Որքան գումար է հավաքվել «Սառցե դույլ»-ի արդյունքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ հիվանդությամբ տառապում է գրեթե 350 հազար մարդ: Այս հիվանդությամբ տառապողներին օգնելու նպատակով մոտ մեկ ամիս առաջ մեկնարկեց «Սառցե դույլ» ակցիան, որը կարճ ժամանակում մեծ մասսայականություն վայելեց: Դրա շնորհիվ հիվանդությամբ տառապող մարդկանց օգնելու նպատակով ստեղծված ֆոնդին մեծ գումարներ փոխանցվեցին:

Նախ նշենք, որ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզն անբուժելի հիվանդություն է, որի ընթացքում կարող է ձեռքերի և ոտքերի փայտացում դիտվել, որն էլ իր հերթին հանգեցնում է անդամահատության: Հիմնականում մարդիկ մահանում են հիվանդության հայտնաբերումից 3-4 տարի անց:

Ակցիայի կանոնները հետևյալն են. իր վրա սառույց «լցրած» անձը պետք է ALS Association բարեգործական ֆոնդին 10 դոլար նվիրաբերի և մարտահրավեր ուղարկի ևս երեք հոգու:  24 ժամվա ընթացքում նրանք պետք է անեն նույնը և ընթացքը տեսանկարահանեն:  Եթե  վերջիններս հրաժարվում են ակցիային մասնակցելուց, ապա պետք է ֆոնդին նվիրաբերեն 100 դոլար կամ էլ անեն թե՛ մեկը, թե՛ մյուսը: Հաճախ կանոնները սխալ են ընդունվում և մարդիկ մտածում են, որ եթե «ջրվել» են, ապա չպետք է գումար նվիրաբերեն:

Անցնենք վիճակագրական տվյալներին. The New York Times պարբերականի տվյալներով, Ice Bucket Challenge ակցիայի մասին հունիսի 1-ից մինչ օգոստոսի 13-ը Facebook սոցիալական ցանցում նշվել է 1,2 մլն անգամ, ևս 2,2 մլն նշումներ եղել են Twitter-ում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 17-ը:

Զանգվածային դառնալուց հետո բարեգործական ֆոնդին օգոստոս ամսվա ընդամենը առաջին երեք շաբաթների ընթացքում փոխանցվել է 41 մլն դոլար: Որպես համեմատություն` նշվում է, թե ամբողջ 2012թ. այդ ֆոնդն ընդամենը 20 մլն էր փոխանցվել: Մոտ 740 հազար մարդ առաջին անգամ էր նվիրաբերում գումար:

Օգոստոսի 21-ին նվիրաբերված գումարը հատեց 50 մլն-ի սահմանը, որից 10 մլն-ը հավաքվել էր հենց այդ օրը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 29-ից օգոստոսի 28-ը ստացվել է 100 մլն դոլար:




Լրահոս