ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՐՑԸ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը իշխանությունների հետ սկսել է բանակցություններ վարել: Իշխանություններն այժմ փորձում են Քառյակից «պոկել» ՀՅԴ-ին, հաշվի առնելով նաեւ այն, որ ՀՅԴ-ն միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դրական դիրքորոշում ունի: Մեր ունեցած տեղեկություններով՝ անգամ խոսակցություններ են գնում նախարարական պորտֆելների մասին: Կարելի է ասել՝ իշխանություններն ու ՀՅԴ-ն բանակցում են ՀՅԴ-ի՝ կոալիցիա վերադառնալու հարցի շուրջ:

Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը գրել է, ԲՀԿ-ն օրերս ՀՅԴ-ին հանդիպման էր հրավիրել՝ պարզելու, թե սահմանադրական բարեփոխումների հետ կապված, ի վերջո, ինչ դիրքորոշում է որդեգրելու ՀՅԴ-ն: Հանդիպմանը որեւէ հստակ որոշում չէր կայացվել, քանի որ դաշնակցականները հայտարարել էին, թե իրենք այդ հարցը դեռ պետք է քննարկեն: Հանդիպումից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել էր, որ Դաշնակցությունը շարունակում է մնալ իր տեսակետին, իսկ Քառյակում այդ հարցի շուրջ միասնական դիրքորոշում չկա. «Մենք ունենք մեր տեսակետը, որը ձեզ հայտնի է: Բարեփոխումների հայեցակարգը վերջնականորեն կներկայացվի հոկտեմբերին, ահա թե ինչու մեզ համար անհասկանալի է դեմ լինելը գոյություն չունեցող հայեցակարգին: Ավելի լավ է իշխանափոխություն անել համակարգի փոփոխությունից հետո, որովհետեւ հայտնի չէ՝ ընտրություններից հետո ընտրվողը կհրաժարվի նախագահի աթոռից, թե ոչ»:
Ռուստամյանը նաեւ կշտամբել էր ՀՅԴ-ի հասցեին քննադատություն հնչեցնող ուժերին. «Անընդունելի եւ անհասկանալի են քաղաքական այն դեմքերի հայտարարությունները, որոնք դավաճան են համարում սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներին՝ դրանով պառակտում մտցնելով: Այ, դրա մասին պետք է մտածել։ Թշնամանքն ու թույնը ո՞ւմ են պետք»:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՅԴ-ականներից պարզել, թե ինչ բանակցություններ են վարում ՀՀ իշխանությունների հետ: Սակայն մեզ չհաջողվեց զրուցել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի եւ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ, քանի որ վերջիններս մեր հեռախոսազանգերին համառորեն չպատասխանեցին: Նշենք, որ սույն քաղաքական գործիչներն արդեն տեւական ժամանակ է` խուսափում են մեր հարցերից: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ մեկնել է Արցախ: Ի վերջո, մեզ հաջողվեց զրուցել ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Միքայել Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, մենք տեղեկություններ ունենք, որ ՀՅԴ-ն իշխանությունների հետ բանակցություններ է վարում: Խնդրում եմ ասեք, թե որն է այդ բանակցությունների նպատակը եւ ի՞նչ է ցանկանում ՀՅԴ-ն:
-Ի՞նչ թեմայի հետ կապված:
-Մեր տեղեկությունների համաձայն՝ ՀՅԴ-ն կրկին ցանկանում է կոալիցիա կազմել իշխանությունների հետ եւ այդ ուղղությամբ բանակցություններ է վարում: Ընդ որում` այդ ամենի առանցքում սահմանադրական բարեփոխումներն են:
-Սահմանադրական փոփոխությունների հետ կապված մենք մեր օրակարգն ունենք, որն առաջարկել ենք թե՛ Քառյակի շրջանակներում, թե՛ իշխանությունների:
-ՀՅԴ-ն սահմանադրական բարեփոխումների հետ կապված մյուս 3 ուժերի հետ տարաձայնություններ ունի՞: Տեղեկություններ ունենք նաեւ, որ իշխանությունները ցանկանում են բանակցել ՀՅԴ-ի հետ, քանի որ այն միակ ուժն է, որը դրական է արտահայտվում սահմանադրական բարեփոխումների շուրջ: Կա՞ իրականում նման բան:
-Իշխանությունների հետ էլ ունենք տարաձայնություն: Մենք մեր օրակարգն ունենք ու առաջարկել ենք: Երկուսի հետ էլ մենք ունենք տարաձայնություններ` նույն սահմանադրական բարեփոխումների հետ կապված: Մենք բարեփոխումներին կողմ ենք մեր տարբերակով եւ ոչ թե իշխանությունների առաջարկած տարբերակով:
-Բայց իշխանությունը ցանկանում է ՀՅԴ-ին «հեղափոխել», որ ընդունեք նրանց համար ընդունելի տարբերակը:
-Ես նման բան չգիտեմ, դրանից տեղյակ չեմ: Բայց մենք այսօր ունենք մեր տարբերակը եւ առաջարկել ենք, որ մեր տարբերակի շուրջ համախմբվեն բոլորը: Դա է իրականությունը: Ես չգիտեմ, թե ով ինչ է ասում, ես ասում եմ այն, ինչ կա:
-Նշվում է նաեւ, որ ՀՅԴ-ն նախարարական պորտֆելների պահանջ է ներկայացրել իշխանություններին: Ի՞նչ կասեք այդ ամենի մասին:
-Այդպիսի բան չկա:
Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի հետ: Սակայն վերջինս հայտարարեց, թե ինքը որեւէ տեղեկություն չունի: «Դրա համար պետք է զանգահարել Գերագույն մարմնի ներկայացուցչին»,-ուղղորդեց նա: Հարցին, թե ինքն այլեւս որեւէ կապ չունի ՀՅԴ-ի հետ` ասաց. «Շփվում եմ, բայց դրանք լիազորությունների սահման ունեն: Ցտեսություն»:

