Այսօր կմեկնարկի Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեկնարկում է Հինգերորդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանը: Աշնանային նստաշրջանի օրակարգ է ընդգրկվել 145 հարց և միջազգային 25 պայմանագիր: Իսկ առաջիկա՝ սեպտեմբերի 8-11-ի չորսօրյա նիստերի օրակարգում 125 հարց և միջազգային 23 պայմանագիր է:

Մինչ այդ ներկայացնենք Parliamentmonitoring.am կայքի տվյալներն անցած՝ 5-րդ նստաշրջանի աշխատանքների մասին: Այդ ընթացքում ընդունված օրենքներից 136-ի հեղինակը ՀՀ կառավարությունն է, և միայն 7-ինը` ԱԺ պատգամավորները: Օրինաստեղծ աշխատանքում խորհրդարանի նախաձեռնողականության մակարդակը նախորդ նստաշրջանի համեմատ նվազել է: Եթե 4-րդ նստաշրջանի ընթացքում օրենսդրական նախաձեռնությունների ԱԺ-կառավարություն տոկոսային հարաբերակցությունը 87/13 էր, ապա 5-րդ նստաշրջանում ` 95/5: 

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված 2 արտահերթ նստաշրջանի 9 օրերի ընթացքում խորհրդարանն ավելի շատ օրենք է ընդունել, քան գարնանային ողջ նստաշրջանի 5 ամիսների ընթացքում. 143 օրենքից 77-ն ընդունվել է արտահերթ նստաշրջաններում:

6 տասնյակից ավելի օրինագծեր կառավարությունը համարել է անհետաձգելի, և խորհրդարանն անխտիր բոլորի վերաբերյալ 24-ժամյա ռեժիմով հաջորդ ընթերցումները կազմակերպելու որոշումներ է ընդունել. կառավարությունը որևէ կերպ չի հիմնավորել անհետաձգելի համարելու պատճառները, խորհրդարանը դրանցով չի հետաքրքրվել:

3 տասնյակից ավելի օրինագծեր՝ մի քանի հարյուր էջ ընդհանուր ծավալով, օրենք դառնալու ճանապարհը խորհրդարանում սկսել են հունիսյան արտահերթի առաջին օրը (հունիսի 18) և 4-րդ օրն արդեն դարձել են ընդունված օրենքներ:

Ամենավիճահարույց օրենսդրական փաթեթները` կուտակային կենսաթոշակների (11 օրինագիծ) և շրջակա միջավայրի (3 օրինագիծ) մասին, բոլոր 3 ընթերցումներն անցել են ռեկորդային կարճ ժամանակահատվածում ՝ մեկ օրում: 

Նստաշրջանի ընթացքում ընդունվել է մեկ օրինագիծ, որի տակ ստորագրել են խորհրդարանական բոլոր խմբակցությունները (Ազգային ժողովում գլխավոր դատախազի հաղորդում ներկայացնելու ընթացակարգի մասին), իսկ պատգամավորների նախաձեռնությունների արդյունքում նստաշրջանի ընթացքում ընդունված բոլոր 7 օրենքների հեղինակները հանրապետականներն են` միայնակ կամ այլ խմբակցությունների հետ:




Լրահոս