«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿՆՈՋ ՄԵՋ ԿԱ ՊԵՆԵԼՈՊԵ»
Թատրոնի, հեռուստասերիալների սիրված դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը հիմա զբաղված է թե՛ հեռուստատեսային, թե՛ թատերական մի շարք նախագծերում, նաեւ նորից սկսել է նկարահանվել «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում:
-Շատ լավ է, որ հեռուստասերիալում այս անգամ բացասական կերպար եմ մարմնավորելու. մինչ այդ ինձ տեսնում էին միայն որպես դրական հերոս։ Պիտի փորձեմ ամեն ինչ անել, որ լավ ստացվի։ 1996 թվականից աշխատել եմ Սունդուկյանի անվան թատրոնում, խաղացել եմ հիմնականում դրամատիկ դերեր ու ներկայացումներ, հիմա աշխատում եմ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ չնայած դեռեւս մեծ դերեր չունեմ։ ժանրի կտրուկ փոփոխություն է, տեսնենք, թե սրա տակից ինչպես դուրս կգամ։
-Շեշտակի փոփոխությունների եք գնում. դրականից՝ բացասական հերոս, դրամատիկ դերից՝ կատակերգական, իսկ կյանքում փոփոխություններ չե՞ն կատարվում, արշալույսները խաղա՞ղ են։
-Ցավոք, անձնական կյանքում արշալույսները խաղաղ են, փոփոխություն չկա, եւ ես նորից կարող եմ կրկնել՝ ո՞ւր է իմ տղամարդը։ Երբ այդ ֆիլմում խաղում էինք, այդ հարցն ակտուալ էր. դերասանուհիներից ոչ մեկը ընկեր չուներ։ Այսօր էլ այն ինձ համար ակտուալ է։ Իսկ փոփոխությունները զուտ բեմական են լինելու։ Դերասանի համար միշտ հետաքրքիր են նման փորձարկումները, որպեսզի չմնա մի տեղում, իրեն փորձի տարբեր ժանրերում։ Ինչպես նշեցի, աշխատում եմ երաժշտական կոմեդիայի թատրոնում, իսկ այնտեղ երգելը պարտադիր է, եւ դա էլ ինձ համար որոշակի արգելքի հաղթահարում է նշանակում։ Ինստիտուտում, ճիշտ է, վոկալ սովորել ենք, եւ ես պետական քննությունս գերազանց եմ հանձնել, բայց դրանից հետո երբեւէ չեմ երգել ու հիմա պետք է գնամ վոկալի դասընթացների, որպեսզի ձայնս մի քիչ մշակվի, ամեն ինչ իր տեղը բերեմ, որ կարողանամ այդ ժանրում էլ հանդես գալ։
-«Պենելոպե» մոնոներկայացումը շատ լավ է ընդունվել թե՛ հայ, թե՛ այլազգի հանդիսատեսի կողմից։ Իսկ Ձեր մեջ Պենելոպեից ինչ-որ բան կա՞։
-Այս պահին ամենակարեւորն ինձ համար Կարինե Խոդիկյանի «Պենելոպե» մոնոներկայացումն է, որը ներկայացրել էի «Արմմոնո» փառատոնին, ապա դրանով մեկնել Մոլդովա՝ փառատոնի, որտեղ էլ Սանկտ Պետերբուրգի փառատոնին մասնակցելու հրավեր ստացա։ Ապրիլի 7-ին մեկնելու եմ Սանկտ Պետերբուրգ։ Մոլդովայում կեսն էի խաղում ռուսերեն, իսկ հիմա ներկայացումն ամբողջովին ռուսերեն է լինելու, եւ աշխատում եմ լեզվական արգելքը հաղթահարելու, տեքստը իմը դարձնելու վրա։ Կարծում եմ՝ ոչ միայն իմ, այլեւ յուրաքանչյուր կնոջ մեջ կա Պենելոպե։ Ցավոք, հիմնականում տղամարդիկ հիմա արտագնա աշխատանքի են մեկնում, որպեսզի կարողանան իրենց ընտանիքները պահել, ու մեր խեղճուկրակ կանայք սպասում են իրենց տղամարդկանց։ Ի դեպ, սա մի քիչ ավելի հավաքական կերպար է, ներկայացումն ավելի ժամանակակից է, «Ոդիսական»-ի հետ կապ չունեցող Պենելոպե է։ Ճիշտ է, թեման դա է, բայց բոլորովին այլ կերպ է ներկայացվում, բոլորովին ուրիշ կին է։ Օրինակ` հերոսուհին այսպիսի արտահայտություն է անում՝ այդ փոքրիկ վրեժն արդյոք արժեր քսանամյա իմ սպասումին։ Քսան տարի կինը տառապել-սպասել է ամուսնուն… Այսօր էլ պենելոպեներ կան, բայց ժամանակները փոխվել են. կարող է շատերը չընդունեն, չհասկանան, թե ինչպես կարելի է քսան տարի մի տղամարդու սպասել։
-Դժվա՞ր չէ մոտ մեկ ժամ բեմում մենակ լինելը։
-Արդեն երեւի չորրորդ ներկայացումն է՝ պատվով եմ դուրս գալիս։ Մեկ տարի Հայաստանում չէի բնակվում (տեղափոխվել էի Ռուսաստան), բայց հասկացա, որ դրսում ապրել չեմ կարող, ու երբ հայրենիքս կարոտած` վերադարձա, ինձ մոտ ամեն ինչ փոխվեց. աշխարհայացք, մտածելակերպ… Ու եթե նախկինում պահ էր լինում, երբ մոնոներկայացումը խաղալիս խուճապի էի մատնվում, հոգնում էի, շնչելու ժամանակ չէր լինում, հիմա՝ վերադառնալուց հետո, այդ ներկայացման մեջ ինձ զգում եմ, ինչպես ձուկը ջրում։ Բեմ եմ բարձրանում, ու լարվածությունը, հոգնածությունն իսպառ կորչում են։ Ապրում եմ բեմում. երիտասարդանում եմ, ծերանում, երջանկանում, դժբախտանում… Ներկայացումը դարձել է իմը, այն մի շնչով եմ խաղում։
«ՊԻՏԻ ՆՇԵՆ ԱՂԲՅՈՒՐԸ»
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Թուրքիայի երաժշտական խանութների վաճառասեղաններին է հայտնվել «Երգարան. Կոմիտաս վարդապետի հայերեն, քրդերեն եւ թուրքերեն հավաքածուներից մշակումներ» անունը կրող ալբոմը, որի ստեղծման մեջ ներդրում են ունեցել երաժիշտներ Արամ Քերովբյանը, Մուրադ Այդեմիրը, Արա Դինքջյանը, Մուրադ Իչինալչան, Աշուղ Բինգյոլը եւ այլ երաժիշտներ։ Ալբոմի մեջ կա նաեւ 3 լեզվով՝ թուրքերենով, քրդերենով եւ հայերենով գրքույկ՝ Կոմիտասի կյանքի մասին մանրամասներով եւ նրա լուսանկարներով։ Ըստ «Ակոս»-ի` մինչ այժմ չհրապարակված եւ չգործիքավորած Կոմիտասի ստեղածագործությունների մի փոքրիկ հատվածը մշակելու եւ ալբոմի տեսքով ներկայացնելու գործը նախաձեռնել են Արի Հերգելը եւ Բուրջու Յըդըզը։
Պարզաբանման համար դիմեցինք կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանին, որը մասնավորապես ասաց. «Եթե նման բան են հայտարարում, պիտի նշեն աղբյուրը. որտեղից են վերցրել, ով է բերել, ով է, ասենք, նվեր տվել։ Այդ երգերը գտնվում են Կոմիտասի արխիվում՝ Երեւանում… Թուրքերեն, քրդերեն երգերը հրատարակվել են Հայաստանում՝ 2006 թվականին «Կոմիտաս. երկերի ժողովածու», 14-րդ հատորում, որը կազմել եւ ծանոթագրել է Ռոբերտ Աթայանը։ Սկզբում հայկական աշուղական եւ այլ երգեր են, դրանցից հետո՝ թուրքական, քրդական երգեր եւ նվագներ։ Եվ, ամենայն հավանականությամբ, ալբոմի հեղինակները հենց այդտեղից են վերցրել ու գործիքավորել»։
