումը, հարցը վերջնականապես լուծվեց»,-նշել է Սաֆարյանը: Որպես այլ օրինակներ՝ նա նշել է նաեւ կոշկեղենի եւ տեքստիլ արտադրությունը:

 

ԻՆՔՆ ԻՐ ԴԵՄ

Փետրվարի 20-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Սոցիալական արդարության համաշխարհային օր: Այդ առթիվ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Վերջին 23 տարիներին մեկը մյուսին հաջորդող իշխանությունները զբաղվել են Հայաստանը հարստահարելով, գողացել քաղաքացիների՝ բարեկեցիկ եւ արժանապատիվ ապրելու բնական իրավունքը: Հայաստանում գործող վայրի ազատական համակարգը, որ սնում է միայն եւ միայն օլիգարխներին, չի կարող երկար կյանք ունենալ: Օրեցօր ավելի է ուժգնանում սոցիալական լարվածությունը, արտագաղթը, շատերը չեն կարողանում լուծել իրենց հանապազօրյա հացի խնդիրը: Չնայած դրան՝ համակարգը շարունակում է ավելացնել նոր հարկատեսակներ, միջին խավը որպես այդպիսին գրեթե վերացված է, իսկ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության կենսամակարդակը գնալով ավելի է վատանում: Այս իրավիճակում ՍԴՀԿ-ն հայտարարում է, որ երկրին օր առաջ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Անհրաժեշտ է իրավազուրկ քաղաքացիների համախմբվածություն՝ ընդդեմ ապօրինությունների»: Նկատենք, որ ՍԴՀԿ այս հայտարարությունը խիստ ուշագրավ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կուսակցության ատենապետը ՀՀ վարչապետի նախկին օգնական, նրա մերձավոր Նարեկ Գալստյանն է, իսկ ՍԴՀԿ-ն էլ, առհասարակ, մեծապես կապվում է վարչապետի անվան հետ:

 

ՌԵԿՏՈՐՆ ԱՆԶՈՐ ԷՐ

ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանին երեկ չի հաջողվել կասեցնել համալսարանի տարածքում «ԴԵՄ ԵՄ»-ի կազմակերպած պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ ակցիան: Երբ համալսարանի տարածք են եկել «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները, ռեկտորը մոտեցել է նրանց, հորդորել, որ ակցիա չանեն: Նաեւ կոչ է արել դրոշներ չպարզել եւ բարձրախոսով չխոսել: Չնայած դրան՝ «ԴԵՄ ԵՄ»-ի մասնակիցները ելույթ են ունեցել բարձրախոսով, եւ համալսարանի բակում հավաքված մի քանի հարյուր ուսանողներին կոչ արել պայքարել իրենց ապագա աշխատավարձերի կրճատման դեմ: Ուսանողներն ու դասախոսները ելույթներին արձագանքել են ծափահարություններով՝ վանկարկելով են «դեմ եմ»:




Լրահոս