ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԱՐՑԱԽ
Այսօր ԼՂՀ անկախության օրն է. 23 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Ղարաբաղի բնակչությունն ընտրեց իր երկրի զարգացման ուղին: ԼՂՀ անկախությունը կայացած փաստ է: Բայց մյուս կողմից՝ այս պետությունը ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելու պատճառով, շարունակում է մնալ չճանաչված պետությունների շարքում: Ավելին՝ ժամանակին ՀՀ իշխանությունները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ԼՂՀ-ին դուրս թողնելով բանակցային գործընթացից, զրկեցին միջազգային հանրության մոտ որպես սուբյեկտ հանդես գալու հնարավորությունից: Սա, խոստովանենք, ԼՂՀ անկախությանը հասցված ամենամեծ հարվածներից մեկն է: Մինչ այդ, երեկ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, թե սեպտեմբերի 4-5-ը տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը, որին մասնակցելու հնարավորություն ունեն նաեւ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը: Ավելին, Ուորլիքի խոսքերով՝ հնարավոր է՝ այդ ժամանակ կազմակերպվի նրանց հանդիպումը ԼՂ խնդրի շուրջ բանակցելու համար: Առայժմ, սակայն, Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել Ս.Սարգսյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, թե ոչ: Նշենք, որ 2010 եւ 2012թթ. նա չի մասնակցել այդ միջոցառմանը:
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը շարունակում է հետաձգվել: Օրեր առաջ՝ օգոստոսի 18-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել էր, թե ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն աշնանը կգա Հայաստան, նույնիսկ այցի հստակ ժամկետն էր մատնանշել՝ սեպտեմբերի 8-9-ը: Բայց պարզվում է՝ Մեդվեդեւի այցը չեղյալ է համարվել: Երեկ Հ.Աբրահամյանն ասել է, թե Մեդվեդեւի այցը Հայաստան նախատեսված էր ԵՏՄ վարչապետերի ընդհանուր այցի շրջանակներում, սակայն կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղափոխվել է նախագահների գործունեության դաշտ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նախատեսված էր՝ Մեդվեդեւի այցի ժամանակ ստորագրել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը: Բայց քանի որ փաստաթղթի ստորագրումը հերթական անգամ հետաձգվում է, Մեդվեդեւի այցն էլ չի կայանա: Մինչ այդ, սրվել են հարաբերությունները ԵՏՄ անդամ երկու երկրների ղեկավարների՝ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի եւ ՌԴ նախագահ Պուտինի միջեւ. Նազարբաեւը սպառնացել է լքել ԵՏՄ-ն:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը գործող իշխանությունների հետ սկսել է բանակցություններ վարել: Ըստ ամենայնի, իշխանություններն այժմ փորձում են Քառյակից «պոկել» ՀՅԴ-ին, հատկապես որ Դաշնակցությունը միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ սահմանադրական բարեփոխումների մասով դրական է արտահայտվում: Ըստ մեր տեղեկությունների՝ նույնիսկ ՀՅԴ-ին նախարարների պորտֆելներ են առաջարկվել: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Միքայել Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, հերքեց շրջանառվող լուրերը՝ հայտարարելով, որ իրականում նման բան չկա: Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, մեր զրուցակիցն ասաց. «Մենք բարեփոխումներին կողմ ենք մեր տարբերակով, եւ ոչ թե իշխանությունների առաջարկած տարբերակով»:
2010թ. աշնանը ՀՀ կառավարության կողմից 600 հազար եվրոյով գնված «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը պետք է Սեւանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, թփերից ու արմատներից: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ տեխնիկան չի ծառայում իր նպատակին. այն օգտագործում են Սեւանա լճի ափին ամառանոցներ ունեցող պաշտոնյաներն` «իրենց բաժին» Սեւանը մաքրելու համար: Իսկ այն վայրերը, որտեղ պետք է աշխատեր մեքենան, գարշահոտ ճահիճ են հիշեցնում: Պարզելու համար, թե ինչու լիարժեք չի գործարկվում թանկարժեք էքսկավատորը` «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ԺՊ Գրիշա Հովհաննիսյանի հետ: «Նման բան չկա: Դե, ասում են, հիմա շատերը կարող են շատ բան ասել: Դրանք ասեկոսեներ են: Մենք գործ ենք անում: Նույն այդ ասողները թող գան տեսնեն օլիգարխի տուն կա՞ այնտեղ, թե՞ ոչ: Շատ հեշտ է նման բաներ ասել»,-արդարացավ Գրիշա Հովհաննիսյանը:
ԻՆՔՆԱԳՈՎԱՍԱՆԱԿԱՆ
Եվ այսպես, ընդդիմության խոստացած թեժ աշնան նախօրյակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձայլ հարցազրույց է տվել: Թեեւ այս անգամ այդ հարցազրույցն ուներ կոնկրետ առիթ` նախկին նախագահի վաթսունամյա հոբելյանը, որը լրացավ ամռան վերջին օրը: Եվ, թերեւս, նաեւ այդ պատճառով այս անգամ Քոչարյանը յուրային հայտնի լրատվամիջոցին նախընտրել էր ռուսալեզու «Նոեւ կովչեգ» պարբերականը` այդպիսով, թերեւս, նաեւ իր մասին ռուսերենով հիշեցնելու նպատակադրմամբ: Թեեւ կարելի էր ռուսերենով հիշելի դառնար ավելի ռուսական լրատվամիջոցում:
Ինչեւէ. եթե այս դեպքում էլ համարենք, որ կարեւորը ոչ թե ձեւն է, այլ բովանդակությունը, ապա պետք է արձանագրենք, որ այս հարցազրույցի միակ նոր ասելիքն այն էր, որ Քոչարյանը, պարզվում է, ունի գրքասիրության հոբբի….ով կմտածեր: Իսկ մնացած հարցերում նախկին նախագահը հերթական անգամ կրկնում է իր` արդեն տաղտկալի դարձած հիշեցումներն առ այն, թե որքան լավ էինք ապրում իր օրոք:
Այդուամենայնիվ` առանձնացնենք իր տարիքը չզգացող, սակայն միեւնույն է` արդեն ոչ այնքան երիտասարդ թոշակառու նախկին նախագահի մի քանի մտքերը` այդպիսով փորձելով գնահատել նաեւ նրա հնարավոր վերադարձից ոմանց ակնկալիքների իրատեսականությունը: Այսպես. անդրադառնալով երկրի տնտեսության առողջացման համար անհրաժեշտ քայլերին` Քոչարյանը նշում է. «Առաջնահերթություն դարձնել տնտեսության աճն ու աշխատատեղերի ստեղծումը, այլ ոչ թե ամեն գնով բյուջեն լցնելը»: Ինչ խոսք` բյուջեն լցնելու օրախնդրից ավելի մեծ նպատակների հետապնդումը ողջունելի է, սակայն ոչ այնպես, ինչպես դա անում էր Քոչարյանը` մասնավորապես իր հայտնի`40 հազար աշխատատեղեր ստեղծելու խոստմամբ: Ամբողջ երկու տարի ողջ պետական ապարատը լծելով այդ գործին` նա, ի վերջո, հանդիսավորապես հայտարարեց, թե իր առջեւ դրած խնդիրը կատարել է, մինչդեռ իրականում այդ ամենը «բլեֆ» էր: Մի քանի օրով բացված ձեռնարկություններով ու դրանցում «ստեղծված» աշխատատեղերով, բնականաբար, «կովկասյան վագրը» երկար կյանք չէր ունենալու, անգամ եթե չլիներ տնտեսական ճգնաժամը, իսկ կառավարությունն էլ չհանձնվեր Տիգրան Սարգսյանի ապիկար ղեկավարմանը:
Շարունակելով քայլերի թվարկումը` Քոչարյանն ասում է. «Ստեղծել արդար մրցակցային միջավայր բիզնեսի, հատկապես մանրի ու միջինի համար: Դրան հնարավոր չէ հասնել առանց տնտեսության ապամենաշնորհացման եւ ազդեցիկ չինովնիկների ու նրանց մտերիմների ախորժակի զսպման»: Չնայած որ Քոչարյանը պնդում է, թե հրաշալի ինքնազգացողություն ունի, այս հայտարարությունից հետո լուրջ կասկածներ են ի հայտ գալիս: Քանզի միայն հիշողության կորստի դեպքում է հնարավոր առանց ամաչելու նման հայտարարություն անել: Չէ որ Հայաստանի ամենամեծ գործարարներից մեկը իր որդին է: