ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻՄԱՍՏ Է «ԴԻՄԱԴՐՈՒՄ»
ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը հերքում է պաշտոնական փաստաթղթերը: Եվ երեկ՝ մինչ ժամը 21:00-ն, ՀՀ պետական մի շարք գերատեսչություններ զբաղված էին Տարասյանի արարքների «սրբագրմամբ», որը, սակայն, ոչ մի կերպ չէր ստացվում:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը հունվարի 3-ին Բագրատաշենի մաքսային կետով էկոնոմիկայի նախարարության անունով ապրանքներ է ներմուծել Հայաստան, որոնց վերաբերյալ սահմանված ժամկետում մաքսային հայտարարագիր չի ներկայացրել: Արդյունքում՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից ենթարկվել է տուգանքի՝ 50.000 դրամի չափով: Նույն Տարասյանը նույն օրը եւս 5101 կգ քաշով խառը ապրանքներ է ներմուծել՝ դարձյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության անունով, որի համար նույնպես տուգանվել է 50.000 դրամով: Ու թեեւ մեր ձեռքի տակ էին տուգանքի որոշման պատճենները, այնուամենայնիվ, Էմիլ Տարասյանը հերքում էր. «Առաջին անգամ եմ լսում: Եթե դա էկոնոմիկայի նախարարության անունով է, ապա նախարարությունը չի տեղեկացվել, որ ինչ-որ բան է իր անունով տեղափոխվել, եթե ինչ-որ գույք եկած լիներ, ապա ստորաբաժանումները կտեղեկացվեին»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, չբավարարվելով երեկվա հրապարակման մեջ ներկայացված իրենց աշխատակազմի ղեկավարի խոսքերով, մի առանձին ոգեւորությամբ հերքման տեքստ էր պատրաստել եւ ուղարկել մի շարք լրատվամիջոցների, թե մեր հրապարակումն իրականությանը չի համապատասխանում: Սակայն միշտ չէ, որ հերքումներն արդարացված են ու տեղին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ հրապարակելուց առաջ դրանք ստուգում է տարբեր աղբյուրներից, հետեւաբար մենք վստահ ենք, որ ճիշտ ենք գրել, եւ նախարարության հերքումը պարզապես ավելի հիմար վիճակում դրեց այդ գերատեսչության աշխատակիցներին:
Ստորեւ ներկայացնում ենք ՊԵԿ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ Վ. Թամրազյանի կողմից փետրվարի 12-ին կայացված 2 որոշումների պատճենները Տարասյանին տուգանքի ենթարկելու մասին:
Որպես օրինակ՝ ներկայացնում ենք նաեւ նույն պաշտոնյայի՝ Վ. Թամրազյանի կողմից կայացված մեկ այլ որոշման պատճեն՝ կայացված փետրվարի 6-ին, որպեսզի հասկանալի լինի, որ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարն իսկապես տուգանքի է ենթարկվել, եւ «դիմադրելն» անիմաստ է:
ԼՈՒՐԵՐ
ԻՆՉՊԵ՞Ս ԿԾԱԽՍԵՆ
Երեկ ՀՀ կառավարությունը 62 մլն դրամ է հատկացրել էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի ազգային բրենդը մշակելու եւ այն համաշխարհային հանրությանը ներկայացնելու նպատակով: Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջեւ ստորագրվեց Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր: Այսպիսով՝ Հայաստանի ազգային բրենդի ռազմավարության մշակման նպատակով ԱՄՆ-ն կհատկացնի 255 հազար դոլարի աջակցություն: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը եւ ամերիկյան GK Brand ընկերությունը համոզված են, որ ճիշտ ընտրված տարբերանշանը, արդյունավետ տեղեկատվության տարածումը, համատեղ տարբեր ծրագրերի ու նախագծերի իրականացումն էապես կօգնեն Հայաստանին` երկրի բացառիկությունը եւ գրավչությունը պոտենցիալ զբոսաշրջիկներին ու ներդրողներին ներկայացնելու առումով: Մնում է հուսալ, որ նախատեսված գումարներն իրենց նպատակին կծառայեն եւ չեն փոշիանա այնպես, ինչպես 2 գերթանկարժեք՝ 124 մլն դրամանոց չաշխատող բիոզուգարանների դեպքում:
ՍՏԱՑԱՆ, ԲԱՅՑ…
