ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

4 ՈՒԺԵՐԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԱՄԲԻՑԻԱՆԵՐԸ

ԱԺ-ում ներկայացված 4 ոչ իշխանական խմբակցությունների պարբերական դարձած հանդիպումները դեռեւս չեն տալիս ցանկալի արդյունքը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը դարձյալ հետաձգվեց ու դարձյալ անորոշ ժամանակով:

Նշված ուժերը երեկ կարողացան պայմանավորվել ընդամենը երկու հարցի շուրջ. երկուշաբթի օրը մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ մտցնել ՀԱԿ-ի կողմից մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու եւ ՀՅԴ-ի կողմից «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկները:
Իսկ ինչո՞ւ չհաջողվեց նրանց ընդհանուր հայտարարի գալ եւ հենց երկուշաբթի օրը խորհրդարանում բարձրացնել Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց. «Այս քառօրյում չենք հայտնելու, քանի որ դեռ հասունացած չէ: Բայց աշխատանքները շարունակվում են այս պահին, դեռ վերջնական որոշում չկա այս հարցում: Դեռ աշխատում ենք նախաձեռնության բովանդակային մասով՝ թայմինգի մասով, մարտավարական իմաստով: Խոհանոցը չեմ կարող այս առումով բացել, բայց քննարկումները որոշել ենք այս մասով շարունակել»:
Ասել է թե՝ պատգամավորները ցանկանում են ազատվել ՀՀ վարչապետից, բայց չգիտեն՝ ինչպես եւ երբ անել, դրա համար էլ առաջանում են «թայմինգի» եւ այլ օտարածին բառերից կազմված պատճառաբանություններ: Այս իրավիճակը, անշուշտ, զարմանալի չէ: Ավելին՝ տարակուսելի կլիներ, եթե հայաստանյան քաղաքական դաշտում լինեին երկու եւ ավելի ուժեր, որոնք անվերապահ վստահեին միմյանց եւ ընդհանուր գործ անելու ռեալ պատրաստակամություն ցուցաբերեին: Տարիներ շարունակ մեր երկրի քաղաքական ներկապնակում գերիշխող է եղել ամբիցիաների ցուցադրումը: Բոլոր ուժերը ցանկանում են, որ քաղաքական իրադարձությունների առանցքն իրենք լինեն, եւ մյուսները պտտվեն իրենց շուրջ: Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ Վազգեն Մանուկյանն առաջարկում էր ՀՀ նախագահի միասնական թեկնածու ընտրել «գիր ու ղուշ» գցելու տարբերակով: Եվ այսպիսի մտածողությամբ առաջնորդվելով՝ մշտապես տապալվել են հասարակական պահանջարկ վայելող գրեթե բոլոր գործընթացները: Ու պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում խրատի ու «մուննաթի» դիրքերից էր խոսում՝ ակնարկելով, թե գիտի բոլորի հնարավորությունները:
Իսկ իրականում ի՞նչն է խանգարում անվստահություն հայտնել Տիգրան Սարգսյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 4 ուժերի մասնակցությամբ երեկ կայացած նիստի ընթացքում նախ խոսվել է, որ առայժմ իրենց ձեռքի տակ չկան այնպիսի անհերքելի փաստեր ու հիմնավորումներ, որոնց ներկայացումից հետո հնարավոր լինի ակնկալել, 4 խմբակցությունների պատգամավորներից բացի, այլոց «կողմ ձայները»: Նրանք նպատակ ունեն այնպիսի հիմնավորումներ ներկայացնել, որ ՀՀ նախագահի նստավայրի երիտասարդական թիմի աջակցությունը վայելող պատգամավորներն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչ օրենսդիրները միանան: Բանն այն է, որ Սարգսյանի կառավարությունից կարծես թե այս երկու թեւն էլ դժգոհ է:
Երեկվա նիստի ընթացքում խոսվել է, որ միայն պաշտոնական վիճակագրական տվյալները արդեն բավարար են հիմնավորումների համար, սակայն առաջարկ է եղել չսահմանափակվել միայն դրանով, քանի որ Սարգսյանի նախարարները կարող են այլ երկրների վիճակագրական առավել տխուր տվյալներ բերել որպես օրինակ՝ այդպիսով արդարանալով:
Եվ այսպես, 4 ուժերից առնվազն երկուսը հույս ունեն, որ մարտի 1-ին ՀԱԿ-ին կհաջողվի մեծ թվով մարդիկ փողոց դուրս բերել եւ նրանց ճնշման ներքո հասնել անվստահություն հայտնելու ցանկալի արդյունքին: Հետեւաբար այս պահին հարցի բարձրացման հետաձգումը լավագույն լուծումն էր: Բայց մյուս կողմից այդ 4 ուժերն ունեն լրջագույն խնդիր հենց իրենց ներսում:
Բանն այն է, որ ոչ բոլորն են վստահում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի ազնվությանը՝ այն համարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծրագիրը՝ իր տեղն ազատելու թաքուն հույսով: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ԱԺ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներսում կան հստակ դեմ արտահայտվողներ՝ հայտարարելով, որ իրենք չեն մասնակցի Քոչարյանի ծրագրին:
Ի՞նչն է ձեզ խանգարում ամփոփել թեման եւ բարձրացնել վարչապետի անվստահության հարցը: «Ժողովուրդ»-ի այս հարցին ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Կարծում եմ` խանգարող որեւէ բան չկա: Տեւական գործընթացը պայմանավորված է լինելու մարտավարական յուրահատկություններով, որովհետեւ ռազմավարությունը նույնն է, իսկ մարտավարության վերաբերյալ յուրաքանչյուրս ունենք մեր տեսակետը, մոտեցումը: Չեմ կարծում, որ որեւէ խնդիր կառաջանա: Այո՛, լինում են երբեմն անհասկանալի դրսեւորումներ, բայց կարծում եմ` ընդհանուր ռազմավարությունը կհաղթի մարտավարական տարբերություններին»: Իսկ թե ում կողմից են անհասկանալի տարբերությունները, Ուրիխանյանը չասաց:
Այսպիսով՝ ընդհանուր հաշվով կարելի է ասել, որ 4 ուժերը, անիմաստ ժամանակ ձգելով, իրականում նպատակ ունեն Սարգսյանների իշխանության կողմից առավել մեծ ուշադրության արժանանալ, քանի որ նրանք աշխատում են «թքած ունենալու» սկզբունքով՝ արհամարհելով եւ անտեսելով ցանկացած դեմ կարծիք: Եվ ահա խորհրդարանական ուժերն էլ ցանկանում են «ատամ ցույց տալ»՝ քաղաքական դաշտում դերակատարություն ունենալու հույսով, բայց առայժմ չի հաջողվում: Ավելին՝ գործընթացները դեռեւս գնում են ընդհանուր գործի նկատմամբ անլրջության տրամադրությունների խորացման:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

 

 

 

ԳՐԵԹԵ ԱՌԱՆՑ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ

Մարտի 9-ին Տավուշի մարզի Աղավնավանք, Խաչարձան եւ Հովք համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Նախկինում ադրբեջանաբնակ այդ գյուղերում այժմ բնակվում են Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցները: Աղավնավանքի ներկայիս գյուղապետ, 2003 թվականից համայնքը ղեկավարող ՀՀԿ անդամ Վարդուշ Ներսիսյանն այս անգամ իր թեկնածությունը չի առաջադրել: Աղավնավանքի ղեկավարի՝ մարտի 9-ին կայանալիք ընտրություններում կմրցակցեն գյուղի միջնակարգ դպրոցի 2 աշխատակիցներ՝ դպրոցի տնօրեն 53-ամյա Սերգեյ Թաիրյանը եւ այդ դպրոցի ուսուցիչ, 34-ամյա Վարդան Գրիգորյանը: Նրանք երկուսն էլ ՀՀԿ անդամ են: Աղավնավանքի ավագանու 5 տեղի համար առաջադրվել է 6 թեկնածու: Նրանցից 4-ը ՀՀԿ անդամ է, 2-ը՝ անկուսակցական:
Իսկ Խաչարձան համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Գագիկ Շահնազարյանը, որը համայնքապետ է 2003 թվականից, այժմ գյուղապետի միակ թեկնածուն է: Համայնքի ղեկավարի մյուս թեկնածուն՝ ոչ մի տեղ չաշխատող 48-ամյա Գագիկ Առաքելովը, ինքնաբացարկ է հայտնել: Ակնհայտ է, որ Առաքելովի թեկնածությունը դրվել է, որպեսզի ընտրությունները համարվեն օրինական, քանզի, ինչպես գիտենք, գործող ընտրական օրենսգրքով ընտրությունները չեղյալ են համարվում, եթե համայնքի ղեկավարի թեկնածուների առաջադրման ժամանակ միայն մեկ թեկնածու է լինում: Առանց մրցակցության են լինելու նաեւ Խաչարձանի ավագանու ընտրությունները: Ավագանու 5 տեղի համար գրանցվել է 5 թեկնածու, 6-րդ թեկնածուն՝ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ Լյովա Բուդաղյանը, ինքնաբացարկ է հայտնել: Ավագանու 5 թեկնածուներից 3-ը ՀՀԿ անդամ է, 2-ը՝ անկուսակցական:
Ինչ վերաբերում է Հովք համայնքին, ապա այստեղ գրանցվել են 1996 թվականից այդ համայնքը ղեկավարող, ՀՀԿ անդամ, 60-ամյա Յուրիկ Ցուգունյանը եւ գյուղի դպրոցի ուսուցիչ, ՀՅԴ անդամ, 33-ամյա Գրիգոր Գեւորգյանը: Ավագանու 5 տեղի համար գրանցվել է 6 թեկնածու, 7-րդ թեկնածուն՝ ՀՀԿ անդամ, ոչ մի տեղ չաշխատող 52-ամյա Ռազմիկ Ջումայանը, ինքնաբացարկ է հայտնել: Հովքի ավագանու 6 թեկնածուներից 3-ը ՀՀԿ անդամ է, 3-ը՝ անկուսակցական:

