ԶՈԼՅԱՆԻՆ ԶՈԼԱՎՈՐ ՀԱԳՈ՞ՒՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը կասեցնելու է նախարարի երեկվա ստորագրած հրամանը: Նշենք, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ հրաման է ստորագրել` «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար, ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008-ի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, որի համար հիմք են ծառայել ՀՀ ԿԳ նախարարի 2012-ի ապրիլի 6-ի թիվ 160-Ա եւ 2012-ի ապրիլի 17-ի թիվ 173-Ա հրամանները:
«Ժողովուրդ»-ը փորձեց Սուրեն Զոլյանից հետաքրքրվել, թե արդյոք ճիշտ է վարվել ԿԳ նախարարը` իրեն աշխատանքից հեռացնելով. «Ինձ չեն հեռացրել, որովհետեւ ես կասեցրել եմ նախարարի հրամանը` որպես օրենքին հակասող փաստաթուղթ»:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան պատին այդ առիթով երեկ թեժ քննարկումներ էին ընթանում: Օգտատերերից մեկը` Արտակ Ավետիքի Պողոսյանը, հետաքրքրվում  էր. «Կարո՞ղ ա  Զոլյանին զոլավոր հագուստ է սպասվում»: Իսկ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը գրել էր. «Վայ…»: Մենք փորձեցինք պարոն Սաֆարյանից հետաքրքրվել, թե «վայ»-ն ինչ «վայ է». լա՞վ է, որ հեռացրին, թե՞ վայ ինչ վատ էր, որ այդպես ստացվեց. «Չէի  սպասում, որ այդպիսի հանգուցալուծում կլինի, որովհետեւ այդքան ուշադիր չեմ հետեւել նրանց կոնֆլիկտին: Բացարձակ անսպասելի էր «Ֆեյսբուք»-ում տեսնել նախարարի գրառումն այն մասին, որ, ըստ էության, Զոլյանն ազատված է ռեկտորի պաշտոնից: Վայը զարմանալու նշան էր»:
ՀՀ ԿԳ նախարարը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում երեկ` երեկոյան, հայտարարությամբ հանդես եկավ, որում ասված էր. «Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը չի լուծարվելու: Համալսարանի եւ ոչ մի ուսանող չի տուժել եւ չի տուժելու, դասերը, ստուգարքները, քննությունները շարունակվելու են սովորական ռեժիմով: Այս տարվա շրջանավարտները կստանան իրենց հասանելիք դիպլոմները: Դիպլոմում սխալ մասնագիտական գրառմամբ ոչ մի նախկին շրջանավարտ անհանգստանալու կարիք չունի: Մեր մեղքն է, որ այդ խախտումն ուշ է հայտնաբերվել, եւ ոչ թե ձեր»: Նա նաեւ նշել է, որ հարցը քաղաքական ենթատեքստ չունի: «Հարգում եմ Ս. Զոլյանի մասնագիտական կարողություններն ու վաստակը, ցավում եմ իր անվայելուչ ու հայ մտավորականին ոչ հարիր պահվածքի համար: Ինձ համար չկան արտոնյալ պայմաններում աշխատող մարդիկ: Կան պետություն, օրենքներ, ՀՀ քաղաքացիներ: Ս. Զոլյանն ազատվել է աշխատանքից ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում: Հարցի իրավական մանրամասնությունները պատրաստ ենք ներկայացնել դատարանում»:
Հիշեցնենք, որ վերջերս ԿԳՆ-ի կողմից բացահայտվեց, որ Սուրեն Զոլյանը գոյություն չունեցող մասնագիտության դիպլոմներ է տվել եւ ուսանողներին առանց ակադեմիական տեղեկանքի տեղափոխել է բուհից բուհ:  
Հ.Գ. ԵՊԼՀ ուսանողները մտադիր են այսօր` ապրիլի 18-ին, բողոքի ակցիա իրականացնել` ի պաշտպանություն երեկ աշխատանքից ազատված ռեկտոր Սուրեն Զոլյանի: Առավոտյան՝ ժամը 9:30-ին, նրանք հավաքվելու են ԿԳՆ վարչական շենքի մոտ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս