ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

 

Լուսանկարն արվել է «Երեւան Մոլ»-ում

Պարզվում է` երեկ Սերժ Սարգսյանը բավականին հագեցած գրաֆիկով է աշխատել. նա մասնակցել է «Երեւան Մոլ» առեւտրի եւ զվարճանքի ու «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բացումներին: Այն, որ նա մասնակցել է ԲԿ-ի բացմանը, դեռ մի փոքր հասկանալի է: Բայց որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ներկա է գտնվում ինչ-որ սուպերմարկետի բացման արարողությանը, համաձայնե՛ք, որ «սիրուն չէ»: Եվ ցավալի է, որ մեզանից գրեթե ոչ ոք չի կարող հիշել, թե Ս. Սարգսյանը քանի աշխատատեղ է բացել կամ քանի բացման արարողություններից է հրաժարվել:

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի ամսական չափն ինչքա՞ն է կազմում, եւ, ընդհանրապես, ինչպե՞ս է այն հաշվարկվում։

Ռուբեն Գալստյան (43 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համաձայն «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի` ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 2000-պատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ: Բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար ելակետային տվյալ է համարվում ավտոմեքենայի բեռնատարողությունը՝ արտահայտված տոննաներով, իսկ ուղղիչ գործակիցները կապված են գոտիականության հետ:
ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն` որքան տվյալ ավտոմեքենայի բեռնատարողությունը մեծ լինի, այնքան վերջինիս վարորդն ավելի մեծ գումարներ է ծախսելու։

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչով են պայմանավորված ՀՀ դրամի փոխարժեքի տատանումները:

Ալեքսան Մկրտումյան (32 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի եւ դրանց փոփոխությունների ազդեցության ներքո: Եթե արտահանման աճի կամ կապիտալի ներհոսքի հետեւանքով տվյալ ազգային արժույթի շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը, ազգային արժույթի դիրքերն անհրաժեշտաբար ամրապնդվում են: Համապատասխանաբար, ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը: Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող են փոփոխվել նաեւ մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են, մասնավորապես, կառավարության ծախսերը, Կենտրոնական բանկի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձեւավորվող սպասումները: Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել բավականին տեւական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով (օրինակ` կայուն տնտեսական աճով պայմանավորված ազգային արժույթի արժեւորումը), կարող է կրել սեզոնային բնույթ (երբ, օրինակ, ներմուծման ու արտահանման սեզոնները տարբեր են), եւ կարող է լինել կարճաժամկետ, երբ այն կարճաժամկետ գործոնների (օրինակ՝ կարճաժամկետ ֆինանսական ներհոսքի կամ արտահոսքի) ազդեցության արդյունք է:
ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տեղեկատվության համաձայն` վերջին 16 ամսում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ բարձրացել է 33, իսկ եվրոյի նկատմամբ՝ 17%-ով: Իսկ 2003-ի վերջին 1 դոլարն արժեր 580 դրամ, մինչդեռ այսօր այն 405 դրամ է:

 

 
ՀԱՐՑ. Եթե օրենքով նախատեսված չէ նոտարական վավերացում կատարել, ապա նոտարը կարո՞ղ է հաստատել պայմանագիրը, թե՞ ոչ: Խնդրում եմ ասել, եթե վարձակալության պայմանագիրը ժամանակին վավերացվել է մի նոտարի կողմից, կարո՞ղ եմ այդ պայմանագրում փոփոխություն կատարելու համար դիմել մեկ այլ նոտարի:

Ռուզաննա Մանուկյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Մանուկյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ նոտարը վավերացնում է այն գործարքները, որոնց համար օրենքով նախատեսված է պարտադիր նոտարական ձեւ: Սակայն կողմերից մեկի պահանջով նոտարը կարող է վավերացնել եւ այլ գործարքներ, անգամ եթե օրենքով տվյալ տեսակի գործարքի համար նոտարական ձեւ չի պահանջվում:
Գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու վերաբերյալ գործարքները վավերացնում է հիմնական գործարքը վավերացրած նոտարը:
ՀՀ նոտարական պալատ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն` 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին վավերացվել է անշարժ գույքի օտարման ավելի քան 24,2 հազար համաձայնագիր, որը 2,8 հազարով պակաս է 2012թ. ցուցանիշից: Նշված ժամանակահատվածում բնակարանի օտարման մոտ 14,0 հազար գործարք է կայացել, որը 1,5 հազարով (9,7 տոկոսով) պակաս է դրան նախորդող տարվա նույն հատվածի ցուցանիշից: Ավելացնենք, որ բնակարանների օտարումների գործարքների թվում գերակշռում են առքուվաճառքի գործարքները:




Լրահոս