 

ԱՐՑԱԽ ԵՆ ՄԵԿՆԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Արդեն երեք օր է, ինչ Սերժ Սարգսյանն Արցախում է: Կիրակի օրը նա Արցախի նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ եղել է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում եւ ծանոթացել այնտեղ գործող ձեթի գործարանի աշխատանքներին: Ս. Սարգսյանին ու Բ. Սահակյանին ուղեկցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն ու գրող-հրապարակախոս Զորի Բալայանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մինչեւ սեպտեմբերի 6-ը Սերժ Սարգսյանը ՀՀ-ում չի լինելու:

Երեկ էլ Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն այցելել են Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ եւ ծանոթացել ձեռնարկության աշխատանքներին: Նրանք եղել են նաեւ «Սարտիս» իտալական ֆիրմայի կողմից հիմնադրված «Գրեյթ փարթներշիփ» ընկերության նորաբաց կարի արտադրամասում:
Իսկ այսօր արդեն Սերժ Սարգսյանը կմասնակցի Արցախի անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Հիշեցնենք, որ 23 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախացավ: 1991 թվականին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային եւ Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը, որտեղ ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին եւ գրեթե հարյուր տոկոսով քվեարկեց հօգուտ անկախության:
Լեռնային Ղարաբաղի անկախության տոնին մասնակցելու համար երեկ Արցախ է մեկնել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորների պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀԿ խմբակցության անդամներ Արտակ Դավթյանը, Կարինե Աճեմյանը, ԲՀԿ խմբակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ԱԺ ՀՅԴ խմմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ գրող-հրապարակախոս Զորի Բալայանի հետ՝ պարզելու, թե նա ինչու էր ուղեկցում Սերժ Սարգսյանին` Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղ կատարած այցելության ժամանակ. «Մենք բոլորս եկել ենք Արցախի անկախության 23-րդ տարվա հետ կապված միջոցառումներին մասնակցելու, ամեն տարի ես այստեղ լինում եմ: Ես այս տոնին չեմ կարող Արցախում չլինել»,- պարզաբանեց հրապարակախոսը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 
ԼՈՒՐԵՐ

ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆ

Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Սամվել Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Այսինքն՝ Սարգսյանին աշխատավարձ պետք չէ. նա պատրաստ է անվճար խորհրդատվական ծառայություն մատուցել գործադիրի ղեկավարին: Թերեւս այս փաստը բավարար է՝ հասկանալու, որ Ս. Սարգսյանն ամենեւին պատահական մարդ չէ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նա 2003-2007թթ. եղել է Վայոց Ձորի մարզպետ, իսկ արդեն 2007-2011թթ. այդ մարզից ԱԺ պատգամավոր է ընտրվել՝ լինելով ՀՀԿ խմբակցության անդամ: Ս. Սարգսյանը դասվում է հարուստների թվին: Նա Մոսկվայում գործող «Արարատ Հայաթ» հյուրանոցի սեփականատերն է: Այն հայտնի է որպես ռուսաստանաբնակ մեծահարուստների եւ հայ պաշտոնյաների հավաքատեղի:
Այժմ էլ Սամվել Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ համատեղ «Արարատ Հայաթ» հյուրանոցային համալիր է բացելու Ջերմուկ քաղաքում` «Արմենիա» առողջարանի դիմաց: Այնտեղ այժմ լայն թափով աշխատանքներ են ընթանում, որի պատճառով բազմաթիվ ծառեր հատվեցին, գետի հունը անգամ «կանգնեցվեց», որպեսզի հյուրանոցը գեղեցիկ տեսարաններով հարուստ լինի: Այսքանից հետո, իհարկե, նա պետք է անվճար աշխատի: Ի վերջո, նրան կարգավիճակ է պետք՝ երկրից դուրս ու ներս անելու համար:

 

ՀԱՎԱՔԵԼ ԵՆ ԳՈՒՄԱՐԸ

Իրաքի հյուսիսային հատվածում ծանր վիճակում հայտնված եզդիներին օգնելու նպատակով ՀՀ Արագածոտնի մարզի յոթ եզդիաբնակ համայնքներն այս պահի դրությամբ հավաքել են մոտ 8 հազար ամերիկյան դոլար: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Կանչ համայնքի ղեկավար Մրազ Բշարյանից. «Սրանից հինգ օր առաջ մեր համայնքի այն բնակիչները, ովքեր բնակվում են ՌԴ-ում եւ եվրոպական այլ երկրներում հավաքել էին մոտ 100 հազար ամերիկյան դոլար, որն էլ տեղափոխել են Իրաքի եզդիներին: Այս պահի դրությամբ 7 եզդիաբնակ համայնքների կողմից հավաքված գումարը չգիտենք, թե ինչպես տեղափոխենք Իրաք»: Հիշեցնենք, որ նախորդ չորեքշաբթի «Սինջար եզդիների ազգային միավորում» հկ-ից մի քանի երիտասարդներ մեկնեցին թուրք-իրաքյան սահման՝ Սիլոփի: «Ժողովուրդ»-ը երեկ «Սինջար» հկ-ի նախագահ Բորիս Մուրազիից տեղեկացավ, որ եզդի երիտասարդները մեկ շաբաթվա ընթացքում հավաքել էին ընդամենը 12 հազար ամերիկյան դոլար: Նրանք հավաքված այդ գումարով գնել են վրաններ եւ տրամադրել Թուրքիայում գտնվող փախստական եզդիներին, որոնք քնել են բաց երկնքի տակ: Իսկ Թուրքիայի կառավարությունն էլ եզդի փախստականներին փորձում է ապաստան տրամադրել, դրա հետ մեկտեղ՝ նաեւ ամսական 40 ամերիկյան դոլար:

 

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ

Նախօրեին 58 տարեկան հասակում մահացել է վարդենիսցի ազատամարտիկ Գառնիկ Խչեյանը (Հեբո): Ազատամարտի տարիներին նա մի շարք հիվանդություններ էր ձեռք բերել, ինչի պատճառով էլ վաղաժամ հեռացավ կյանքից: «Ժողովուրդ» օրաթերթի աշխատակազմը ցավակցում է Խչեյանի հարազատներին:

 




Լրահոս