Ըստ մեր զրուցակցի` նաեւ կասկածելի է, թե որքանով են այդ երգերը թուրքական. «Այդ երգերը թուրքերեն բառերով երգել են Կուտինայի հայերը, որտեղից Կոմիտասն էր, եւ որտեղ նրա պապերի ժամանակ հայերեն խոսելն արգելված էր։ Ավելին, եթե որեւէ հայ հայերեն էր խոսում, լեզուն կտրում էին։ Ընդ որում, դա կարող էր անել ցանկացած թուրք։ Եվ այդպես, Կուտինայի հայությունը, որ եկել էր Գողթան գավառից 1700-ական թվականներին, Կոմիտասի ժամանակ հայերեն արդեն չէր խոսում։ Նրանք մոռացել էին հայերենը, թուրքերեն էին խոսում, եւ Կոմիտասի հայրը, մայրը, հորեղբայրը երգեր են գրել ու երգել թուրքերեն։ Ու Կոմիտասն էլ դրանք գրի է առել թուրքերեն։ Երբ Կոմիտասին բերեցին էջմիածին, նա թուրքերեն էր խոսում»։ Այնպես որ, թուրքական երգերի միայն մի մասը կարող է բուն թուրքական լինել։ Ինչ վերաբերում է քրդական երգերին, ապա դրանք հրատարակվել են շատ վաղուց. «Երբ Կոմիտասը Բեռլինում ուսանող էր, նրա առաջին դասախոսությունը եղել է քրդական երաժշտության մասին։ Նրա կենդանության ժամանակ հրատարակվել են քրդական երգերը, որոնք մինչեւ այսօր համարվում են նրանց լավագույն երգերը։ Դրանք բնույթով լայնածավալ վիպական երգեր են, ինչպես մեր էպոսի երգերը, «Անտունի»-ն, «Կռունկ»-ը»։
Արթուր Շահնազարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնենք «Ժողովուրդ»-ի հաջորդ համարում:
Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԴՈԳՄԱ
«Դոգմա» խմբի վոկալիստ Զառա Գեւորգյանն ու կիթառահար Հենրի Գրիգորյանն իրենց զավակների հետ ընտանեկան մթնոլորտում օրերս նշել են համատեղ կյանքի չորրորդ հոբելյանը: Ռոք երաժիշտների դուստրը` Թենին, 3 տարեկան է, իսկ որդին` Արենը` 5 ամսական: Ռոք երգչուհին երաժշտություն է գրում Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ներկայացումների համար. «Ծուղրուղու» մանկական ներկայացումն արդեն բեմադրվել է, այս պահին նա աշխատում է մեկ այլ բեմադրության երգերի ստեղծման վրա: Ցանկանալով իր ժամանակի մեծ մասը նվիրել փոքրիկներին` Զառան համերգային դադարը մի փոքր էլ կերկարաձգի` առաջիկայում նոր լիցքերով վերադառնալով բեմ:
ԴԵՄ ԵՆ ՀՈՐ ՍԻՐԱՎԵՊԻՆ
Դերասաններ Շոն Պենն ու Շարլիզ Թերոնը միասին են մոտավորապես երեք ամիս, սակայն նրանց կապը արդեն իսկ հասցրել է բացասական գնահատականի արժանանալ շատերի կողմից: Այս անգամ նրանց հարաբերություններին դեմ են Շոն Պենի զավակները` 22-ամյա Դիլանը եւ 20-ամյա Հոփփերը: Վերջիններս ցնծության մեջ չեն այն փաստից, որ Շարլիզ Թերոնն ամեն կերպ փորձում է հաճոյանալ իրենց: Դիլանի եւ Հոփփերի խոսքով` դերասանուհին մշտապես բարձր տրամադրություն ունի, իրեն ուրախ է ձեւացնում եւ միշտ հիմար ու անհաջող կատակներ է անում: Բացի այդ` Շոն Պեննի երեխաներն իրենց հոր նոր սիրելիին անընդհատ համեմատում են իրենց մոր հետ եւ հանգում այն եզրակացությանը, որ Շարլիզը, ի տարբերություն իրենց մոր, ցինիկ է եւ հումորի զգացողությունից զուրկ:
ՍՊԱՆԵԼ ԵՆ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒՆ
«The New York Post»-ը տեղեկացնում է, որ Վենեսուելայում հակակառավարական ցույցի ժամանակ սպանվել է գեղեցկության մրցույթի մասնակից, 22-ամյա մոդել Հենեզիս Կարմոնան: Վերջինս մահացել է փողոցում` հրազենային վնասվածքից: Մոդելը Կարաբոբոյում անցկացված մրցույթում արժանացել էր «Միսս տուրիզմ» մրցանակին: Ընդհանուր առմամբ Վենեսուելայում հակակառավարական ցույցի պատճառով զոհվել է 5 մարդ: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ էլ սպանվել էր նախկին «Միսս Վենեսուելա» Մոնիկա Սպիրին: