Ընտրություններում որպես թեկնածու առաջադրված անձինք օրենքով սահմանված կարգով պարտավոր են իրենց ունեցվածքի եւ գույքի մասին տեղեկություններ ներկայացնել: Գյումրու եւ շրջակա գյուղերի 3 ընտրատարածքներն արդեն ստացել են այդ հայտարարագրերը: «Սա արվում է նրա համար, որ պատգամավորության թեկնածուն մինչեւ խորհրդարան մտնելը հրաժարվի գործարար պարտականություններից, եւ ընդհանուր հաշվով, ձեւական բնույթ է կրում: Քանի որ ես չեմ կարծում, որ երբ բիզնեսն ինչ-որ մեկի վրա են գրում, դադարում են դրանով զբաղվելուց»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց թիվ 34 ԸԸՀ-ի նախագահ Էդուարդ Բաղրամյանը:
Թիվ 33 ընտրատարածք ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագրի համաձայն` ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը Երեւանում, Գյումրիում Աշոցքում եւ Ամասիայում ունի տներ, հյուրանոց, վարչական շենքեր: ԱԺ-ում տարեկան աշխատավարձը կազմում է 3.071.000 դրամ: Ունի շահաբաժիններ: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Աղաբաբյանն ունեցել է 200 մլն դրամ եկամուտ: Պատգամավորության թեկնածուն ունի 5 ավտոմեքենա: Նույն ընտրատարածքում առաջադրված ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն ունի 2 բնակարան Գյումրիում, եւս մեկը Երեւանում, նաեւ հողամաս Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: ԱԺ-ում տարեկան աշխատավարձը 3.600.000 դրամ է: Հայտարարագիրը ներկայացնելու օրը Մարգարյանի դրամական միջոցները կազմել են 3.750.000 դրամ: 33 ԸԸՀ-ում առաջադրված ՀԱԿ ներկայացուցիչ Շալիկո Զորյանը հաշվապահ է: Տարեկան աշխատավարձը կազմում է 660.000 դրամ, թոշակը` 444.000 դրամ: Ունի բնակարան Աշոցքում, «Գազ 5204» բեռնատար մեքենա:
Թիվ 34 ընտրատարածքում հայտարարագիր է ներկայացրել պատգամավորության թեկնածու, ԲՀԿ անդամ Մարտուն Գրիգորյանը: Նա Գյումրիում ունի բնակելի տուն, հողամաս, արտասահմանյան մակնիշի 2 ավտոմեքենա: «Տրանս-ակնթարթ» ՍՊԸ-ում բաժնետոմսը կազմում է 50 տոկոս: ԱԺ-ում տարեկան աշխատավարձը 3.401.520 դրամ է: Այս ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ ներկայացուցիչ Արման Սահակյանի հայտարարագրի համաձայն` նա ունի արտադրական տարածքներ Երեւանում, բնակելի տուն Ձորաղբյուր գյուղում, ընդհանուր սեփականություն: Նրա աշխատավարձի չափը «Սովռանո» ՍՊԸ-ում կազմում է 6.000.000 դրամ, ունի նաեւ շահաբաժիններ: ՀԱԿ ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանը Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում ունի հողամաս` 3516 քմ ընդհանուր մակերեսով:
Թիվ 35 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Սամվել Բալասանյանը ունի իր անունով շենք-շինություններ Գյումրիում, հողամաս ու անասնաշենք` Ազատանում: Տարեկան աշխատավարձը ԱԺ-ում 3.800.000 դրամ է, ընդհանուր դրամական միջոցները` հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 7 մլն 500.000 դրամ:
Նախընտրական քարոզչության շրջանում թեկնածուները ԿԸՀ են ներկայացնում նաեւ քարոզարշավի ժամանակ նախատեսվող իրենց ծախսերն ու միջոցները: Երեկ այդ տեղեկությունների ներկայացման կամ նախընտրական հիմնադրամների ձեւավորման առաջին օրն էր:
Գյումրի