 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՀԱՑԱԴՈՒԼ ԿԱՆԻ

Երեկ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ 22-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով դատական նիստը դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ: Սույն գործով մեղադրյալ Դավիթ Թամրազյանը դատարանում հայտնեց, որ նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը, եւ դա արել է ճնշումների ներքո: Ըստ նրա՝ իր նկատմամբ բռնություն է կիրառել ոստիկանության պետի տեղակալ Մեխակյանը՝ ստիպելով ցուցմունքում գրել, թե իբր ինքը սատանիստ է:
Ինչեւէ, այս գործով դատական նիստը նշանակվել է ապրիլի 8-ին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալի ընտանիքի անդամները երկար ժամանակ բնակարանից դուրս չեն եկել: Նրանք իրենց անվտանգության ապահովության համար անգամ վաճառել են բնակարանը: Ավելին՝ տեղեկություններ կան, որ Մարիամին սպանողը ձախլիկ է եղել, մինչդեռ Դավիթն աջլիկ է:
Մեզ հասած տեղեկություններով՝ Դավիթը հայտարարել է, որ եթե ամեն ինչ այս կերպ շարունակվի, ինքը հացադուլ կհայտարարի:

 

ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ

Հայտնի «բանդայի» գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի զոքանչը` Իռա Դավթյանը, իր փեսայի ծեծի գործով պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նա: «Մինչ «բանդայի» գործով դատավարությունը գնում է, իմ փեսայի դաժան ծեծի մասով դիմել էի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որ քրեական գործ հարուցեն, սակայն դատարանը մերժեց մեր հայցը, ու հիմա դիմել եմ Վճռաբեկ դատարան: Արդեն բավական երկար ժամանակ է անցել, սակայն որեւէ նորություն չունեմ եւ ոչ մի ակնկալիք էլ չունեմ: Իրենց թող չթվա, որ այստեղի դատարաններով եմ բավարարվելու, գնալու եմ մինչեւ վերջ»,-վստահեցրեց տիկին Իռան` հավելելով, որ իր փեսային դաժան ծեծի է ենթարկել Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը:

 

100 ԶՈՀ ԿԻԵՎՈՒՄ

Ամերիկյան CNN հեռուստաընկերության հաղորդմամբ` երեկ Կիեւում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումների արդյունքում զոհվել է 100 մարդ: Ցուցարարների վրա կրակ են բացել հատուկջոկատայինների դիպուկահարները, թեեւ արձանագրվել են նաեւ ցուցարարների կողմից արձակված կրակոցների կադրեր: Կատարվածից հետո Կիեւի քաղաքապետ Վլադիմիր Մակեենկոն լքել է իշխանական` Ռեգիոնների կուսակցությունը` ի նշան բողոքի: Չնայած մեծաքանակ զոհերին` Մայդանում ցուցարարների թիվը չի նվազել: Երեկ Կիեւ են ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի արտգործնախարարները` ճգնաժամի լուծման ծրագրով: Նրանք Յանուկովիչին առաջարկում են հրաժարական տալ եւ անցկացնել արտահերթ ընտրություններ:




Լրահոս