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները երեկ ստացան ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի խոստացած մեկ ամսվա աշխատավարձը: Չնայած սրան՝ գործարանի աշխատակիցներն այսօր կրկին հավաքվելու են ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ ակնկալելով իրենց հուզող հարցերի պատասխանները: «Կառավարության կողմից չի ներկայացվել ժամանակացույց չվճարված աշխատավարձերի մարման գրաֆիկի եւ գործարանի հետագա ճակատագրի մասին: Մենք դեռեւս պատասխան չենք ստացել»,-«Ժողովուրդ»-ին ներկայացրեց «Նաիրիտ»-ի աշխատակից Արայիկ Կարեյանը: Նա նաեւ ընդգծեց, որ աշխատակիցները շարունակելու են իրենց բողոքի ակցիաները մինչեւ իրենց հուզող հարցերի պատասխանը ստանալը: Հիշեցնենք, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները փետրվարի 12-ին ՀՀ կառավարության շենքի մոտ, ապա՝ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին անցկացրել՝ պահանջելով «Նաիրիտ»-ի վերագործարկումը եւ իրենց 15-16 ամսվա աշխատավարձերը:
ԱՅՑԵԼԵԼ Է
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Նա Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ եղել է Գեղակերտ համայնքում, հանդիպել գյուղացիներին, զրուցել նրանց հետ: Բացի այս, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նա եղել է նաեւ գեներալաշատ Արշալույս համայնքում: Գեղակերտի ղեկավար Սերյոժա Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ գոհ է նա ԳՆ-ի աշխատանքից, թե ոչ. «Իրենց աշխատանքից այնքանով ենք գոհ, որ հատկացումներ են անում՝ դիզվառելիք, ազոտական պարարտանյութ, սերմացու, թե չէ առանձնապես ոչնչով էլ նրանք օգտակար չեն»: Գյուղնախարարը երեկ մեդալներ ու շնորհակալագրեր է հանձնել մարզպետարանի աշխատակիցներին եւ որոշ ֆերմերների: Հիշեցնենք, որ սա այն մարզն է, որտեղ անցյալ տարի տեղացած կարկուտի հետեւանքով գյուղացիները խոշոր չափի վնաս կրեցին:
ԲԼԹ
«Պիտի այնպես անեն, որ իրենք էլ դառնան ինչ-որ պահի մեծամասնություն: Դրա համար այդ ընդդիմությունից մի երկու հոգու կարելի է գործուղել գյուղեր, որ ուսուցչությամբ զբաղվեն… տեսնեն այդ հողագործն ի՞նչ է անում»:
Գալուստ Սահակյան «168 ժամ»
Ո՞վ դառնա մեծամասնություն եւ ինչպե՞ս, չէ՞ որ մեր երկրում մեծամասնություն լինելը միայն ՀՀԿ-ի մենաշնորհն է: Պետք է թողնեն, որ իրենցից բացի` ինչ-որ մեկը մեծամասնություն դառնա, պետք է նման հնարավորություն տան ընտրությունների ժամանակ, չկեղծեն, բայց դե հասկանում ենք, որ ՀՀԿ-ի պարագայում դա հնարավոր չէ: Ընդդիմությունից էլ, իհարկե, արժե շատերին գյուղեր գործուղել, բայց այնպես չէ, որ ՀՀԿ-ականներն իրենց կյանքն անց են կացնում գյուղերում եւ հետաքրքրվում են, թե ինչպես է ապրում հողագործը: Նրանք անիմաստ խոսելու արվեստում են անկրկնելի, ոչ ավելի:
«Ղալաթ են անում»:
Հրայր Թովմասյան Yerkir.am
Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է մտածում վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի մասին, ահա թե ինչ էր պատասխանել երկրի արդարադատության նախարարը: Այսքանից հետո ի՞նչ ակնկալիք պետք է ունենա ՀՀ քաղաքացին իր երկրի արդարադատության համակարգից: Երբեմնի բարեկիրթ նախարարը ՀՀ Սահմանադրությունից բխող քայլեր անելու ձգտումներին պատասխանում է «ղալաթով»: Հետո էլ Սերժ Սարգսյանը զարմանում է, թե ինչու է «խիարը» թարս աճում: Պարո՛ն Սարգսյան, երբ «ղալաթը» դառնում է պետական մտածելակերպ, այլ բանջարեղեններ ու մրգեր էլ են սկսում թարս բուսնել:
«Ես չեմ ասել, որ գնաճ սպասվում է, ես ասել եմ՝ առավելագույն մեծությունը գնաճի որքան կարող է լինել: Եթե չեմ սխալվում, նախագահը բացառեց արտառոց գնաճի երեւույթը»:
Վահրամ Ավանեսյան «ԳԱԼԱ»
Հայաստանում առաջին անգամը չէ, որ ականատես ենք լինում այն երեւույթին, երբ Սերժ Սարգսյանի ասածները հակասում են կառավարության անդամների կամ այլ պաշտոնյաների ասածներին: Պատճառը հավանաբար այն է, որ չեն կարողանում լավ պլանավորել իրենց ասելիքները, նախօրոք համաձայնեցնել, իմանալ, թե ով որտեղ ինչ պետք է ասի: Եվ տարօրինակ է, որ այսքան տարվա մեջ այդպես էլ չսովորեցին: Հիմա էլ էկոնոմիկայի նախարարն է հայտնվել նույն պատմության մեջ, երբ ստիպված է պարզաբանում տալ կամ արդարանալ իր իսկ ասածի համար, քանի որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ իր ելույթով ամեն ինչ խառնեց իրար:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